Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ



ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆԲանակային միջազգային ութերորդ խաղերին ընդառաջ Հայոց բանակի տանկային բիաթլոնի թիմն արդեն երկու ամիս է, ինչ վարժանքներ է իրականացնում հանրապետության ամենամեծ զորավարժարանում։

Թիմում ընդգրկված են միայն ժամկետային զինծառայողներ, որոնք մեկամյա ծառայության ընթացքում աչքի ընկած, փորձառություն ունեցող տանկիստներ են։ Սա մեր բանակի որդեգրած սկզբունքն է՝ մրցաշարերի մասնակից դարձնել հատկապես ժամկետայիններին, որպեսզի առավել փորձ ու հմտություն ձեռք բերեն նաեւ մարզական մրցության ժամանակահատվածում։

…Պայմանական մրցուղում տանկերը հաղթահարում են ճանապարհային բարդությունները, անցնում ջրային ավազանի միջով և մարտական հրաձգությամբ ոչնչացնում տարբեր հեռավորությամբ տեղադրված թիրախները։

Վարժությունը հրաձգությամբ ոչ թե ավարտվում, այլ սկսվում է. տանկի ժամկետային մեխանիկ-վարորդը զարգացնում է ռազմական տեխնիկայի ամենաբարձր արագությունը։ Թիրախները դիպուկ խոցելը գերազանց գնահատականի մի մասն է: Նաև կարևոր է երթուղին ժամանակին անցնելն ու մյուս հատվածները վարպետորեն հաղթահարելը։ Արագությունն ու դիպուկ կրակը կարող են թիմին հաղթանակ բերել, հակառակ դեպքում թիմը տուգանային շրջան պետք է անցնի։

Մրցման մեկնող բոլոր խմբերը իրենց տանկերով պետք է կարողանան սեղմ ժամկետում տեղից պոկվել, լիցքավորել, կրակել, անցնել խոչընդոտներով ճանապարհը և բարեհաջող հատել եզրագիծը։

Վերջին երկու ամիսներին մարզումները չեն ընդհատվել: Եվ դրանք լիարժեք մոտեցված են տանկային բիաթլոնի պահանջներին։

Մարզումները կշարունակվեն՝ առավել հմտանալու, տանկի հնարավորություններին ավելի լավ տիրապետելու համար։

Երկու ամսից մեր տղաները կմեկնեն Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարան։ Մարզումները հուլիսի երկրորդ կեսին կշարունակվեն արդեն Ռուսաստանի Դաշնության զորավարժարաններում։

Բանակային միջազգային խաղերն անցկացվելու են օգոստոս ամսին՝ տանկիստների, հրետանավորների, զինագործների, հատուկ նշանակության ջոկատների, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ներգրավմամբ։ Հիմնական մրցաձևերը Ռուսաստանի Դաշնության տարբեր զորադաշտերում կանցկացվեն, մասնակից պետություններից մի քանիսը նույնպես կհյուրընկալեն որոշ թիմերի։ Հայաստանն էլ կհյուրընկալի «Խաղաղության մարտիկ» մրցաձևին մասնակցելու հայտ ներկայացրած թիմերին։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #13 (1435) 08.06.2022 - 14.06.2022, Ազգային բանակ


09/06/2022