Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՄԱ ԿԱՍԵՔ՝ Ո՞Վ Է, Ի՞ՆՉ Է…



Գյուտարար չէ նա, ոչ էլ՝ անվանի գիտնական, բայց նրան ճանաչում են, գիտեն բոլորը։

-Լավ մարդ է,- ասում են նրան ճանաչողները։

Ու նա իրեն լավ է զգում, քանզի հասկանում է, որ հենց այնպես ասված խոսքեր չեն։ Եվ, իրոք, ամեն մարդ չէ, որ արժանի է նման գնահատանքի։ Դիպուկ է ասել մտածողներից մեկը. «Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է»։ Իրո՛ք, դյուրին բան չէ մարդ լինելը, առավել եւս՝ լավ մարդ։ Մեծն Թումանյանի տողերը հիշենք. «Ո՛չ մի պաշտոն, կոչում չկա, որ հավասար լինի ու կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»։

Ինքը նույնպես տասնամյակներ առաջ կարդացել է այս տողերը ու հիմա, երբ փոքր-ինչ վախվորած եկել-անցել է յոթանասունի շեմը, էլի նույն համոզմունքին է մնացել, շարունակ այս գիտակցությամբ է ապրում ու գործում։

Հիմա կասեք՝ ո՞վ է, ի՞նչ է…

♦♦♦

Գուրգեն Հայրապետյանը մեր կողքին ապրող, գրեթե ամեն օր մեզ հանդիպող, շատ անգամ էլ աննկատ անցնող մի սովորական հայ մարդ է, որի «գերագույն» նպատակը շրջապատին օգտակար լինելն է, հիվանդին, կարիքավորին օգնելը, սատար կանգնելը։

Կենսագրական մի քանի տվյալ՝ ծնվել է 1940-ին, ճարտար գյուղում (ԼՂՀ Մարտունու շրջան)։ 1959-62թթ. ծառայել է նախկին խորհրդային բանակում՝ Բելառուսի Պոլուցք քաղաքում։ Զորացրվելուց հետո սովորել ավարտել է Բաքվի կապի էլեկտրատեխնիկումը, ապա՝ Ռիգայի ավտոկռունկավարների դպրոցը։ Չի կամեցել մնալ օտար ափերում։ Եկել է Ղարաբաղ ու չորս տարի Մարտունիում «Շտապ օգնության» մեքենայի վարորդ է աշխատել։ 1968-ին հանգրվանել, տուն-տեղ է դրել Ստեփանակերտում, որտեղ եւ տարիներ հետո երրորդ կարգի ռադիոտեխնիկից բարձրացել-դարձել է ավագ ինժեներ։ Անցել են տարիներ, ու երբ փոթորկվել է Արցախ աշխարհը, 93-ի օգոստոսի 1-ին Սամվել Կարապետյանի հրավերով ու հրահանգով հայտնվել է «Ցոբում»։ Սկիզբ է առել աներկյուղ գործելու, մասնագիտական կարողություններն էլ ավելի վարպետորեն ու մեծ գաղափարի ծառայեցնելու մի նոր պատասխանատու շրջան։

♦♦♦

Ավտոմատ հեռախոսակայաններ է տեղադրել, դաշտային հեռախոսներ պատրաստել, արել հնարավոր ամեն բան՝ զորամասերի միջեւ կապն անխափան պահելու համար։ Ասել է թե՝ հույժ կարեւոր առաքելություն է իրականացրել, ինչը մի յուրօրինակ բավականություն է պատճառել նրան։ Ու թեեւ մարտական առաջին գծում չի մարտնչել, բայց մեծապես օգնել, օժանդակել է զորամասի քաջարի տղաներին՝ կռվելու, հաղթելու։

Բայց թե ինչպիսի փորձություններ, մաքառումներ, անելանելի վիճակներ, դառնության ու տրտմության պահեր է հաղթահարել Գուրգենը, թերեւս միայն իրեն է հայտնի։ Ուստիեւ զարմանալի չէ, որ նույնիսկ հիմա մի անբացատրելի տագնապով, բայցեւ անթաքույց հպարտությամբ հիշում է այն դժվարին, օրհասական ժամանակները, երբ զօր-գիշեր հերթապահում էր գնդում։ Առանձնակի սիրով ու ակնածանքով է խոսում համատեղ ծառայության ընկերների՝ ենթասպա Վաղինակ Ավետիսյանի, շարքայիններ Վալերի Սիմոնյանի, Գուրգեն Օհանյանի, կապիտանի ուսադիրներ կրող, բանաստեղծ Արիս Գրիգորյանի մասին… Նրանց մասին, ովքեր չկան… Հպարտանում է իր միակ Գարիկ որդով, որը նույնպես հավասարը հավասարի ծառայել է իր հետ եւ այժմ աշխատում է զինկոմիսարիատում։

Հիշում է, կարոտում…

Հիմա շատ բան է փոխվել, ինչ-ինչ բաներ էլ մոռացվել են… Միայն ինքն է նույնը մնացել. ազնիվ ու շիտակ՝ իր օջախին, իր հայրենի եզերքին առաջվա պես անսահման նվիրված։

Եվ այս ամենի փայլուն առհավատչյան՝ մի քառատող նրա իսկ «Իմ քնարը» գրքույկից.

Հայրենի օջախ, իմ սուրբ օթեւան,

Կարոտի, հույսի, սիրո օրորան,

Թեկուզ հեռացել, օտար եմ դարձել,

Ուր էլ գնացել՝ քեզ չեմ մոռացել…

♦♦♦

Այո՛, Գուրգեն Հայրապետյան անուն-ազգանունով մարդը, վաստակած հանգստի անցած քաղաքացին այժմ էլ ապրում է ժամանակի շնչով, գալիք օրերի նկատմամբ աներեր հավատով, իրեն հատուկ լավատեսությամբ՝ սակայն երբեք չանտեսելով մոտ անցյալի պատմական դասերը, որը արցախցին լավ է սերտել։

Եվ նույն պահին էլ նա հիմնավորում է իմ այդ մտածումները.

-Երբ պայթեց, փոթորկվեց Արցախյան շարժումը, լավ հիշում եմ, ադրբեջանցիները, նրանց իշխանավորները հոխորտացին. ղարաբաղցինե՛ր, կրակի հետ մի խաղացեք, դուք մեր բանակի համար մի քանի օրվա կերակուր եք, մենք հսկայական բանակ ունենք ձեր սահմաններին կանգնած, եթե այդ բանակը պոկվի տեղից, դուք չեք դիմանա, ձեր Ղարաբաղը կդառնա համատարած գերեզմանոց, եւ հետագայում ոչ ոք չի հիշի, որ աշխարհում Ղարաբաղ է եղել, ղարաբաղցի հայեր են եղել։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Բոլորս գիտենք։ Եղավ այն, ինչ լինում է նման դեպքերում։ Իր հողի, իր արժանապատվության համար կռվողը հաղթեց մի կռվում, որը ոչ թե ինքը, այլ զավթիչն էր սկսել, բայց ո՛րը իր կռիվն էր, իր ազատագրական կռիվը… Եվ ահա քանի տարի է՝ Արցախը ազատ, անկախ, ինքնուրույն պետություն է, հայկական կայացած պետություն։ Ու այս ամենը՝ մեր արծիվ տղաների անկոտրում կամքի, զորեղ բազկի ու անպարտելի զենքի շնորհիվ։ Այսպես է եղել։ Ու այսպես էլ պիտի լինի։ Արյամբ շաղախված հողը այսօր ավելի է քաղցրացել։ Ասել է թե՝ ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի դիվանագետ, ոչ մի իշխանավոր իրավունք չունի Ղարաբաղի հարցը լուծել առանց ղարաբաղցիների կամքը հաշվի առնելու։ Աշխարհը պիտի ճանաչի Ղարաբաղի ինքնուրույնությունն ու անկախությունը։ Եվ ոչ ոք իրավունք չունի տարբերություն դնելու Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Չկա Ղարաբաղ առանց Հայաստանի։ Չկա Հայաստան առանց Ղարաբաղի։ Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ։ Եվ այդ ժողովուրդը սխալվելու իրավունք չունի այլեւս…

♦♦♦

Այսօր էլ պահեստազորի կապիտան, ռադիոտեխնիկ, կապի ինժեներ Գուրգեն Հայրապետյանը, որը թեեւ առաջացած տարիքում է, միանգամայն առույգ է եւ ուղիներ է որոնում մի նոր բան ավելացնելու իր արածին՝ իր երկրի շենացմանը գոնե աննշան չափով նպաստելու համար։ Ու, որ պակաս կարեւոր չէ, իր երեք զավակների (Կարինե, Գայանե, Գարիկ), իր թոռնիկների (վեց տղա, մեկ աղջիկ) օջախները չարիքից ու փորձանքից հեռու պահելու, խաղաղ տեսնելու համար։

Ամենակարեւորը. տակավին այն համոզման է, որ մարդ արարածը աշխարհ է գալիս արարելու, մի բան ստեղծելու, ասել է թե՝ բարի անուն թողնելու համար։

Հիմա՛ կասեք՝ ո՞վ է, ի՞նչ է…

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
գյուղ Մեծ Թաղեր, Հադրութի շրջան

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ճակատագրեր


28/12/2011