Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ԻՄ ԿՈՐՈՒՍՏՆ ԻԶՈՒՐ ՉԼԻՆԻ



...ՈՐ ԻՄ ԿՈՐՈՒՍՏՆ ԻԶՈՒՐ ՉԼԻՆԻՀայկի դեմքը ծածկված է, դիմագծերը չեմ տեսնում: Գլուխը հակել, թաղել է մոր գրկում: Հաղթանդամ է, թիկնեղ, բարձրահասակ:

-Տղաս երկու մետր բոյ ուներ,- ասում է մայրը,- ու ոտից գլուխ խիղճ էր: Փողոցում մի անտեր շուն, սոված կատու տեսներ, կերակրում, խնամում էր: Խեղճերի, թույլերի, տկարների պաշտպանն էր: Իմ տղայի համար ուրիշի ցավ չկար, հարազատի պես օգնության էր հասնում անծանոթ մարդկանց: Ես ապշած էի մնացել, թե ինչքան մարդ հավաքվեց տղայիս բանակ ճանապարհելու՝ ջահելներ, փոքրեր, տարիքով մարդիկ: Էս ովքե՞ր են, այ բալա՝ հարցնում էի զարմացած: Իմ ընկերներն են՝ ասում էր՝ պայծառ ժպտալով:

…Ես ուզում եմ տեսնել Հայկի դեմքը:

-Լուսանկար տվեք, որտեղ Հայկի դեմքը երևում է,- ասում եմ Արմինեին: Արագ-արագ փնտրում է, հետն էլ պատմում:

-Հայկս շատ սիրուն էր: Պատկեր էր: Հարցնում էի մարդկանց՝ ի՞նձ է թվում, թե՞ իսկապես տղաս այդքան սիրուն է: Ասում էին՝ սիրուն է, շատ սիրուն է: Դպրոցում  լավ էր սովորում: Մասնակցում էր տարբեր առարկաների օլիմպիադաներին՝ մաթեմատիկայի, հայերենի, գրականության…Հայկիս շարադրությունները մրցանակներ էին շահում: Համադասարանցիների, ուսուցիչների սիրելին էր: Նրա կեցվածքում, դեմքին էությունից եկող ինչ-որ վեհություն կար, արժանապատվություն, իմաստուն հանդարտություն…

-Հայկի կենսագրության մեջ գրված է, որ գյուղատնտեսական ակադեմիայում է սովորել: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը:

-Դա իր ընտրությունը չէր.  Հայկս զինվորական էր ուզում դառնալ, եւ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ տղաս բառացիորեն վարակվեց Նժդեհով: Անընդհատ վերընթերցում էր, ասում էր՝ ամեն անգամ կարդալիս նորովի եմ ընկալում: 5-6-րդ դասարանում էր սովորում, ասում էր՝ մամ, մեր պատմական Հայրենիքը պիտի ազատագրենք: Կարդում էր ու կարդում՝ պատմական, գեղարվեստական գրքեր, գիտական աշխատություններ:

Մի անգամ հարցրեց՝ մամ, մեր գերդաստանից քանի՞ հոգի է կռվել Արցախյան ազատամարտի ժամանակ, քանի զոհ ենք ունեցել: Ասացի՝ իմ հորեղբայր Աբո պապին է կռվել միայն, զոհ չենք ունեցել: Գլուխը բռնեց, ասաց՝ մամ, ի՜նչ ամոթ, ընդամենը մեկ հոգի: Խայտառակ եղանք: Ընտանիք կա՝ 2-3 զոհ է տվել Արցախի ազատագրության համար, մեր երկու կողմի գերդաստանը՝ մեկ կռվող, ու ոչ մի զոհ: Ի՜նչ ամոթ:

…Ես իրականացրի տղայիս երազանքը. 15 տարեկանում նրան տարա Արևմտյան Հայաստան:  Մզկիթ դարձած Առաքելոց եկեղեցու մոտ չկարողացավ զսպել իրեն՝ լաց եղավ երեխայի պես: «Առաջին անգամ եմ տեսնում, որ 15 տարեկան տղան այսպես  սիրի իր Հայրենիքը, այսպես զգա իր ժողովրդի ցավը»,- ասաց մի պապիկ, տեսնելով Հայկիս  ապրումները:

-Ինչո՞ւ ռազմական համալսարան չդիմեց:

-Հայրը թույլ  չտվեց, արգելեց: Ասաց՝ ինչ մասնագիտություն ուզում ես ընտրիր, միայն ՝ ոչ զինվորական: Տղաս էնպես կոտրվեց, որ ասաց. «Եթե ռազմական համալսարան չեմ դիմելու, ինձ համար արդեն միևնույն է, որտեղ ասեք, այնտեղ էլ կսովորեմ»: Ես տեսա՝ շատ է տանջվում, ասացի՝ Հայկ ջան, գնա բանակ, ծառայի, վերջում եթե կուզես, չես զորացրվի, կշարունակես ծառայությունդ, զուգահեռ՝ ռազմական կրթություն կստանաս: Ո՜նց ոգևորվեց:

...ՈՐ ԻՄ ԿՈՐՈՒՍՏՆ ԻԶՈՒՐ ՉԼԻՆԻՄենք ուզում էինք ընտանիքով Լեհաստան տեղափոխվել, բայց Հայկս չեկավ: Ասաց՝ ես բանակ եմ գնալու: Ստիպված՝ մենք էլ չգնացինք: Սպասում էր, թե երբ է զինվորական համազգեստ հագնելու: Հզոր զինվոր էր, նայելուց չէիր կշատանա: Էնքան երջանիկ էր զգում իրեն բանակում, էնքան գոհ էր:

Ես վստահ էի, որ շուտով սպայական ուսադիրներ է կրելու:

-Որտե՞ղ էր ծառայում:

-Հադրութում: Երբ պատերազմն սկսվեց, 3 ամսվա զինվոր էր: Զանգում, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Հոկտեմբերի 14-ին վերջին անգամ զանգեց: Հետո տասը ամիս մենք բառացիրորեն դժոխքում էինք ապրում: Մեկ ասում էին՝ թաքստոցում է, մեկ ասում էին՝ գերություն մեջ է: 10 ամիս անց իմացանք, որ ԴՆԹ հետազոտությամբ գտել են Հայկիս: Մասունքերը ամփոփեցինք ընտանեկան գերեզմանատանը:

-Չասացի՞ն,թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է զոհվել:

-Մի զինվոր պատմեց, որ Հայկը իրեն իջեցրել է, հասցրել վիրավորներին ռազմադաշտից հանող մեքենայի մոտ, ասել՝ այս զինվորին էլ տարեք հետներդ, վիճակը լավ չի: Ու ինքը տեսել է, թե ինչպես հետդարձի ճանապարհին անօդաչուն խփեց տղայիս… Հրամանատարներից մեկն էլ ասել էր՝ Հայկը բացառիկ զինվոր էր: Երբ նրա մորը տեսնեմ, ձեռքերը չէ, ոտքերն եմ համբուրելու. Հայկը կարող էր մի ամբողջ գունդ մարտի տանել:

…Օր չկա, որ Հայկիս ընկերները չգան մեր տուն:  Փոքր տղայիս՝ Էդիկին, թևութիկունք են: Երբ Հայկս գնաց պատերազմ, Էդոս 5 տարեկան էր: Հայկիս ընկերները ամեն ինչ անում են, որ Էդոս իրեն անպաշտպան չզգա: Տղաս անընդհատ հարցնում է եղբոր մասին, նրա կերպարով է ապրում: Հպարտանում է, ուզում է նմանվել եղբորը: Արդեն բանակից է խոսում:

-Իսկ Դուք ուզո՞ւմ եք, որ եղբորը նմավի:

-Ես ուրիշ բան եմ ուզում: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ մի պահ մտածի, զգա…սրտով զգա, թե ես ու իմ նմանները ինչ ահռելի ցավ ենք կրում մեր սրտում: Գիտակցի մեր կորստի ահռելի չափերը: Ես ամեն զանգից վեր եմ թռչում, ամեն անգամ դուռը բացելիս մտածում եմ՝ Հայկս ներս կմտնի: Համոզված եղեք՝ նույն ապրումներն ունեն բոլոր նրանք, ում զավակներից մասունքեր են մնացել: Ես մինչև սրտիս վերջին զարկը սպասելու եմ տղայիս:

-Իսկ մենք Ձեր ցավն զգալուց, Ձեր առաջ խոնարհվելուց զատ, ի՞նչ կարող ենք անել:

-Իմ առաջ մի խոնարհվեք, այնպես արեք,  որ իմ կորուստն իզուր չլինի…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #14 (1436) 15.06.2022 - 21.06.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


17/06/2022