ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽ Է
Հանրապետության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում եռուզեռ է: Հերթով, կարգով բանակ են մեկնում զորակոչիկները: Թիվ 4 տարածքային ստորաբաժանման բակը մարդաշատ է, առաջին խումբը պատրաստ է անցնել ծառայության: Նշված ժամին երիտասարդները ներկայացել են, կատարվել են ընթացակարգով սահմանված անհրաժեշտ գործողությունները: Հավաքվել են նաև տղաներին ճանապարհող հարազատներն ու ընկերները: Հուզմունք, ուրախություն, հպարտություն, ոգևորություն` զգացմունքները միախառնվել են: Ներկաներին է դիմում թիվ 4 տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Աշոտ Հակոբջանյանը: Նա շնորհավորում է տղաներին Հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մաղթում խաղաղ ու անվտանգ ծառայություն, հորդորում պատվով կրել զինվորական համազգեստը:
Անհրաժեշտ փաստաթղթերը լրացված են, ժամանակն է մեկնելու: Հարազատներն իրենց մաղթանքներն են հղում բոլոր տղաներին, հրաժեշտ են տալիս: Անվանացանկի համապատասխան` զորակոչիկները նստում են ավտոբուսները: Քիչ հետո արդեն նրանք հանրապետության կենտրոնական հավաքակայանում են: Այստեղ մի քանի հետազոտություն էլ է անցկացվում. բժշկական հանձնաժողովը պետք է վստահ լինի, որ բանակ են գնում ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդներ: Այնուհետև զորակոչիկներն ստանում են անձնական պայմանական համարներով անվանապիտակներ, դասակարգման տարբերանշաններ՝ վիճակահանությանը մասնակցելու համար: Քիչ անց զորակոչիկներին դիմավորում է համապատասխան մասնագետներով համալրված հանձնաժողովը: Սկզբում նրանց նախնական տեղեկություններ են տրամադրում զինծառայողների իրավունքների վերաբերյալ, պարզաբանում են ծառայության առանձնահատկությունները: Զրույցների ընթացքում որոշվում է յուրաքանչյուրի` այս կամ այն զորատեսակում ծառայելու նպատակահարմարությունը:
Ամեն ինչ պատրաստ է ծառայության վայրի ընտրության գործընթացն սկսելուն: Ծնողները վիճակահանությանը հետևում են տարածքային ստորաբաժանումներում առցանց հեռարձակմամբ: Տղաները հերթով մոտենում են համապատասխան թմբուկին, հանում զորամասի համարը, բարձրաձայն արտաբերում և թուղթը պահում տեսանելի տարբերակով: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է:
Ճաշի ժամ է: Զորակոչիկները թարմ, համեղ, բարձր կալորիականությամբ սնունդ են ընդունում: Իսկ դրսում նրանց արդեն սպասում են տարբեր ուղղություններով զորամասեր մեկնող ավտոբուսները: Շուտով նրանք կսկսեն իրենց արժանապատիվ ծառայությունը հանուն մեր երկրի անվտանգության, մեր ժողովրդի խաղաղ առօրյայի ապահովման:
…Զրուցում եմ տղաների հետ, փորձում պարզել նրանց տրամադրվածությունը ծառայության հանդեպ: Տարբեր նախասիրությունների ու բնավորությունների տեր են, բայց ուրախալի է, որ մի քանի ժամվա ընթացքում հասցրել են մտերմանալ:
Ջամբազյան Նարեկը օրվա «ամենաակտիվներից» է. բոլորի հետ զրուցում է, ոգևորում: Ասում է.
-Ծառայության հետ կապված որևէ մտավախություն չունեմ, դժվարություններից էլ չեմ վախենում: Որ զորամասն էլ վիճակվի, կծառայեմ, մեր երկիրն է, ի՞նչ տարբերություն: Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի, պաշտպանի հայրենիքը, հիմա էլ իմ հերթն է… Ամենից դժվարը, երևի, հարազատների կարոտն է լինելու, բայց դե, պիտի ծառայենք: Ճանապարհելիս էլ մերոնց ասացի՝ եթե հանկարծ հուզվեք, արձակուրդից կհրաժարվեմ:
Բանակի մասին որոշակի գիտելիքներ ունի Մանուկյան Արմանը. եղբայրը ծառայել է Արցախում: Իրեն պահում է լիարժեք զինվորի պես:
Ուշադրությունս գրավում է տղաներից մեկը` իր ձիգ կեցվածքով: Չէի սխալվում. ինը տարի կարատե մարզաձևով է զբաղվել, մասնակցել տարբեր մրցաշարերի: Զորամասում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հաստատ չի նեղվի: Փաշայան Գրիգորն է` Գրիգը: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց հայրենիքից չի կտրվել: 44-օրյա պատերազմից հետո ծառայության նշանակության մասին խոսելիս, ասում է.
-Ընկերս զոհվել է պատերազմի ժամանակ, հենց միայն դա բավական է, որ առանց վարանելու գնամ Հայրենիքին ծառայելու: Բանակային կյանքին պատրաստ եմ բոլոր առումներով:
Ազգային բանակ են զորակոչվում նաև արդեն կրթական որոշակի մակարդակ ունեցող տղաներ: Մխեյան Մանուկն ավարտել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը: Ռոբոտատեխնիկայի ուղղությամբ մասնագիտացած երիտասարդը ներդնելու է ամբողջ գիտելիքները արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում բանակին օգտակար լինելու համար:
Աթոյան Մինասն էլ ապագա տնտեսագետ է, ուսումնասիրում է նաև փիլիսոփայություն և ծրագրավորում, կայքեր է ստեղծում: Ինքնուս է:
-Պատերազմը ցույց տվեց, որ ծառայությունն անչափ կարևոր է: Ընդամենը երկու տարի է, բայց մենք ստանալու ենք փորձ, դառնալու եք իսկական տղամարդ: Ձգտելու եմ այնպիսի զինվոր լինել, որ ինձնով հպարտանան: Բարձր տրամադրությամբ և պատասխանատվության մեծ զգացումով եմ մեկնում ծառայության: Նաև իմ գիտելիքներով եմ պաշտպանելու մեր հայրենիքը:
Համոզվում ենք` հայրենիքի պաշտպանների արժանի հերթափոխ է կատարվում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1436) 15.06.2022 - 21.06.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում