ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
Արդեն 6 ամիս է, ինչ մեր որդին՝ Գեորգի Գալստյանը, ծառայում է հայոց բանակում։ Մենք հպարտ ենք, որ մեր որդին զինվոր է դարձել, որ կարողացել ենք աննկուն ոգով որդի դաստիարակել, ով չի վախենում ոչ մի դժվարությունից եւ պատրաստ է հաղթահարել իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները։ Բանակը կոփում ու առնական է դարձնում տղաներին։ Մեր որդին ոգեւորությամբ մեկնեց բանակ. երբ զինկոմիսարիատ էր գնում` ծանուցագիրը վերցնելու, կատակում էր, թե հանգստյան տան 2 տարվա ուղեգիր է վերցնելու։ Ծննդյան հաջորդ օրը` մայիսի 25-ին, մեր որդին զորակոչվեց բանակ։
Զորակոչվելուց դեռ շատ առաջ ոմանք «խորհուրդ» էին տալիս` «Բանակից ազատեք երեխային։ Երկու տարի անիմաստ կորցնելու է»։ Անիմա՞ստ։ Մի՞թե հայրենիքին ծառայելը, պարտքը կատարելը կարող է անիմաստ լինել։ Եվ հետո՝ մեր որդին ինչո՞վ է առավել մյուսներից, որոնք թերեւս սոցիալապես շատ ավելի անապահով ընտանիքից են եւ գնում, ծառայում ու պատվով վերադառնում։ Վաղը մեր որդին ինչպե՞ս է նայելու այն տղաների աչքերին, որոնք ծառայել ու ծառայում են հայոց բանակում։ Մենք համոզված ենք` բանակի լավ ու վատ լինելը առաջին հերթին կախված է զինվորից, նրա դաստիարակությունից։ Իհարկե, դժվարություններ կլինեն, որոնք պետք է հաղթահարել, ոչ թե` տրտնջալ։ Մենք բարոյական իրավունք չունենք մեր պատմական հերոսական անցյալը պղծելու՝ մեր որդիներին արգելելով ծառայել հայոց բանակում, որը քաջարի հայորդիների կյանքի գնով ու արյամբ է ստեղծվել: Յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է պատվով ծառայել մեր հայրենիքին, բարձր պահել մեր հերոսամարտիկների հիշատակը։
Ի՞նչ հայորդի, որ չծառայի հայոց բանակում, ամոթ ու նախատինք այն տղաներին, որոնք չեն ուզում ծառայել հայոց բանակում։
Առաջին իսկ օրից՝ դեռ կենտրոնական զինվորական հավաքակայանում մենք զգացինք հոգածություն դեպի զինակոչիկը։ Մեր որդին մեկ օր ջերմության պատճառով անցկացրեց կենտրոնական զինվորական հավաքակայանում եւ ուշադրությունից ու հոգատար վերաբերմունքից բացի ուրիշ ոչ մի բան չզգաց: Հաջորդ օրը հավաքակայան էր գնացել մեր Արաբկիր զինկոմիսարիատի զինակոչիկների հարցերով զբաղվող ենթասպա Արմեն Գրիգորյանը՝ հետաքրքրվելու իր զինակոչիկի վիճակով։ Որդիս նրա կողքին իրեն ավելի վստահ էր զգացել։
Մենք զինվորական գործից հեռու մարդիկ ենք՝ գրականագետ, գիտությունների թեկնածու եւ դոցենտ, բայց բանակը բոլորինս է, մենք պարտավոր ենք սիրել ու հպարտանալ նրանով։ Բանակում բոլորը հավասար պետք է լինեն` անկախ կոչումներից, պաշտոններից, հարստության չափից, գրագիտության աստիճանից։
Զորամասում, ուր ծառայում է որդիս, բոլոր հրամանատարներն էլ հոգատար, իրենց զինվորական գործին նվիրված մարդիկ են, եւ դա առաջին հերթին գալիս է զորամասի հրամանատար, Արցախյան ազատամարտի հերոս փոխգնդապետ Կոմիտաս Դավթյանից, որը թեեւ խիստ է, պահանջկոտ, սակայն զորամասի բոլոր զինվորները սիրում ու հարգում են նրան։ Նրա համար զինվորը մի աշխարհ է։ Զորամասի կայացման գործում իր ներդրումն ունեն նաեւ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Ս.Լալայանը, լեյտենանտ Դ.Թադեւոսյանը։ Մենք հոգեպես հանգիստ ենք։ Տա Աստված, որ մեր հանրապետության բոլոր զորամասերն էլ լինեն այդպիսին եւ ունենան այդպիսի հոգատար ու բանիմաց հրամանատարական կազմ։
Ծնողներ՝ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆ եւ ԲԱԿՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ
գրականագետներ