ԱՊՐԵՆՔ ԵՎ ԱՊՐԵՑՆԵՆՔ
Օրերս «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ապրե՛նք և ապրեցնե՛նք» խորագիրը կրող հայրենասիրական-մշակութային միջոցառումը, որը նախաձեռնել էր «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը: Այս կազմակերպության կողմից նկարահանվում է նաև պատերազմի և խաղաղության մասին պատմող՝ «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմը, որի գաղափարի շուրջ համախմբվել են 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և զինծառայողների բազմաթիվ ընտանիքներ:
Միջոցառմանը ներկա էին պատերազմում զոհվածների հերոսածին մայրերն ու հարազատները, ազատամարտիկներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, դպրոցականներ, հյուրեր Գերմանիայից: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մասնակիցներից մի քանիսին «ԻՀՄԱ»-ի պատվոգրերով պարգևատրելու արարողությունը:
Միջոցառումը վարեց և իր գեղեցիկ խոսքով համեմեց Երևանի Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Խ. Մարոզյանը: Ապա ներկաները դիտեցին հայրենիքի և հայ մայրերի մասին պատմող մի տեսանյութ:
Հայ հոգևոր և ազգագրական երգերի կատարումներով հանդես եկավ «Բյուրական» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ երաժշտագետ-խմբավար Գոհար Հարությունյան): Երգչուհի Լուսինե Մկրտչյանը մասնակիցներին ոգեշնչեց «Հող պապենական» և «Հայ պիտի մնանք» հայրենասիրական երգերի կատարումներով: