Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԴԱՍԸՆԿԵՐԸ



ԻՄ ԴԱՍԸՆԿԵՐԸՀասմիկ Բաբաջանյանը Կենտրոնական զինվորական հոսպիտալում է ծառայում: «Հայ զինվոր» հանդեսին հասցեագրված նրա նամակը հուզեց ինձ. մեկ նախադասությամբ ասած՝ նա դասընկերոջն էր «որոնել»… հետմահու: Որոնել էր նրա կերպարի գույները, որոնք չէր նկատել դպրոցական տարիներին: Պատահաբար լսել էր, որ իր դասընկեր Վարդան Դավթյանը մասնակցել է քառօրյա կռվին և 44-օրյա պատերազմին և հերոսաբար զոհվել այդ պատերազմում: Հետո հետաքրքրվել ու պարզել էր, որ նա Ռազմական համալսարան է ավարտել, ապա որպես հրետանավոր ծառայության է անցել զորքերում: Արժանացել է Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության» մեդալների: Իսկ օրեր առաջ Վարդան Դավթյանին հետմահու «Արիության» մեդալով էին պարգևատրել: …Հիշողության արահետներով Հասմիկը հետ է գնացել, հայացքը սևեռել դասասենյակի ամենավերջին նստարանին:

 

-Վարդանը ինքնամփոփ, խոհուն, սակավախոս տղա էր: Այդպիսիները աչքի չեն ընկնում, ու միայն ամենամտերիմներն են ճանաչում նրանց, իմանում, թե ինչ հույզեր կան հոգում, ինչ մտքեր կան գլխում: Վարդանը կոկիկ, կազմակերպված, կիրթ տղա էր: Ոչ ոքի չէր նեղացնում, օգնում էր, երբ որևէ հարցով դիմում էիր: Զուսպ էր, հավասարակշիռ, ազնիվ: Լավ էր սովորում, բարձր առաջադիմություն ուներ հատկապես ֆիզիկայից:

-Եթե քեզ դպրոցական տարիներին հարցնեին, թե ինչ մասնագիտություն կսազի Վարդանին, ի՞նչ կպատասխանեիր,- հարցնում եմ Հասմիկին: Գլուխը թափահարում է բացասաբար.

-Միայն ո՛չ զինվորական:

-Ինչո՞ւ:

-Որովհետև լավ չեմ ճանաչել նրան: Որովհետև, ինչպես վայել է իսկական տղամարդուն, հզորին, նա չի ցուցադրել իր ուժը, իր կամքը, իր վճռականությունը, իր հայրենասիրությունը, իր համարձակությունը…Այնքան կուզեի ժամանակը հետ գնար, ու ես հնարավորություն ունենայի շփվելու ապագա հերոսի հետ:

Թվում է՝ այսքանով պիտի մեր զրույցը ավարտվեր, բայց ոչ: Հասմիկն ասում է.

-Ես փնտրել-գտել, զրուցել եմ Վարդանի ծառայակից ընկերների հետ, պատերազմի ժամանակ նրա կողքին մարտնչած զինվորականներին եմ լսել: Պատառիկներ եմ հավաքել: Կարո՞ղ եք այդ պատառիկներն իրար կցելով՝ դիմանկար կերտել…

…Ես անասելի հուզվում եմ: Հերոսի դիմանկարը: Դասընկերուհու խնդրանքով: Իսկ Հասմիկը ոգևորված պատմում է.

-Իր ենթականերից մեկն ասաց՝ Կամանդիրի մասին կարող եմ երկար խոսել, նա առաքինությունների հավաքածու էր:

Ծառայակից ընկերներն ասում էին, որ նա զինվորականի կատարյալ կերպար էր՝ ձիգ, կարգապահ, անսահման նվիրված իր գործին, հայրենապաշտ: Միևնույն ժամանակ, անսահման բարի էր: Նա մարդ էր, որը միշտ այնպես էր անում, որ հարմար լինի ուրիշին: Միշտ ուրիշի հարմարավետության մասին էր մտածում:

Մեկն էլ Վարդանի համեստության մասին էր խոսում: Ասում էր՝ մեր կապիտանը անասելի համեստ էր: Դավթյանի կատարած յուրաքանչյուր հաշվարկ միլիմետրի ճշգրտություն ուներ։ Բայց երբեք ցույց չէր տալիս իր գերազանցությունը, չէր պարծենում:

ԻՄ ԴԱՍԸՆԿԵՐԸՎարդանի մարտկոցը ձևավորվել էր աշխարհազորայիններից: Անհամեմատ հեշտ է, երբ ղեկավարում ես գործող բանակի զինծառայողների: Եվ դժվար է զորք դարձնել քաղաքացիական կյանքով ապրած մարդկանց: Վարդանը կարողացել էր զինվորական թիմ ստեղծել: Տղաներն ասում են, որ Վարդանի շնորհիվ այնպես էին մերվել իրար, որ թվում էր՝ մանկության ընկերներ են բոլորը: Որովհետև Վարդանը բոլորին վարակում էր իր ընկերասիրությամբ, կողքինի հոգսը հոգալու պատրաստակամությամբ, լավատեսությամբ, դժվարություններից չընկճվելու կամքով:

…Վարդանի մասին մեծ հարգանքով ու սիրով խոսեց նաև նրա տեղակալը՝ պահեստազորի մայոր Յուրի Ասատրյանը: Նրա խոսքերով՝ Վարդանը օժտված էր զինվորական ղեկավարի բոլոր դրական հատկանիշներով: Նրա մարտկոցը օր ու գիշեր պարապում էր, բարձրացնում իր արհեստավարժության մակարդակը: Այս արհեստավարժությունը հակառակորդն իր մաշկի վրա խստորեն զգաց հոկտեմբերի կեսերին, երբ կապիտան Դավթյանի մարտկոցին տրվեց խնդիր՝ շարքից հանել հակառակորդի լավ քողարկված շարասյունը՝ քսան և ավելի տեխնիկայից բաղկացած։ Այս անգամ էլ կապիտան Վարդան Դավթյանի կատարած ճշգրիտ հաշվարկներն արդյունք տվեցին: Քսանից ավելի կրակի օջախներ մի քանի օր շարունակ ծխում էին՝ ասաց Վարդանի մարտական ընկերը՝ Արմենակը: Վարդան Դավթյանը ճշգրիտ հարվածով թշնամու ամբողջ զինվորական ստորաբաժանում էր ոչնչացրել: Յուրաքանչյուր արկ հասնում էր իր թիրախին ու խոցում։ Դա էր պատճառը, որ Վարդանի մարտկոցը շարունակաբար հակառակորդի դիտարկման կիզակետում էր ու իր վրա էր վերցնում հակահարվածները։

…Հոկտեմբերի 22-ի լուսաբացը կապիտան Դավթյանի համար դարձավ վերջինը։ «Բայրաքթարի» անակնկալ հարվածից զոհվեցին նաև Վարդանի երկու զինակիցները՝ Հովհաննես Դավիդյանն ու Վյաչեսլավ Մուսայելյանը։ Իսկ հրանոթի նշանառու Վաղինակ Մարտիրոսյանը վիրավորվեց: Վաղինակը պատմում էր, որ իրենց հրամանատարը հաց ուտում էր միայն այն ժամանակ, երբ համոզված էր, որ բոլոր տղաները կուշտ են, իսկ համեմատաբար խաղաղ երեկոներին պարտադիր ժամանակ էր հատկացնում իր այն զինվորներին, որոնք լիարժեք չէին տիրապետում զենքին, անտրտունջ ու մանրամասն բացատրում էր:

Հասմիկը լռում է ու «մեղավոր» նայում դեմքիս.

-Այսքանն էր: Այսպիսին էր իմ դասընկերը: Դիմանկար կստացվի՞:

-Ես Ձեր պատմած պատառիկները կդնեմ կողք կողքի, կուզես դիմանկար ասա, կուզես՝ ակնարկ, կուզես՝ պարզապես պատմություն մեծատառով Մարդու մասին:

-Ես դեռ կտեսնեմ բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Վարդանին եւ կարող են ինչ-որ բան պատմել նրա մասին: Գուցե հետագայում ֆիլմ նկարենք կամ գիրք գրենք: Սա իմ փոքրիկ պարտքն է դասընկերոջս…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ճակատագրեր


24/06/2022