ՎԵՐՋԻՆ ԲԵՄԸ ՌԱԶՄԱԴԱՇՏՆ ԷՐ…
Պատերազմի օրերն էին… Համացանցում մի տեսանյութ չափազանց տպավորվել էր. զինվորը կռվի դաշտում Մհեր Մկրտչյանին՝ Ֆրունզիկին էր նմանակում՝ խաղալով «Հին օրերի երգը» ֆիլմի ամենաազդեցիկ ու հուզական դրվագներից մեկը. «Վերջացավ, վերջացավ…. ժողովուրդ, պատերազմը վերջացավ….»։
Այնքան լավ էր խաղում, այնքան վարպետորեն, բառի ամեն ելեւէջի մեջ ե՛ւ ցավն էիր զգում, ե՛ւ ուրախությունը։
Որոշել էի, երբ պատերազմն ավարտվի, անպայման գտնեմ տաղանդավոր երիտասարդին, նյութ գրեմ իր մասին։ Համացանցի շնորհիվ իմացել էի միայն անունը՝ Էլվիս Իսրայելյան։
Վստահ էի, համոզված, որ այդ անունը դեռ մեծ բեմերից ենք լսելու, բայց… Էլվիսն էլ անմահացավ…
Որդու մասին պատմում է մայրը՝ Քլարիսը, պատմում է արցունք-ժպիտ իրար խառնած. Էլվիսին բոլորն են արցունք-ժպիտով հիշում. կատակասեր էր, անսպառ էր նրա ինքնատիպ հումորը, ինքն օրը տոն դարձնող էր, ուրախանում էր ուրախացնելով…
-Ամերիկացի երաժիշտ եւ դերասան Էլվիս Փրեսլիի երգերը շատ էի սիրում ու որդուս կոչեցի նրա անունով։ Հետագայում, երբ հռչակավոր երգչի կենսագրականը կարդում էի, այնքան նմանություն էի որդուս հետ տեսնում՝ մայրամեծար, երեխայասեր…Ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, որդիս մի սիրուն երաժշտություն կմիացներ ու հետս կպարեր, հումորներ կաներ, ի՜նչ երջանիկ օրեր էին, դժվար էինք ապրում, բայց սրտներս ուրախ էր ու խաղաղ…
Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան դպրոցում էր սովորում Էլվիսը, Կարմրավոր եկեղեցու մանկական երգչախմբում երգում։
Անսպառ էր հետաքրքրությունների շրջանակը՝ դպրոցին զուգահեռ հաճախում էր դերասանական արվեստի ստուդիա, նկարչության, կավագործության, ժողովրդական գործիքներ էր նվագում… Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Երևանի Մշակույթի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնում։
2017թ. զորակոչվեց բանակ, ծառայեց «Եղնիկներում»։ Զորացրվելուց հետո ավարտեց ուսումն ու որպես խաղավար աշխատանքի անցավ «Բումբումիկ» ընկերությունում: Երեխաներին շատ էր սիրում, ինքն էլ բնույթով մանկան պես ազնիվ ու անկեղծ էր:
Բնությունը շռայլորեն օժտել էր Էլվիսին՝ երգեր, բանաստեղծություններ, սցենարներ էր գրում, բակում հազարումի ներկայացումներ էր կազմակերպում, հրավիրատոմսեր պատրաստում ու բոլորին անխտիր հրավիրում՝ պարտադրելով տոնական հագուստով ներկայանալ։ Շատ գեղեցիկ էր նկարում, պայծառ-վառվռուն գույներով։ Երբեմն նկարները վաճառում էր ու մայրիկի համար փոքրիկ, բայց շատ ճաշակով ու ինքնատիպ զարդեր գնում, խանութի աշխատողներից հաճախ հետաքրքրվում էր՝ թե մայրն ինչ իր է նայել, բայց ձեռքը չի գնացել, որ գնի, ինքը պարտքով դա կվերցներ ու գումարն աստիճանաբար կմարեր. խանութի աշխատողները սիրում ու վստահում էին Էլվիսին, գիտեին, որ խոսքի տերն է, ու ընդառաջում էին։
***
Մայրը մենակ էր մեծացնում երկու որդիներին, ու նրանք էլ ամեն կերպ ջանում էին իրենց հերթին օգնել, սատարել, թեւութիկունք լինել։ Պատերազմն սկսվելուց մի օր առաջ Էլվիսը զանգել էր «Եղնիկների» իր հրամանատարին՝ գնդապետ Կարեն Ջալավյանին, ցանկություն հայտնել պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու։ Հրամանատարն ասել էր, որ առայժմ արձակուրդում է, երբ վերադառնա ծառայության, անպայման Էլվիսին էլ կընդգրկի:
-Պայմանավորվածությունից ընդամենը մեկ օր անց պատերազմ սկսվեց… Երեկոյան որդիս տուն եկավ, ուշքումիտքը հրամանատարն էր, նեղսրտել էր՝ հրամանատարս չհասցրեց էլ մի կարգին արձակուրդը վայելել, էսքան տարվա ծառայության մեջ առաջին անգամ արձակուրդ էր գնացել, էն էլ կռիվը խանգարեց: Հետո ասաց, որ իրեն էլ զինկոմիսարիատից կանչել են, առավոտյան պետք է ներկայանա,- վերհիշում է մայրը,- բայց երբ արդեն Արցախ մեկնելու ճանապարհին էին, տղաս խոստովանեց՝ իրեն ոչ մի զինկոմիսարիատից էլ չէին կանչել, ինքը կամավոր է մեկնում։
Որոշել էր գնալ իր նախկին ծառայավայր՝ «Եղնիկներում» կռվելու, բայց ճանապարհին մտերմացել էր ավտոբուսի կամավորականների հետ, մտափոխվել էր եւ նրանց հետ մեկնել Ակնա: Մարտական ընկերները հետո կպատմեն, որ ավտոբուսում պոչիկ կապած Էլվիսին սկզբում խեթ հայացքով էին նայել, քմծիծաղել՝ ո՞վ է այս «ջակի ջուկի» տղան, մեկն էլ պետք է, որ հենց իրեն պաշտպանի, բայց հետո հիացել են նրա անսահման խիզախությամբ, կամքի ուժով։ Տարիքով կամավորականներն էլ կխոստովանեն՝ մեզնից թեեւ շատ փոքր էր, բայց նրանից այնքան բան կարելի էր սովորել, այնքան խորամիտ էր, խորագետ… Իսկ որքան ջերմ, սրտաբաց ու կամեցող էր՝ վերջին պատառը կկիսեր ընկերների հետ. տնից ծանրոց էին ուղարկել, թարմ հացերն առած, կրակի տարափն անտեսելով, բոլորին բաժանում էր, ստիպում իր աչքի առաջ ուտել՝ անուշ արեք, մամաս է ուղարկել…
Հայրենասիրական երգեր էր երգում, զինակիցներին ստիպում՝ իրենք էլ ձայնակցեն։ Ոգեւորում էր, հուսադրում… Կռվի դաշտում էլ հումորն անսպառ էր։
-Մի անգամ լողանալու ժամանակ ուժգին հրետակոծություն է սկսվում,- պատմում է Էլվիսի եղբայրը՝ Արմանը,- բոլորն արագ վազում են մի տեղ թաքնվելու, Էլվիսը «Քամին զանա, քամին զանա» երգը քթի տակ դնդնալով՝ շարունակում է լողանալ: Երբ ընկերները գոռում-գոչում են, որ մի տեղ պատսպարվի, կատակում է. «Մարդ մեռնելիս էլ մաքուր պիտի մեռնի»…
Մեկ ուրիշ անգամ էլ, երբ տղերքը գնացել էին բաղնիք, Էլվիսը հրամանատարի ձայնը նմանակելով՝ ռացիայով հրամայում է. «Շուտ եկեք ելման կետ, ռազմական ոստիկանությունը ձեզ է փնտրում»: Տղերքը կիսահագնված-կիսաթաց շտապում են ետ, ու ճանապարհին հանդիպում հրամանատարին, վերջինս զարմացած նայում է խուճապահար վազող տղերքին.
-Էս մի բարեւի էլ արժանի չեմ, էս ու՞ր եք էսպես գլխապատառ գնում:
-Բայց ձեր հրամանն ենք կատարում,- շվարած պատասխանում են տղերքն ու մեկեն գլխի ընկնում՝ դարձյալ Էլվիսի «բոցերից» մեկն էր…
Երբ հեռախոսով խոսելիս տեղեկացրինք, որ իր՝ Մհեր Մկրտչյանի նմանակումը համացանցով մեծ տարածում է գտել, անակնկալի եկավ, զարմացավ, չգիտեր, որ ընկերներն այն համացանցում էին տեղադրել, համ ամաչեց, համ ուրախացավ, հետո զինակից ընկերներին կատակով ասել էր՝ տղերք, հայտնի եմ դարձել, սրանից հետո, որ ինձ հետ նկարվեք, 500 դրամ կմուծվեք…
***
Կռվում էին երգելով, հումորներ անելով, ոգեղենացած… Նոյեմբերի 6-ի առավոտյան ամբողջ անձնակազմով տեղափոխվում են Շուշի:
Տուն վերջին զանգը նոյեմբերի 5-ին էր, տնեցիներին զգուշացրեց, որ կապերը վատ են, կարող է մի քանի օր զանգ չլինի, չանհանգստանան, հետո երկար զրուցեց, ասաց, որ շատ է կարոտել «Բումբումիկի» երեխեքին, կարոտել է բոլորին…
Բոթը լսելուց ժամեր առաջ մոր սիրտը տագնապների մեջ էր, փորձում էր հեռու վանել սրտամաշ կասկածները, ականջին անընդհատ որդու երգն էր.
Մամ ջան, դուռը բաց, որդին քո կարոտած
Հեռվից եկել է տուն, մամ ջան, դուռը բաց,
Սրբիր աչքերդ թաց, գրկիր դու քո որդուն…
-Երբ որդիս ծառայում էր «Եղնիկներում», բանակից ամեն անգամ արձակուրդ գալիս, որ ժամն էլ լիներ, մեր դռան շեմին ոտք դնելիս միշտ այդ երգն էր զիլ երգում։ Այդ օրն էլ ես անընդհատ գնում էի դռան առաջ կանգնում ու սպասում, սպասում, սպասում…
Նոյեմբերի 11-ին է զոհվել Էլվիսը, երբ ստորագրված թղթերով պատերազմն ավարտված էր…
Ինչքա՜ն երազանքներ ուներ տաղանդաշատ երիտասարդը, ինչքա՜ն բեմերում դեռ պիտի խաղար, բայց վերջին թատերաբեմը ռազմադաշտն էր, հանդիսատեսն էլ զինակից ընկերներն էին…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում