ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ՝ ԶՈՒ ԱՅՑԵՔԱՐՏ
-Ես Դանիել Էզուկամն եմ, 18 տարեկան, եկել եմ Հայոց բանակում ծառայելու: Շատ եմ սիրում մեր Հայաստանը և պատրաստ եմ պարտքս տալ հայրենիքին,- խրոխտ առոգանությամբ ասում է երիտասարդը:
Թխամորթ այս տղան Հայաստանում է ծնվել, մայրը հայ է, հայրը Նիգերիայից է: Երկար տարիներ ապրել է Սիրիայում, Քուվեյթում, վերջերս է տեղափոխվել Հայաստան:
Դանիելը մասնակցում է ամառային զորակոչի ընթացքում հայտարարված պատվո պահակային վաշտի մրցույթին:
-Քուվեյթում երկար տարիներ սպորոտով եմ զբաղվել, ֆուտբոլ եմ խաղացել, մայրս ասաց, որ համապատասխանում եմ մրցույթի չափանիշներին, ինչու չփորձել,- անկեղծանում է Դանիելը։
Դանիելի պես շատ նորակոչիկներ են եկել մրցույթին մասնակցելու։ Հանձնաժողովը քննում է յուրաքանչյուրին, ուսումնասիրում արտաքին տեսքը, ֆիզիկական տվյալները։
Մրցույթի առաջին փուլը հաղթահարում և դրական գնահատական է ստանում 18-ամյա Ռաֆայել Իսկանդարյանը։ Նորակոչիկը երկար տարիներ զբաղվել է բռնցքամարտով, երեք անգամ տարբեր առաջնություններում մրցանակակիր է դարձել և, շնորհիվ ատլետիկ կազմվածքի, կարողացավ հավուր պատշաճի ներկայանալ հանձնաժողովի անդամներին։
-Կարծում եմ՝ սպորտն իր դերը կատարեց: Իհարկե, պատկերացնում եմ ծառայության դժվարությունները, բայց պատրաստ եմ և պատվով կծառայեմ,- վստահեցնում է Ռաֆայելը:
Մրցույթը հաղթահարելու գլխավոր պայմանը նորակոչիկի արտաքին տեսքն է, ստուգվում են նաև տեսողությունն ու լսողությունը: Տղաները պետք է լինեն ֆիզիկապես առողջ, ամրակազմ ու բարետես: Չափորոշիչները սահմանվել են պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով:
-Հասակը պետք է լինի 1,80-1,90 սմ, տեսողությունն ու լսողությունը՝ կատարյալ,- ասում է հանձնաժողովի նախագահ, գնդապետ Աշոտ Հակոբյանը։
Պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու համար մրցույթը ևս մեկ օր կշարունակվի. մարզաբնակ երիտասարդները կներկայանան հանձնաժողովին։ Իսկ մրցույթը չհաղթահարած տղաները չեն հուսալքվի, և բոլորը հատուկ շեշտում են, որ Հայրենիքին կծառայեն ցանկացած ստորաբաժանումում:
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, նորակոչիկները պետք է մասնակցեն նաև զորակոչային վիճակահանությանը և միայն դրանից հետո, վերջնական արդյունքներով կորոշվի, թե ովքեր կանցնեն ծառայության հայկական բանակի պատվո պահակային վաշտում։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ազգային բանակ