ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՈՐԴԻՆԵՐՆ ԵՆ ԲԵՐԵԼ
Հայացքս չեմ կարողանում կտրել Էդգարի լուսանկարից: Այդպես հայ նկարիչները Արա Գեղեցիկին են նկարում: Բարձր հասակ, կեռ հոնքեր, խոսուն աչքեր, շեշտված դիմագծեր, հպարտ հայացք… Երգն ավելի է սրել հույզերս: Այն անվեհեր մարտիկ Էդգար Մհերյանի հիշատակին է նվիրված.
Իմ ջահել կյանքը սիրով կտամ քեզ, անուշ հայրենիք…
Միայն թե հավերժ, դու հավերժ ապրես…
-Ինչո՞վ էր արտասովոր Էդգարը,- հարցնում եմ զոհված զինվորի մորը՝ Շուշանին: Ես մտածում եմ, որ այսքան խորունկ աչքերով, այսքան վճռական հայացքով տղան չէր կարող սովորական լինել:
-Արտասովո՞ր.- Շուշանը զարմացած է:- Էդգարն արտասովոր չէր: Նա պարզապես իմ տղան էր: Ինձ գրկում էր ու ասում՝ իմ սիրուն մամա, իմ արև, իմ լույս: Երբ լալիս էի, նստում էր կողքիս: Իմ ցավն ինձնից խորն էր զգում…
-Ինչպիսի՞ն էր Էդգարը բնավորությամբ.- ես խմբագրում եմ հարցս, բայց Շուշանը իրենն է պնդում:
-Հայրենիքի ազատության համար կռվելն ու զոհվելն էլ արտասովոր չէ: Արտասովորը մոր փեշի տակ թաքնվելն է, երբ թշնամին զենքով մտել է քո հողը ու սպառնում է ժողովրդին, անարգում է քո սրբությունները:
Շուշանը թերթում է նկարները ու դրանցից մեկը մեկնում ինձ: Երեխայի լուսանկար է:
-Էդգարս խաղաղ, մեղմ, խելոք երեխա էր: Կարող էր ժամերով մենակ խաղալ: Մաքրասեր էր, կազմակերպված, աշխատասեր: Ուսուցիչները շատ էին սիրում տղայիս, որովհետև նա հարգանքով էր վերաբերվում բոլորին, երբեք մտքով չէր անցնի բարկացնել նրանց: Առավել ևս՝ թույլ չէր տա, որ իրեն դիտողություն անեն: Էդգարս կարգապահ էր, օրինավոր, ազնիվ: Երբեք չէր ստում, նույնիսկ՝ ամենաաննշան հարցերում:
-Իսկ Դուք ասում եք՝ արտասովոր չէր:
-Շատ զգայուն էր: Այնպիսի տխրությամբ էր խոսում ծանոթ-անծանոթ մարդկանց ցավից, այնպիսի պատրաստակամությամբ էր ուզում օգնել նրանց: Իսկ ընկերների համար հոգի էր տալիս: Ֆիզիկապես ուժեղ էր, ամբողջ կյանքում մարզվել էր՝ լող, ձյուդո, ձեռնամարտ: Բայց միշտ հանդուրժող էր, ներող: Մարդկային հարաբերությունները շատ կարևոր էին Էդգարիս համար:
Ես նորից վերցնում եմ Էդգարի լուսանկարն ու նայում եմ նրա առնական դեմքին: Հենց այդպիսին էլ պատկերացնում եմ նրան՝ ամուր, ուժեղ, բարի, ներող:
-«Իրական դպրոցում» սովորելիս մասնակցում էր Վարդանովի «Ողջ մնալու արվեստ» կոչվող վարժանքներին: Գնում էին Քարվաճառ, ապրում վրանների տակ: Էդգարս մեծ ոգևորությամբ էր մասնակցում, սիրում էր դժվարություններ հաղթահարել: Նա անվերջ ինչ-որ բարձունքի էր ձգտում: Ուզում էր ինչ-որ նշանակալի գործ անել: Երազում էր ծրագրավորող դառնալ: Ես վստահ եմ, որ նա չէր բավարարվի փոքրիկ ձեռքբերումներով և լուրջ մասնագետ կդառնար:
-Դուք տեսե՞լ եք Էդգարին զինվորական համազգեստով:
Առաջին անգամ Շուշանը ժպտում է:
-Պատերազմից մի քանի օր առաջ գնացինք զորամաս ու 4 օր անցկացրինք Էդգարի հետ: Շատ սիրուն զինվոր էր՝ ձիգ, կոկիկ, հաղթական: Բայց մի տեսակ ավելի էր լրջացել: Ասես՝ աշխարհի հոգսն իրենն էր:
-Բանակում գիտեին, որ թշնամին հարձակման է պատրաստվում: Տղաները գիտեին:
-Հիմա արդեն պարզ է, թե Էդգարս ինչո՞ւ էր էդքան մտահոգ: Իսկ կռվի օրերին ձայնն անհոգ էր: Ասում էր՝մենք ապահով վայրում ենք: Դե, ես էլ մտածում էի՝ երկու ամսվա զինվորին պատերազմ չեն տանի: Մի օր էլ Էդգարի փոխարեն ուրիշը զանգեց ու ասաց, որ տղաս զոհվել է: 28 հոգի զինվորական մեքենայով մեկնել են՝ մարտական առաջադրանք կատարելու: Անօդաչուի հարվածից 25-ը զոհվել են: Հետո իմացանք, որ տղաս կռվել է Վարանդայում, Կարմիր շուկայի հատվածում, Հադրութում, և նրանց մարտկոցը թշնամու տասնյակ զրահամեքենաներ է ոչնչացրել: Հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ալեքսանյանը անձամբ այցելեց մեզ, պատմեց, թե ինչ քաջությամբ էր կռվում տղաս: …Փոքր բան է, բայց ես հպարտանում եմ. ասում են՝ կասկաները չէին հերիքում, ու Էդգարս միշտ իր կասկան տալիս էր ընկերներին:
-Փոքր չէ…
-Զավակի կորուստը անչափելի ողբերգություն է…Բայց իմ որդին ընկել է Հայրենիքը անձնվիրաբար պաշտպանելիս: Հայրենիքի ու կյանքի միջև ընտրություն անելիս պիտի ընտրել Հայրենիքը: Երբ Հայրենիքը վտանգված է, ապա մեր որդիները դառնում են Հայրենիքի որդիները:
-Որտեղի՞ց եք գտնում այս ուժը:
-Եթե պարտվում ես, եթե թշնամին հող է խլում քեզնից, ապա այդ հողը հետ բերելու ոգի, ուժ պիտի թողնես սերունդներին:
-Ձեր որդին…
-Ես մի ամբողջ աշխարհ եմ կորցրել: Բայց Հայրենիքի համար բոլոր ընկածները իմ որդիներն են հիմա: Ու այս խաղաղությունն իմ որդիներն են բերել մեզ: Նրանք կյանքով են վճարել դրա համար: Պիտի արժանի լինենք այդ զոհողությանը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #15 (1437) 22.06.2022 - 28.06.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում