Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ՝ ԱՄԱՆՈՐԻՆ



-Բաբայանների ընտանիքը բնակություն է հաստատել Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղում։ Գաղթել է պատմական Գարդմանա աշխարհից (Խանլարի շրջան, գյուղ Նուզգյար)։ Ռազմիկ եւ Ալվինա Բաբայանները մանկավարժ էին եւ հիմա էլ Մեծ Մասրիկ գյուղում զբաղվում են մանկավարժությամբ։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական զարթոնքը, նրանց միակ որդին՝ Արմենը, սովորում էր Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Արմենի պաշտամունքը Նժդեհն է, մեծ հայրենասերի գաղափարախոսության հետեւորդն է։ «Թողնելով ուսումը՝ զենքը ձեռքին եկել-միացել էր մեզ,- պատմում է Գեղամ Աբրահամյանը։ -Ամբողջ ջոկատով հաճախ էինք հյուրընկալվում նրանց հարկի տակ։ Ալվինա մայրը (հայոց լեզվի եւ գրականության մասնագետ) մայրական հոգատարությամբ, քնքշանքով էր վերաբերվում մեզ։ Ամբողջ սենյակով մեկ փռում էր ներքնակներ, շորեր ու ջոկատի տղաներով միասին գիշերում էինք։ Առավոտյան, երբ զարթնում էինք, նախաճաշն արդեն պատրաստ էր, իսկ դիրք գնալիս մեզ հետ պարտադիր հացի պաշար էր դնում։ Ծննդավայրից գաղթելիս Բաբայանները կրել էին դժվարություններ, տառապանք…
Անցել են տարիներ, սակայն երբ ջոկատի տղաներով հիմա էլ հանդիպում ենք Ալվինա մայրիկին, խոնարհաբար, որդիաբար համբուրում ենք նրա աջը, ուժ ստանում նրա մայրական ջերմ խոսքերից, համբույրից… Պատերազմից անցել են տարիներ, սակայն Ալվինա մայրիկի հետ կապված այս պատմությունն ամեն անգամ հիշելիս՝ մարմինս փշաքաղվում է…
…Հենրիկ Մուրադյանի հրամանատարությամբ ահեղ կռիվներ էինք մղում Օմարում։ 1994-ի Ամանորին մի քանի օր էր մնացել։ Դեկտեմբերի 30-ից մինչ հունվարի 2-ը ճակատային մեր հատվածում ես էի պատասխանատուն։ Չիմացանք ինչպես եկավ-անցավ Նոր տարին։ Կռիվ էր, պատերազմ։ Վարդենիսի սահմանամերձ գյուղերից մեզ սնունդ էին ուղարկում, տաք շորեր։
Հունվարի 3-ն էր։ Նստած էինք Բոզլուի գերեզմանատանը, երբ մեքենայից փոքրիկ փաթեթ-կապոցներ իջեցրին եւ բաժանեցին մեզ։ Նրանցից մեկը հասցեագրված էր Արմեն Բաբայանին։ Ուղարկել էր մայրը՝ Ալվինան։ Արմենը զգուշությամբ բացեց փաթեթը՝ 3 զույգ գուլպա, որոնց մեջ լցված էին Նոր տարվա սեղանից կոնֆետներ եւ մի նամակ։ Արմենը ոչնչի ձեռք չտվեց, անմիջապես բացեց ծրարն ու ինքն իր համար սկսեց ընթերցել։ Ընթերցումն ավարտելով՝ նայեց մեզ. հուզված էր։ Առանց սպասելու մեր հարցերին՝ միանգամից ասաց.
-Տղանե՛ր, մայրս նամակ է գրել եւ խնդրում է, որ բարձրաձայն կարդամ։
Բոլորս դարձանք համակ ուշադրություն՝ Ալվինա մայրիկը հենց այնպես նամակ չէր գրի։ Ու Արմենը կարդաց. «Բարեւ Արմեն ջան, շնորհավորում ենք բոլորիդ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան առթիվ։ Աստված թող ձեզ անփորձանք պահի։ Արմեն ջան, դու իմ միակ արու զավակն ես, լսիր մորդ խնդրանքը՝ մի բուռ հող չտաք թշնամուն, ազատագրեք մեր պատմական Քարվաճառը։ Որդի՛ս, նույնիսկ ձեր կյանքի գնով պահեք մեր հողը։ Ձեր պատիվը, հայրենիքը բարձր պահեք։ Կարդա նամակս տղաներին։ Իմ աղոթքը ձեզ՝ բոլորիդ»։
Երբ Արմենն ավարտեց Ալվինա մայրիկի նամակը, մարմինս փշաքաղվեց,- վերհիշում է Գեղամը,- նույն զգացումն ունեցան նաեւ ջոկատի մյուս տղաները։ Բոլորս լուռ էինք։ Լռել էր նաեւ թշնամին, սակայն երբ քիչ անց նորից սկսվեց մարտը, զգացինք, որ հարյուրապատիկ, հազարապատիկ ուժ է տվել մեզ Ալվինա մայրիկի նամակը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Հոգևոր-մշակութային


20/01/2011