ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Մատենադարանի նորաբաց մասնաշենքի գլխավոր դահլիճում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների և ՀՀ ոստիկանության պետի մասնակցությամբ: Վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով` ամփոփելով նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2011 թվականին իրականացված աշխատանքները: Քննարկվեցին նաեւ ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվեցին 2012-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացման խոսքում նշեց, որ ավանդական դարձած հանդիպումները անհրաժեշտ են աշխատանքները համակարգելու համար. «Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացին ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ։ Մի քանի նախարարությունների մասնակցությունը համագործակցության ապացույցն է։ Միայն պաշտպանության նախարարության ուժերով էական առաջընթաց չենք կարող արձանագրել»:
Նախարարը նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվում հայրենասիրական ոգու ձեւավորման, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ ոչ միայն մատաղ սերնդի, այլ նաեւ ամբողջ բնակչության շրջանում։ Ընդգծեց, որ նախնական զինվորական պատրաստության, մասնավորապես` ռազմագիտության առարկայի դասավանդման շրջանակներում պետք է լուրջ ուշադրություն դարձնել զինղեկների պատրաստությանը.
«Կարևոր է, որ դպրոցական հասակից աշակերտը զինղեկի մեջ տեսնի այն զինվորականին, որին ինքը կուզի նմանվել: Մեզ համար այլևս ընդունելի չէ այն տեսակետը, թե ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակը պետք է լինի. մենք կփորձենք տարբերվել հասարակությունից, որպեսզի կարողանանք մեր հետևից, մեր օրինակով առաջնորդել նրան և արմատախիլ անել այն բացասական երևույթները, որոնք կան հասարակությունում: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մասն է յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը համամիտ էր.
«Գաղտնիք չէ, որ ոմանք փորձում են վարկաբեկել մեր ավանդական արժեքներն ու մեր ժողովրդի վստահությունը վայելող հաստատությունները։ Մեր ժողովրդի արժեհամակարգն այսօր ագրեսիայից պաշտպանելու կարիք կա: Տեղեկատվական դաշտում ամենահաճախն ագրեսիայի են ենթարկվում եւ ծայրահեղական գնահատականների են արժանանում այս երեք համակարգերը` բանակ, եկեղեցի եւ կրթություն։ Այսօրվա հավաքը առիթ է եւս մեկ անգամ ազդարարելու, որ թույլ չենք տալու հասարակության մեջ անվստահություն սերմանել այն արժեհամակարգի նկատմամբ, որի կրողն է մեր ժողովուրդը, թույլ չենք տալու սերմանել կեղծ արժեքներ, հայ քաղաքացուն շեղել ճշմարիտ ճանապարհից»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցներում «Ֆիզկուլտուրա» եւ ՆԶՊ առարկաների հետ կապված խնդիրը պայմանավորված է նյութատեխնիկական բազայի անկատարությամբ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ առաջիկա տարիներին նյութատեխնիկական բազայի ձեռքբերման և թարմացման առումով լուրջ փոփոխություններ չեն կարող լինել, ուստի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետք է մշակել քիչ ծախսատար ծրագրեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանն էլ նշեց, որ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» պայմաններում ավելի է կարեւորվում ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված անհատի, ապագա զինվորի անհրաժեշտությունը: Բացի դրանից, զինվորն ինչքան լավ ռազմահայրենասիրական դաստիարակություն ստացած լինի, այնքան քիչ կլինեն բանակում տեղ գտնող բացասական երեւույթները. «Բանակային երկու տարվա ընթացքում հնարավոր չէ լիովին ուղղել սխալ դաստիարակություն ստացած պատանիներին, դա բանակի՝խնդիրն էլ չէ։ Այդ խնդիրը մերն է` դաստիարակել ֆիզիկապես եւ հոգեպես առողջ սերունդ»։
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանն իր զեկույցում ներկայացրեց 2011թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված լայնածավալ աշխատանքները հատկապես հանրակրթական ոլորտում. «Ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար 2011թ. ընթացքում պարբերաբար կազմակերպվել են այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի աշխատանքային հանդիպումներ, կատարվել են ուսումնասիրություններ, դպրոցներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետ կազմակերպման համար կարևոր խթան են եղել պաշտպանության նախարարության աջակցությամբ աշակերտների այցելությունները «Մայր Հայաստան» և «Սարդարապատ» թանգարաններ, Վազգեն Սարգսյանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտներ, ՀՀ ԶՈՒ զորամասեր, հայոց զինական արվեստին ու պատմությանն առնչվող պատմական վայրեր ու հուշահամալիրներ»: Ինչպես նշեց Վ.Ավետիսյանը, տարվա ընթացքում կազմակերպվել են 434 այցելություններ, որոնց մասնակցել է 5640 մարդ.
«Զինված ուժերի բոլոր զորամասերին կցված հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում լայն արձագանք գտան «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենիք» և «Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով շարադրությունների հանրապետական մրցույթները: Առավել հաջողված 25 աշխատանքների հեղինակները պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվեցին պատվոգրերով ու արժեքավոր նվերներով»: Զեկույցի համաձայն` բանակային ուսումնական կենտրոններում և զորավարժարաններում անցկացվեցին «Կորյուն» ռազմամարզական խաղերը` մասնակիցների մեծ թվով, ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև հանրապետական օլիմպիադա. «Արժանահիշատակ են նաև Հայաստանի Ազգային հերոսներ Ջիվան Աբրահամյանի և Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ և Գեղազնիկ Միքայելյանի 60-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումները, որոնք հայրենասիրության յուրօրինակ դաս էին միջոցառումներին մասնակցած դպրոցականների և ուսանողների համար»: ՀՀ մարզերում և Երևանում իրականացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ դրանց մասնակցածների 31 տոկոսը կարծում է, որ հայրենասեր երիտասարդ դաստիարակելու համար դպրոցը պետք է նախևառաջ սերմանի հայրենասիրություն: Հարցմանը մասնակցած զինակոչիկներից շատերը գտնում են, որ պետք է ավելացնել «Նախնական զինվորական պատրաստության» ժամերը, դրանք դարձնել առավել հետաքրքիր ու գործնական, կազմակերպել էքսկուրսիաներ դեպի զորամասեր, աշակերտներին ծանոթացնել բանակի առօրյային:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշեց, որ քննարկված հարցերը ժամանակի պահանջ են: Նախարարը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին եւ նշեց, որ Հանրապետության նախագահի հետ Ամանորի նախօրեին այցելելու է զորամասեր. «Ոչ միայն Ամանորի նախօրեին, այլև յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, րոպե եւ վայրկյան ես իմ զինվորներին, ծառայակից ընկերներին մշտապես ցանկանում եմ քաջառողջություն, անձնական, ընտանեկան երջանկություն, հաջողություններ մեր սրբազան գործում, իրականացվող խնդիրների ժամանակ, որոնք առաջին հերթին ուղղված են մեր սահմանների պաշտպանությանը, մեր երկրի անվտանգությունն ապահովելուն: Ամենակարեւորը՝ ես ուզում եմ մեր ունեցած ձեռքբերումները, զինվորի, ստորաբաժանման կողմից ձեռք բերված հմտությունները, ունակությունները օգտագործվեն միայն զորավարժությունների ժամանակ: Դրանցում ցույց տրված արդյունքներն ամենակարեւոր կանխարգելիչ միջոցառումներն են` ցանկացած ագրեսիայի դիմագրավելու համար»:
Միջոցառման ավարտին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար հասարակական կյանքի տարբեր ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ