Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑ…



ԶՐՈՒՅՑ...Պատահում է, չէ՞, որ մի անպատեհ միտք գալիս-խցկվում է գլխիդ մեջ ու սկսում ծավալվել: Ուզում ես ազատվել դրանից, բայց չես կարողանում: Ուզում ես ուրիշ բան մտածել, բայց էդ միտքը գրավում է ամբողջ ուղեղդ…

-Հիմա գլխիդ մեջ սևեռուն միտք չկա չէ՞,- Տաթևը շոշափում է գլուխս, ասես ափերը զգալու են սևեռուն մտքերիս ներկայությունը:

-Շոյո՞ւմ ես ընկերուհուդ, շոյի, շոյի,- ասում է Սարգիս պապը գորովանքով: Նա նստել է ծիրանենու տակ ու աչքերը կկոցած՝ նայում է մեզ: Անգույն շրթունքների ծալքերում ժպիտ կա՝ աշնան վերջին արևի պես դալուկ ու մարմրող:

-Բոլորովի՞ն չի լսում,- հարցնում եմ Տաթևին:

-Սկսվեեեեե՜ց,- մռթմռթում է Տաթևը,- հիսուներորդ անգամ ես հարցնում, աշխարհը փլվում է շուրջդ, դու սևեռվել ես Սարգիս պապի լսողության վրա… Հա, չի լսում, բոլորովին չի լսում, ոչ ջրի խշխշոց, ոչ տերևի սոսափ, ոչ քո բառերով ասած՝ քամու բերած սիրո անդրաշխարհիկ խոստում, ոչ էլ, պատկերացրու, Պագանինիի մեղեդիները: Չի լսում, սպանեցիր…

-Ի՞նչ անդրաշխարհիկ խոստում,- ինձ թվում է՝ կորցրել եմ զրույցի տուտը:

-Մի բանաստեղծություն էիր գրել, է՝ սա քամի չէ, սիրո խոստում է՝ անդրաշխարհիկ լեզվով, սա լուսին չէ, սա իմ սիրտն է աստղափոշի թափում ձեր երազների վրա:

Տաթևը ոտքի է կանգնում ու սկսում ասմունքել, ձայնը նմանեցնելով իմ ձայնին: Հանկարծ ես հիշում եմ, որ հին թավշյա, բալագույն ալբոմի մեջ Սարգիս պապը բարձրահասակ, թիկնեղ, բարեկազմ տղա էր: Մեծ ճակատ ուներ, գանգուր մազեր, սև խոշոր աչքեր, որ նայում էին չարաճճի ժպիտով: …Ու պապի դողացող ձեռքերը շոյելու անդիմադրելի ցանկություն եմ զգում, ինչ-որ բան ներսից բարձրանում, հասնում է կոպերիս:

-Պապի ջան, շատ սիրուն ես եղել ժամանակին,- ասում եմ՝ չոքելով պապի առաջ:

-Մականունը «Սրտակեր» է,- ասում է Տաթևը:

-Էր,- ուղղում եմ ես,- «Սրտակեր» էր, Տաթև…

-Դե, հա, չասի՝ հիմա սրտակեր է: Ժամանակին պապս ամբողջ քաղաքին է խելքահան արել: Օդաչու էր: Տատս ասում է՝ 40 տարեկանում որ երկնքից իջնում էր, կապույտ համազգեստով մտնում էր թաղ, 20 տարեկան աղջկները նվաղում էին:

Սարգիս պապը ձեռնափայտին հենված, դողդողալով փորձում է ոտքի կանգնել:

-Ո՞ւր ես գնում, պապի,- ծղրտում է Տաթևը:

-Ի՞նչ,- պապը նայում է՝ խունացած աչքերը անորոշ հառած դեմքիս:

Ես մատով ցույց եմ տալիս Տաթևին ու գոռում եմ կոկորդովս մեկ.

-Տաթևը հարցնում է՝ ո՞ւր ես գնում:

-Ինչ Սիմոն, Սիմոնը յոթ պատան է մաշել հիմա: Տանկի մեջ վառվեց 92 թվին: Սեդա հարսին հորեղբայր Վարագը ամուսնացրեց միթևանի Սերոժի հետ, արցունքն աչքերին գնաց Սեդա հարսը:

-Էս ի՞նչ է խոսում,- հարցնում եմ Տաթևին:

-Ինչ ուզում, էդ էլ խոսում է, էս խլությունը մի առավելություն ունի՝ ամեն ինչ քո ուզածով է, ինչ ուզում, էն էլ լսում ես,-Տաթևը կչկչալով բռնում է պապի ձեռքից ու փորձում հասկանալ, թե որ կողմ է ուղևորվում: Ես նստում եմ հողին: Արևը պայծառ շողում է անամպ երկնքում, գետնից տաքությունը անցնում է մաշկիս, հոսում երակներիս միջով: Ես մեջքս հենում եմ ծիրանենու բնին ու փակում աչքերս: Տեսնես՝ Սիմոնն ով էր, որ տանկի մեջ վառվեց՝ մտածում եմ: Օդի մեջ հազարավոր ձայներ կան, առուն հոսում է գլգլալով, ծարավ հողը իր ճեղքերի մեջ է առնում ջուրը: Միջատների բզզոցը ձուլվել է քամու ձայնին, ծիրանենու տերևների մեջ լիքը թռչուններ կան՝ ծիտիկներ, տատրակներ ու մի զիլ ծլվլացող թռչուն, որի անունը չգիտեմ: Փոքրիկ է, մոխրագույն, բայց կանաչ պոչ ունի: Ինչպե՞ս կարելի է ապրել առանց լսելու կյանքի ձայները՝ մտածում եմ: Հերթական սևեռուն միտքը մեխվել է գլխիս մեջ: Ժամանակը խլում է ամեն ինչ՝ բոլոր շնորհներն ու վայելքները: Ձեռքերով փակում եմ ականջներս, ու ձայները հեռանում են: Ես ավելի եմ սեղմում ափերս, որ ամեն ինչ լռի: Խեղճ պապի…Կյանքը մի օր լռելու է բոլորիս շուրջ՝ միտքը բռնել է ուղեղս ու ասպատակում է դեպի սիրտս:

-Եկանք:

Ես բացում եմ աչքերս: Տաթևն է՝ պապի հետ:

-Զուգարան էր գնում,- ասում է Տաթևը ու պապին նստեցնում է քոթուկի վրա:

-Ի՞նչ կուտես,- ինձ է հարցնում:

-Բադրիջանով ձվածեղ,- ասում եմ ուղեղս եկած առաջին միտքը:

-Մամաս քո սիրած Ղարաբաղի գաթան է թխել:

Տաթևի հորաքրոջ ընտանիքը Ղարաբաղից եկել, ապրում է իրենց տանը: Երկհարկանի տան առաջին հարկը տվել են նրանց, իրենք 6 հոգով տեղավորվել երկրորդ հարկի երեք սենյակներում:

-Հորաքույրս մեր տունը չվառեց,- ասում է Տաթևը,- պապս կգժվեր: Դե, որ չի լսում, ռմբակոծության ժամանակ ասել է՝ երկրաշարժ է, մտեք սեղանի տակ:

-Դու չգիտե՞ս՝ ե՞րբ ենք գնալու Ղարաբաղ,- Սարգիս պապն է, ինձ է հարցնում:- Լիզային հազար անգամ ասի՝ ես մնամ: Անուշը կօգներ: Մի բաժին տաք ճաշ կտար, մինչև կգային:

-Անուշն ո՞վ է,- հարցնում եմ գոռալով:

-Չէ, հոգի ունեմ տալու, բողոքելու պատճառ չկա,- պատասխանում է պապը հանգիստ,- ուղղակի ես սովոր չեմ ուրիշ տեղ ապրելու, ես իմ տունն եմ ուզում: Եկանք ու մնացինք: Ասում են՝ թուրքերը կրակում են, թուրքերն էդ ե՞րբ չէին կրակում որ…

-Դե, հիմա ավելի ուժեղ են կրակում, պապի,- ես հիշում եմ, որ պապը չի լսում, բայց, այդուամենայնիվ, շարունակում եմ զրույցը:

-Հիմա ծաղիկն ընկել է, ծառերը պտղել են: Գիտես՝ քանի հատ դեղձի ծառ ունենք: Բերքահավաքին կգաս…

-Պապի ջան,- ասում եմ ես, արդեն կամաց եմ ասում,- էս տարի էլ բերքահավաքը դու չես անելու քո այգում:

-Սմբա՞տս…Սմբատիս ջանին մեռնեմ: Որ Սմբատս ողջ լիներ, մենք սկի դուրս կգայի՞նք մեր տնից, թուրքը ինչքան ուզում է կրակեր: …Դու գիտես՝ Սմբատս ո՞նց ամուսնացավ Լիզայիս հետ:

Ես բացասաբար շարժում եմ գլուխս:

-Ղարաբաղում էր ծառայում: Լիզայիս տեսել, սիրահարվել էր: Եկավ, թե՝ Սարգիս ամի, ուզում եմ Լիզայի ձեռքը խնդրեմ, ծնողներս գան, նշան դնեն: Ասի՝ մի պայմանով՝ պիտի Ղարաբաղում ապրեք ամուսնանալուց հետո, իմ տանը: Ասաց՝ Սարգիս ամի, փառք Աստծուն, իմ հերը 5 տղա ունի, ես էլ Ղարաբաղում կապրեմ, ի՞նչ կա որ… Իմ հարազատ տղայի պես սիրում էի Սմբատին: Սմբատիս մեդալները որ տեսնես, կզարմանաս: Հրամանատար էր կռվի ժամանակ, անունը տալիս էիր, թուրքերը լցնում էին տակները: Որ Սմբատը տանն էր, ո՞վ էր թուրքի կրակոցից վախենում: Աստված տարավ իր մոտ: Հիվանդ ժամանակ ինձ ասեց՝ Սարգիս ամի, տան միակ տղամարդը դու ես հիմա, աղջիկներիս հայրություն կանես:

Սարգիս պապը ձեռնափայտի կոթով երեկվա անձրեւից հետո թափված տերևները հավաքում է իրար գլխի, իսկ մանրիկ քարերը նետում է առուն: Ես նայում եմ Սարգիս պապի խամրած աչքերին: Ուղեղս սկսում է անկանոն տրոփել: Ինչքան բան են տեսել այդ աչքերը: Տեսնես՝ որտե՞ղ են պահում աչքերը իրենց տեսածը, ո՞ւր են կորչում աչքերի մեջ արտացոլված միլիոնավոր պատկերները: Ինչո՞ւ են աչքերը խամրում: Ինչո՞ւ են հենց աչքերը լալիս…

-Տաթևը պատմել է, թե ոնց ես առավոտից իրիկուն աշխատել, որ թոռներդ ոչ մի բանի պակաս չունենան,- ասում եմ:

-Սմբատս հերոս էր, թուրքը մեր գյուղ չմտավ, Սմբատս ասաց՝ ամի, ես քեզ խոսք եմ տալիս, որ թուրքը մեր գյուղի երեսը չի տեսնի:

-Դու էլ պակաս հերոս չես: Սմբատ քեռին հպարտանում էր քեզնով, ասում էր՝ Սարգիս ամու փեսան լինելը պատիվ է:

-Հենց հասա գյուղ, առանց տուն մտնելու գնալու եմ Սմբատիս գերեզմանին խունկ վառեմ….

-Կվառես, պապի ջան, մի օր կվառես…

-Ասիր՝ կգամ, կգամ ու չեկար մեր գյուղ: Դրախտը կտեսնեիր քո աչքերով: Էսօր-էգուց, որ գնանք, կգաս՝ քեզ հետներս տանենք:

-Էսօր-էգուց չի լինի, պապի ջան: Պիտի դիմանաս մի քիչ:

-Ապրե՜ս, Հաբեթի ավտոյով կգնանք, դու շոֆերի կողքին կնստես, որ սիրտդ չխառնի: Կգնանք…

-Ո՞ւր կգնանք, այ պապի, ախր ո՞նց կգնանք:

-Քեզ էլ են պատմե՞լ: Տաթևն ասեց՝ սիրտդ էր բուքսավատ անում, յանի՝ չէր աշխատում: Լիզան վախեցել էր, լաց էր լինում: Ասի՝ այ բալա, հեչ չվախենաս, ես օտարության մեջ մեռնողը չեմ, մինչև մեր տուն չհասնեմ, իմ տեղերի մեջ չպառկեմ, չեմ մեռնի, չվախենաս:

-Մեր հողին էնքան անհայրենիք քոչվոր խառնվեց, որ հողը նեղացավ մեզնից:

-Արևդ ապրի, ես էլ եմ էդ ասում. հողը էրեխու նման բան է, իր մորն է ուզում…

Տաթևը նայում է զարմացած.

-Էդ զրուցո՞ւմ եք:

Ես գլխով եմ անում:

– Էն էլ շշուկո՞վ:

-Քեզ էնպիսի նռան գինի հյուրասիրեմ, որ կյանքում չմոռանաս,-պապը չի նկատել Տաթևին:

-Հա, ես նռան գինի շատ եմ սիրում,- պատասխանում եմ:

-Թուրքերի՞ց խի ես վախում….Մեկ-մեկ փստացնում են, իբր՝ կրակում են էլի, ամոթ չի՞, որ թուրքերից վախում ես:

-Թուրքն ո՞վ է, որ թուրքից վախենամ,- ես գոռում եմ: Հետս ինչ-որ բան է կատարվում: Զգում եմ՝ ինչպես է տաք ալիքը անցնում մարմնովս…

-Ես թուրքի՛ց չեմ վախենում, թուրքը թո՛ղ ինձնից վախենա.- ես զգում եմ ողնաշարիս դողն ու ավելի բարձր եմ ծղրտում:

-Գժվեցի՞ր,- Տաթևը ծիծաղում է, հոնքերը հասցրել է ճակատին ու ծիծաղում է: Պապը ուշադիր նայում է դեմքիս:

-Էս ընկերուհիդ ինչի՞ կատաղեց,- հարցնում է Տաթևին,- հանգիստ զրույց էինք անում:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1438) 29.06.2022 - 05.07.2022, Հոգևոր-մշակութային


01/07/2022