Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՄԱՂ ԳՈՀԱՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ



ՇԱՐՄԱՂ ԳՈՀԱՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸՀայերիս կարեւոր ազգային առանձնահատկություններից մեկն էլ գերդաստանի, տոհմի բնատուր զգացողությունն է, կապվածությունը, ազգակցական զգացումը։ Մենք նման չենք այն ազգերին, որոնք համարյա օտարի պես են նույնիսկ մոտ ազգականների՝ զարմիկ-զարմուհիների հետ, եւ սերը, նվիրվածությունը փոխարինում են սառը քաղաքավարությամբ, հոգատարությունը, ջերմությունը՝ պարտականությամբ։

Ես քաղաքի աղջիկ էի, սիրահարվեցի համակուրսեցուս, ամուսնացա ու գյուղ գնացի։ Սկեսուրս խիստ, պահանջկոտ, բայց շատ արդարամիտ ու հոգատար կին էր։ Ամուսնուս գերդաստանը, թերեւս, ամենամեծն էր գյուղում, եւ սկեսուրս, ում շարմաղ Գոհար էին ասում, այդ գերդաստանի մերանն էր, շաղախը, մեծ տիկինը։ Գիտեր, ով ինչպես է ապրում, ում տանը ինչ կա, ով ինչ հոգս ունի։ Բոլորին օգնում էր, անհաշտ ամուսիններին շարմաղ Գոհարն էր խելքի բերում, հիվանդ երեխաներին շարմաղ Գոհարն էր բժշկում, շարմաղ Գոհարն էր լավաշ, կաթ, պանիր ու մածուն հասցնում չունեւորին, թխում հարսանիքի լավաշն ու եփում հոգեհացի խաշլաման։ Մեր գերդաստանում ոչինչ առանց շարմաղ Գոհարի չէր լինում։ Նրանից քաշվում էին, հետը հաշվի էին նստում, խորհուրդ էին հարցնում։

Սկեսրոջս 4 որդիները՝ կանանց ու երեխաների հետ նույն տանն էին ապրում։ Շարմաղ Գոհարը կարգուկանոն էր սիրում, չէր հանդուրժում վեճ ու տարաձայնություն, եւ մեր մեծ ընտանիքը ապրում էր սկեսրոջս սահմանած կանոններով, ոչ մեկի մտքով չէր անցնում շրջանցել դրանք կամ չենթարկվել։

Մեզ հետ էր ապրում նաեւ ամուսնուս հեռավոր ազգականը։ Նա միջնեկ տեգորս հասակակիցն էր։ Ծնողները վախճանվել էին ավտովթարից, եւ սկեսուրս որբացած 5-ամյա փոքրիկին իր տուն էր բերել, առանց տարբերելու չորս որդիներից, պահել-մեծացրել էր։ Գեղամը գյուղի բարբառով նանա ¥մամա¤ էր ասում շարմաղ Գոհարին։ Սկեսուրս երբեմն բողոքում էր. «Չորս տղաներիս համար էնքան չեմ տանջվել, որքան Գեղամի, չորսի վրա էնքան ամակ չունեմ, որքան էս մեկի»։ Գեղամը տաքգլուխ, կռվարար տղա էր, անընդհատ պատմությունների մեջ էր ընկնում։ Մի անգամ էլ կռվի ժամանակ մեկին մարմնական վնասվածք հասցրեց ու բանտ ընկավ։ Սկեսուրս մորմոքում էր. «Ի՞նչ պատասխան եմ տալու էն աշխարհում էդ եթիմի  մորը, էդ ո՞նց եղավ, հիմի ո՞նց պիտի ապրի բանտում»։ Պատմում են, որ Գեղամը մինչեւ վերջ սիրտ չի արել աչքերը բարձրացնել ու նայել բանտում իրեն տեսակցության գնացած «նանային»։ Տարիներ անց, երբ երկու տեգրերս արդեն առանձին տուն ունեին գյուղում, սկեսուրս ամուսնացրեց նաեւ Գեղամին, ամուսնու եւ որդիների հետ տուն սարքեց նաեւ նրա համար։

…Օրերից մի օր ամուսինս հարմար գործ գտավ Երեւանում, կարողացավ համոզել մորը, ու մենք տեղափոխվեցինք մայրաքաղաք։ Սկզբում վարձով էինք ապրում, հետո բնակարան ստացանք։ Ամուսնուս գերդաստանի բոլոր ուսանողները մեր տանն էին ապրում։ Սկեսուրս մեր կարծիքը չէր էլ հարցնում, երբեմն վարձով տնից զոռով մեր տուն էր բերում ամուսնու յոթ պորտ հեռու ազգականներին։ Մենք միշտ առնվազն երկու ուսանող ունեինք։ Մի տարի մեր երեք սենյականոց բնակարանում երեք որդիներիս հետ եւս չորս ուսանող էի պահում, ու դժգոհ չէի։ Ես հասկանում ու գնահատում էի սկեսրոջս, նրա հոգին, զգացմունքները, մտածելակերպը։ Նա իրեն պատասխանատու էր զգում բոլորի համար, իր մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամի ու մյուսներին էլ ստիպում էր իր պես մտածել։

Շարմաղ Գոհարի ծննդյան 90-ամյակին ասեղ գցելու տեղ չկար մեր տանը։ Սեղանը բակում էինք գցել, ծայրը չէր երեւում, բայց էլի նստատեղերը չէին հերիքում։ Գալիս էին ու գալիս։ Բոլոր նրանք, ում ձեռք էր մեկնել, օգնել էր շարմաղ Գոհարը, սիրտը թեթեւացնելու պես պատմում էին նրա բարեգործություններից, շռայլությունից։ Շարմաղ Գոհարը նստել էր սեղանի գլխին, աչքերը փայլում էին. երջանիկ նայում էր իրար գլխի հավաքված հեռու-մոտիկ հարազատներին, ու մի բուռ դարձած 90-ամյա կնոջից լույս էր ճառագում։ Այդ տարի շարմաղ Գոհարը մահացավ։ Քնեց ու չարթնացավ…

Ցուրտ ու մութ տարիներին ամուսինս Ռուսաստան գնաց։ Վեց ամիսը դարձավ մեկ տարի, մեկը՝ երկու, երկուսը՝ երեք։ Մի օր էլ իմացանք, որ ամուսնացել է։ Մենք շատ դժվարությամբ էինք ապրում, մեծ տղաս բանակում էր, մյուս երկուսը դպրոցական էին, ես էլ ընդամենը մանկավարժի աշխատավարձ էի ստանում։ Ճարահատյալ թողեցի աշխատանքս, տղաներիս առա ու գյուղ վերադարձա։ Ամուսնուս գերդաստանը, բոլորը մեզ տեր կանգնեցին, օգնեցին։ Հող մշակեցինք, անասուն առանք։ Որդիներս շարմաղ Գոհարին են քաշել. ազնիվ, պատվով, ուժեղ տղաներ են։ Մեծս էն դժվար տարիներին ծառայեց։ Ծառայությունից 5 տարի անց նոր իմացել եմ, որ մրսել է դիրքերում, թոքաբորբ է ունեցել ու մոտ 20 օր բուժվել է հոսպիտալում։ Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվեց Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետ։ Միջնեկս բանակ գնաց բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո։ Երբ հրամանատարն իմացավ, որ Գոռի մայրն եմ, ինձ իր կաբինետ հրավիրեց։ Էնքան գովեց տղայիս, ասաց. «Իսկական բժիշկ է, հոգատար, բարեսիրտ, ուշադիր, զինվորները դոկտոր են ասում, շատ են սիրում Գոռին։ Ամենափոքր գանգատի դեպքում անգամ մանրամասն քննում է տղաներին, բուժում է։ Շատ լավ մասնագետ է, ինքն իր վրա վստահ։Նրա ախտորոշումը անվրեպ է ու վերջնական»։ Ես էլ ինչ անեմ, որ լավ լինի, սկսեցի հրամանատարին երկար ու բարակ շարմաղ Գոհարի մասին պատմել, Գոռս տատին է քաշել, ասացի, նա էլ էր շատ բարեսիրտ, կրթություն չուներ, բայց ուսումնական բժիշկներից լավ էր հասկանում ու բուժում։

Գոռս նոր էր վերադարձել բանակից, կեսգիշերին հեռախոսը զնգաց։ Վերցրեց լսափողը, սկսեց ռուսերեն խոսել։ Պարզվեց` ամուսինս կաթված է ստացել, անշարժ պառկած է, ռուս կինը ամուսնացել է ուրիշի հետ, մեկնել Լեհաստան, 7 տարեկան որդուն՝ Հակոբին թողնելով 85- ամյա ծեր, ձեռուոտից ընկած մոր մոտ։ Զանգողը ամուսնուս ընկերն էր։ 10 տարի ամուսնուցս ոչ մի լուր չունեինք, ու հանկարծ՝ հաշմանդամ է դարձել, միայնակ է ու անօգնական։ Առավոտյան տղաս ասաց՝ գնում եմ պապային բերեմ։ Հակոբիկին էլ:

… Հիմա ես խնամում եմ հիվանդ ամուսնուս։ Նա չի շարժվում, նույնիսկ դժվարանում է գդալ բռնել։ Պահում եմ նրա 7 տարեկան տղային: Շեկլիկ, ռուսի նման երեխա է, քիչ-քիչ հայերեն է սովորում, շատ է սիրում խաղալ հորթուկների եւ ուլերի հետ։

Այս տարին նշանավոր է մեզ համար. փոքր տղաս բանակ կգնա, Հակոբիկը՝ դպրոց, 3 ամսից կծնվի առաջին թոռս, եւ եթե Աստված կամենա՝ կամուսնացնեմ Գոռիս։ Բախտից դժգոհ չեմ։ Փոքր տղաս նույնպես ավարտեց բժշկական ինստիտուտը, վիրաբույժ է։ Ինքնագովություն չլինի՝ շատ լավ տղա ունեմ։ Առանց հոր մեծացավ, հոգս ու զրկանք տեսավ, վաղաժամ հասունացավ, լրջացավ։ Շատ կամքով է, լրջախոհ։ Շատ կապված է ինձ հետ, հաճախ ենք զրուցում։ Լսում է խորհուրդներս։ Դե, ես էլ մայր եմ ու լավ եմ հասկանում իրենց զավակներին բանակ ճանապարհած մայրերին, նրանց ապրումները, մտահոգությունները, հուզմունքը։ Որդուս խրատ եմ տալիս, որ բոլորի հանդեպ ուշադիր լինի։ Մարդիկ տարբեր բնավորություն ունեն։ Մեկը փոքր ցավից անգամ աղմուկ կբարձրացնի, ուշադրություն կհրավիրի իր վրա, գլխի ճարը կտեսնի, իսկ մարդ էլ կա` ցավը ներս կանի, դանակը ոսկորին պիտի հասնի, որ օգնություն խնդրի։ Բժիշկը պիտի հենց նմանների հանդեպ ուշադիր լինի, պիտի նկատի այն, ինչ ուրիշները չեն նկատում։ Գոռս մի զինվորի մասին պատմում էր, թե տաքությունը 39 աստիճան՝ պատրաստվում էր դիրքեր բարձրանալ, ու եթե ինքը չնկատեր դեմքի կարմրությունը, ով գիտի, ինչ բարդություններ կառաջանային։

Երջանիկ կլինեմ, որ Արշակս Գոռիս պես լավ ծառայի, որ ճակատը բաց, փառքուպատվով, մեծարանքով վերադառնա զորամասից։ Մարդուց մի անուն է մնում, կյանքում ամենակարեւորն այն է, որ պարտք չմնաս ոչ մեկին, որ խիղճդ հանգիստ փակես աչքերդ։ Այդպես ապրեց սկեսուրս՝ շարմաղ Գոհարը, օգնեց՝ ում կարող էր, ինչով կարող էր, բաժանեց՝ առանց ակնկալիքի, իր պարտքը լիուլի կատարեց բոլորի հանդեպ՝ եւ՛ հարազատի, եւ՛ հեռու-մոտիկ ազգականի, եւ՛ օտարի։

Մեր ընտանիքը հիմա բավականին ապահովված է։ Հողը պահում է։ Սակայն հոգսերն էլ օր օրի շատանում են, հարկավոր է փող ետ գցել։ Տղաներս ամուսնանում են, ընտանիքը մեծանում է։ Շուտով անհրաժեշտ կլինի նոր տուն կառուցել, երեք եղբայրներով չեն կարող նույն տան մեջ ապրել, էլ չեմ ասում, որ մի տասը տարի հետո Հակոբիկի հերթը կգա։ Երբեք տղաներիս չեմ թողնի գյուղից դուրս գան։ Եթե մենք քաղաք չգնայինք, ամուսինս Ռուսաստան չէր մեկնի։ Ես պարտք ունեմ շարմաղ Գոհարի հիշատակի առաջ: Նրա թոռները պարտավոր են արժանի լինել իրենց տատի պատվին ու հեղինակությանը, իրենց տատի բարի համբավին. իմ պարտքն է դաստիարակել շարմաղ Գոհարի ժառանգներին։

ՍՈՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Վայոց ձոր

Խորագիր՝ #16 (1438) 29.06.2022 - 05.07.2022, Հոգևոր-մշակութային


01/07/2022