Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԻՉ ԼՈԶՈՒՆԳՆԵՐ՝ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ



ՔԻՉ ԼՈԶՈՒՆԳՆԵՐ՝ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԳնդապետ Վահան Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2021 թ. ճանաչվել է ԶՈՒ լավագույն զորամաս: Եվ մեր զրուցակիցը զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Ավանեսովն է:

 

-Պարոն Ավանեսով, ի՞նչ նախադրյալներ են Ձեր զորամասի հաջողությունների հիմքում:

-Մենք շատ ենք աշխատել, ներդրել ենք ամբողջ ուժերը: Ուշադրության կենտրոնում ենք պահել զորքի մարտական պատրաստությունը ապահովող բոլոր բաղադրիչները՝ սկսած զինվորի կենցաղային պայմաններից, միջանձնային հարաբերություններից մինչև մասնագիտական արհեստավարժություն: Զինվորական գործի մեջ մանրուքներ չկան, իսկ հսկողությունն ու հետևողականությունը պետք է լինեն անընդհատ, այլապես ցանկալի արդյունքի չես հասնի:

-Դուք, որպես մարտական բարձր պատրաստության նախադրյալներ, նշեցիք զորքի մասնագիտական արհեստավարժությունը, միջանձնային հարաբերությունները և կենցաղային պայմանները: Եկեք ավելի մանրամասն խոսենք այս երեքից:

-Մասնագիտական ուսուցումը մեր գործունեության գերակա ուղղությունն է: Հատկապես սահմանին զինծառայողը պետք է լավագույնս տիրապետի իր զինվորական մասնագիտությանը, որպեսզի լինի ինքնավստահ, կարողանա լիարժեք կատարել առաջադրված խնդիրը: Եվ տեսական, և գործնական պարապմունքերի համադրումը ապահովում է գիտելիքների յուրացման և պատրաստվածության բարձր մակարդակ: Միջանձնային հարաբերությունների բարոյականությունը, հոգեբանական ապահովման արդյունավետությունը երաշխավորում են զինվորական կոլեկտիվի ընդհանուր և անհատական ձգտումները՝ նվաճելու նոր բարձունքներ, լավագույնս կատարելու կանոնադրային պարտականությունները: Այստեղ շատ կարևոր է ինչպես զինծառայողների տրամադրվածությունը, այնպես էլ գաղափարական առանցքի հստակությունն ու ամրությունը, որի շուրջ իմաստավորվում են մեր բոլոր ջանքերն ու ձգտումները:

-Ի՞նչ կապ ունեն կենցաղային պայմանները մարտական պատրաստության հետ:

-Ուղղակի. չարժևորված զինվորը չի կարող արժևորել իր առաքելությունը: Եթե մենք ասում ենք, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, պիտի հավուր պատշաճի հարգենք, մեծարենք Հայրենիքի պաշտպանին: Զինծառայողը պետք է ապրի բարեկեցիկ պայմաններում, պիտի լավ հագուստ ունենա, պիտի լավ սնվի: Մենք պիտի նրան տանք ամենալավը, որպեսզի բարոյական իրավունք ունենանք նրանից պահանջելու, որ կյանքը չխնայի Հայրենիքի համար:

ՔԻՉ ԼՈԶՈՒՆԳՆԵՐ՝ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ-Մենք զինվորին տալի՞ս ենք ամենալավը:

-Ես հաճախ որդիներին այցելած ծնողներին հրավիրում եմ զորամաս, ցույց եմ տալիս իրենց որդիների մաքուր անկողինները, դասավորված դարակները, զորամասի տարածքը, խնդրում եմ, որ ճաշեն իրենց որդիների հետ: Նրանք ապշած են մնում, թե մենք ինչպես ենք սնում մեր զինվորին:

-Եկեք ավելի մանրամասն խոսենք միջանձնային հարաբերությունների մասին: Պատերազմներից հետո կռիվ տեսած զորքը երկար ժամանակ չի կարողանում վերադառնալ կանոնադրային հարաբերությունների:

-Մենք դա կանխատեսել էինք և հակազդման գործուն միջոցներ էինք ներդրել՝ ուժեղացնել հսկողությունը, իրավական գնահատական տալ բոլոր, անգամ ամենաչնչին զանցանքներին, ոչինչ չկոծկել, տանել բացատրական աշխատանք: Հետպատերազմյան ախտանիշը նկատելի էր հատկապես զորակոչի ժամանակ, երբ զորքը համալրվում էր նորակոչիկներով: Ոմանք կարծում էին, որ բանակը չունի նախկին խստությունն ու կարգապահությունը: Մենք շատ արագ համոզեցինք, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, բանակի ողնաշարը կանգուն է ու ամուր, մնում է հայացքը հառել մեր համազգային նպատակներին ու ինքնավստահ շարժվել առաջ:

-Եկեք խոսենք ապրիլին և հունիսին կայացած զորավարժություններից:

ՔԻՉ ԼՈԶՈՒՆԳՆԵՐ՝ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ-Ապրիլյանը գումարտակի կազմով առանց հրաձգության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտավարական բոլոր հնարքներով հագեցած զորավարժություն էր, որի ընթացքում մեր տղաները ցույց տվեցին, որ իրապես պատրաստ են Հայրենիքի պաշտպանությանը և կարող են անառիկ պահել իրենց վստահված սահմանը: Հունիսին տեղի ունեցավ գումարտակային մարտավարական զորավարժություն:

-Հարձակողակա՞ն բնույթի:

-Այո, եւ մեր գումարտակն իր բոլոր ստորաբաժանումներով հստակորեն կատարեց առաջադրանքը: Բազմաթիվ սպաներ ու զինվորներ պարգևատրվեցին:

-Ի՞նչ վիճակ է ձեր զորամասի պաշտպանած սահմաններին:

-Հանգիստ է. որքան մենք ուժեղ լինենք, այնքան սահմանին միջադեպերը քիչ կլինեն:

-Սահմանը մեծ մասամբ պաշտպանվում է պայմանագրայինների ուժերով: Որքանո՞վ է արդյունավետ նրանց ծառայությունը:

-Ինչ վերաբերում է մասնագիտական որակներին՝ պայմանագրայինները պետք է անպայման անցած լինեն ժամկետային ծառայություն: Այսինքն՝ զինվորական գործն ու բանակի գաղափարախոսությունը անծանոթ չեն նրանց: Պայմանագրայինների հրամանատարները ընտրվում են մեր լավագույն սպաներից, որոնք ունեն փորձառություն և նախկինում հաջողության են հասել միջանձնային օրինակելի հարաբերություններ ձևավորելու գործում:

-Եզրափակենք մեր զրույցը…

-Եկել է պրագմատիզմի ժամանակաշրջանը՝ քիչ լուզունգներ, շատ աշխատանք: Պիտի յուրաքանչյուրս մտածենք, որ մեր, հենց մեր թափած քրտինքն է հզորացնելու մեր բանակն ու մեր ժողովրդին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1438) 29.06.2022 - 05.07.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/07/2022