Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄԲԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ՃԱՄԲԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում 14-րդ անգամ սկսեց գործել ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացավ 2022թգ հուլիսի 2-ին։

Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան սպաներ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ, հյուրեր, բարերարներ, պատանիների ծնողները: Հանդիսավոր մասից առաջ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ճամբարում տեղադրված խաչքարի առջև՝ հարգելով Արցախյան պատերազմներում զոհված հերոսների սուրբ հիշատակը:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին աշխատակազմի ղեկավար, փոխգնդապետ Ֆարմանյանը զեկուցեց, որ պատանի երկրապահները շարված են։ Ս. Միքայելյանը ողջունեց պատանիներին, որից հետո Տերունական աղոթքով ներկաներին օրհնեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ավագ գնդերեց ԵԿՄ հոգևոր հովիվ Տեր Ենովքը և Ծովինարի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանան։

ՃԱՄԲԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՊատանի երկրապահներին ողջույնի խոսքով դիմեցին նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին «Պատանի երկրապահ» ակումբների եւ գործող ճամբարի դերը։ Իր խոսքում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս. Միքայելյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի 3000-ից ավելի պատանիներ են մասնակցում ճամբարի ուսումնամարզական հավաքներին։ Նաև այստեղ ձևավորվում է Հայոց բանակի վաղվա զինվորը։ Ս. Միքայելյանը հիշեցրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը. «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու»: Ս. Միքայելյանը հավելեց նաև, որ «Պատանի երկրապահ» ակումբի սաներից շատերն այսօր զինվորներ են, շատերն են ծառայում ռազմական ոլորտում: Արցախյան վերջին պատերազմին մասնակցել է մոտ 4000 երկրապահ, որոնցից 115-ը վիրավորվել են, 74-ը զոհվել են հայրենիքի պաշտպանության մարտերում։ Այսօր էլ երկրապահ կամավորականները հերթափոխով Հայոց սահմանն են պաշտպանում։

Միջոցառման պաշտոնական հատվածն ավարտվեց Պատանի երկրապահների շարային քայլերթով: ՀՀ, Արցախի և Երկրապահի դրոշակակիրներից հետո անցան բոլոր վաշտերը։ Պատանի երկրապահների նվագախումբը՝ ենթասպա Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ հնչեցրեց ՀՀ, Արցախի եւ Երկրապահի օրհներգերը։ Հանդիսավոր մասից հետո ներկաները ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջեցին ճամբարի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետեւեցին անցկացվող դասընթացներին:

Ճամբարի պետ Նարեկ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ճամբարում են 310 պատանիներ, որոնց հետ աշխատում են 40 հոգի՝ սպայական անձնակազմ, հրահանգիչներ, բուժաշխատողներ և այլոք։ Նշեց նաև, որ մինչեւ սեպտեմբեր այստեղ իրենց ճամբարային առօրյան կանցկանեն հանրապետության բոլոր մարզերի և Արցախի ավելի քան 3 հազար պատանի երկրապահներ: Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է դասացուցակ-օրակարգ՝ մոտեցված զինվորական կարգացուցակին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #17 (1439) 06.07.2022 - 12.07.2022, Բանակ և հասարակություն


08/07/2022