Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…



ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…Մարտակերտի շրջան. Վաղուհաս գյուղ: Հայկական այս հնամենի շենը փռված է Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մ բարձրության վրա՝ հարևան մյուս գեղատեսիլ գյուղից՝ Հաթերքից բաժանվելով Թարթառի հունով: Վաղուհասը հայտնի է իր վաղ շրջանի քրիստոնեական եկեղեցիներով՝ Տիրամայր վանք (1183թ.), «Հին Վաղուհաս» մատուռ (8-9-րդ դարեր), Կարմիր վանք (1224թ.), Խաթրավանք (1204թ.): Հայտնի է իր հնամենի խաչքարերով (այստեղ է գտնվում ստույգ թվագրված ամենահին հայկական խաչքարը՝ «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում՝ 866թ.): Ընդհանուր առմամբ, գյուղում հաշվառված է 125 հուշարձան: Եվ, իհարկե, Վաղուհասը հայտնի է նաև իր բնակիչներով՝ արդար, ազնիվ, աշխատասեր ու խելացի: Արցախյան առաջին պատերազմում այստեղ կազմավորված ինքնապաշտպանական ջոկատը մասնակցել է Մարտակերտի, Օմարի լեռնանցքի, Ասկերանի ինքնապաշտպանական մարտերին: Արցախի այն շեներից է, որտեղ  ադրբեջանցիներ երբևէ չեն բնակվել: Գյուղն իր հերոսներն ունի Արցախյան ազատամարտից. հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել Ս. Պետրոսյանը, Բ. Բաշխյանը: ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Սևյանը, Գ. Մուրադյանը:

Հայրենիքի համար կյանքը տվածներից մեկն էլ ակնարկիս հերոսներից է՝ ավագ լեյտենանտ Վազգեն Միխայելյանը՝ այս հող ու ջրի ծնունդ նվիրյալ սպան, որը զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Մատաղիսի պաշտպանության ընթացքում: Նա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր էր ավարտել ու, որպես սպա, ծառայում էր նշանակման վայրում, երբ պայթեց պատերազմը: Հասցրեց վտանգի պահին թաքստոցում ապահովել իր զինվորների անվտանգությունը, իսկ ինքը շտապեց վտանգին ընդառաջ… Երիտասարդ սպան ընդամենը քսաներկու տարեկան էր… Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով:

…Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ապրող Լևոն և Մարիա Միխայելյանները չորս որդի են աշխարհ բերել՝ Դավիթ, Վազգեն, Արմեն, Արսեն: Ընտանիքի հայրը՝ Լևոն Միխայելյանը, բնիկ վաղուհասցի է: Գյուղի պղնձի հանքավայրում է աշխատում: Տիկին Մարիան ծնվել, մեծացել է Գանձակում: 1992 թ., երբ հայերը հալածանքների էին ենթարկվում, ստիպված էր որպես փախստական՝ լքել հայրենի տունը: Եկել էր Հայաստան, հետո ճակատագրի բերումով հանդիպել ամուսնուն՝ Լևոնին ու տեղափոխվել Վաղուհաս:

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…Նրանց որդիներից երկուսը՝ Արմենն ու Վազգենը, 44-օրյա պատերազմի մասնակից են: Արմենն ու կրտսեր որդին՝ Արսենը, այս պահին էլ ծառայում են պաշտպանության բանակում: Արմենը, որը բանաստեղծական շնորհ ունի, շուտով կավարտի զինծառայությունը, իսկ Արսենը որոշել է ժակետային զինծառայությունից հետո, որպես պայմանագրային, մնալ բանակում:

– Չորս որդի ունեմ, չորսն էլ ինձ համար անգին են,- ասում է ընտանիքի հայրը:-  Ինչպես ասում են՝ մատներիս պես են տղաներս, որն էլ կտրես՝ ցավելու է: Ու բոլորն էլ հավասարապես խելացի, ազնիվ, լավն են: Չորս որդիս էլ մեծ հարգանք են վայելում գյուղում: Ճիշտ չէ, իհարկե, որ ես խոսեմ նրանց մասին, գովեմ, բայց նրանց մասին միշտ միայն դրականն ենք լսում բոլորից: Դե, որդիներիցս Վազգենը մեր մեծ ցավն ու նաև հպարտությունն է…

Վազգենը իններորդ դասարանից հորն ասել է, որ ցանկություն ունի սովորելու Վ.  Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում: Դեռ փոքրուց էր երազում զինվորական դառնալ: Նրա սիրած խաղը կռիվ-կռիվն էր. ամեն ինչի մասին մոռանում էր, տարերքի մեջ էր լինում խաղի պահին, ասես կռիվն իրական էր:

-Մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ չէի ուզում, որ զինվորական դառնա,- ասում է հայրը:- Մաթեմատիկայից գերազանց էր, առաջարկեցի, որ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում սովորի: «Չէ՛, պա՛պ, որոշումս վերջնական է: Դա՛ է իմ ընտրած ճանապարհը»:

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Քրիստափոր Իվանյանի անվ. ռազմամարզական վարժարան, գերազանցությամբ ավարտել, այնուհետև սովորել ու ավարտել Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը: Լեյտենանտի կոչմամբ վերադարձել էր Արցախ:

– Հրետանավոր էր Վազգենս: Նրա զինվորներն ասում են. «Նա մեզ համար մեծ եղբայր էր, ընկեր…»: Ծառայության ընթացքում մեծ եղբոր պես հոգում էր զինվորների մասին: Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս աշխատավարձի մեծ մասով զինակիցների համար գնումներ էր անում: Հայաստանցի տղաների մասին առանձնահատուկ էր հոգում. «Տղերքը էստեղ մոտիկ հարազատ չունեն. ոչնչի կարիք պիտի չունենան»:

Մեր տունը դեռ առաջին պատերազմի ժամանակ հրետակոծության տակ էր ընկել, վառվել: Վազգենս ինձ միշտ հույս էր տալիս. «Կվերականգնե՛նք, չմտածե՛ս»: Առողջությունս մի քիչ լավ չէր: Երբ տուն գար ծառայությունից, տեսներ՝ տան վրա եմ աշխատում, անմիջապես համազգեստը փոխում էր. «Պա՚պ ջան, դու գնա՛, հանգստացի՛ր, ես կանեմ»: Շատ խղճով էր, բարի, ֆիզիկապես շատ ամուր:

…Մեր գյուղում հիմա, ինչպես և պատերազմից առաջ, շինարարություն է ընթանում: Գյուղն արդեն իր վերանորոգված մանկապարտեզն ունի, դպրոցը, երեխաների համար նոր խաղահրապարակ ու զբոսայգի ենք կառուցել: Ամեն պայման կա Վաղուհասում ապրելու ու աշխատելու համար, ու մեր ժողովուրդը շատ կապված է իր հողին: Վաղուհասը թողնել, հեռանալն անհնարին է: Եվ եթե մի լույս չբացվի, եթե հարձակվեն, պիտի պաշտպանվենք, կռվենք: Թե պետք լինի՝ կմեռնենք. ուրիշ տարբերակ չկա։ Պատերազմից հետո մեր գյուղից դուրս եկողներ չեն եղել:  Ջահելներն էլ գյուղում են մնում: Այնպես չի, որ հնարավորություն չկա դուրս գնալու: Բայց ես ո՞նց իմ որդուս՝ Վազգենիս, հորս ու մորս շիրիմները թողնեմ, գնամ էստեղից: Անհնա՛ր է: Եվ բոլորն են մեր գյուղում ինձ նման մտածում: Ա՛յ էս է իրավիճակն այս պահին,-իր խոսքն այսպես է եզրափակում պարոն Լևոնը:

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ……Վաղուհաս գյուղի Գրիշա Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի Նախնական զինվորական պատրաստության դասասենյակն այժմ կրում է դպրոցի շրջանավարտ, հերոսաբար զոհված Վազգեն Միխայելյանի անունը, որին բոլորը հիշում են՝ որպես բարի, ազնիվ, պարզ ու պարկեշտ երիտասարդ, նպատակասլաց ու նվիրյալ հայրենասեր եւ… կոչումով զինվորական:

Հիշում է Վազգենի ընկերը՝ ՀՕՊ մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռուդոլֆ Խաչանյանը, որը նրա մտերիմ ընկերն է եղել դեռ ռազմամարզական վարժարանից: 44-օրյա պատերազմում Ռուդոլֆն ու Վազգենը իրար մոտ դիրքերում են կռվել. մեկը՝ ՀՕՊ, մյուսը հրետանու ստորաբաժանումում:

-Կարճ ժամանակ է հասցրել մարտ վարել, բայց նույնիսկ այդ կարճ ընթացքում նրա հրետանին չի լռել: Հրետանավորի իր կարգախոսն ուներ, որ հաճախ էր կրկնում. «Մեզնից հետո միայն լռություն…»: Այդպես էլ կար. երբ նրա մարտկոցն աշխատում էր, որոշ ժամանակ լռություն էր տիրում: Դիպուկ էր: Երբ իմանում էինք, թե ինչ հաջող է նրանց կրակը, բոլորիս մարտական ոգին բարձրանում էր: Հիմա «հրետանի», «հրետանավոր» բառերը լսելիս, միշտ նա է գալիս աչքիս առջև՝ մեր Վազգենը: Պարզ էր՝ Վազգենը, որ անմնացորդ նվիրված էր իր գործին, ծայրահեղ իրավիճակում իր կյանքն էլ չէր խնայելու: Նա այդ տեսակն էր: ԱԹՍ-ն հարվածել էր արկերի պահեստին ու հրդեհ էր սկսվել: Վազգենը փորձել էր հանգցնել կրակը: Նրա վառ տեսակի մասին է խոսում նաև այն, որ միայնակ վտանգավոր խնդիր կատարելուց առաջ իր զինվորներին թաքստոց էր տեղափոխել՝ փրկելով նրանց կյանքը:

Ծնողներս շուտ էին իմացել Վազգենի զոհվելու բոթը, բայց ինձ չէին ասել: Ես հոկտեմբերի 8-ին վիրավորվեցի. հիվանդանոցում իմացա: Այդ պահին ամեն ինչ իմ մեջ տակնուվրա եղավ: Մի շաբաթ էր, ինչ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժում էի ստանում. ցնցահարված, բեկորային վիրավորում: Բոլոր բժիշկներին հերթով համոզեցի, որ ինձ շատ լավ եմ զգում, ու տնեցիներից թաքուն՝ էլի Արցախ մեկնեցի՝ մեր Վազգենի վրեժը լուծելու: Իմ անձնակազմը բացակայությանս ընթացքում երեք ԱԹՍ էր խոցել: Գալուցս հետո ևս երեքը խփեցինք:

Մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Տարոն Դավեյանը Վազգենի հետ սովորել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում, նույն դասակի նույն ջոկում: Ավարտելուց հետո ծառայության են անցել Արցախի տարբեր զորամասերում: Վազգենի զոհվելու մասին իմացել է մյուս ընկերոջից՝ Առաքելյան Կարենից:

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…-Կռվի երկրորդ օրը Կարենը զանգեց, փոքր երեխայի պես ուրախացավ, երբ ձայնս լսեց: Ու հետո թե՝ «Տա՛ր, Վազգենը…»: Ու չկարողացավ շարունակել, անջատեց հեռախոսը: Հետ զանգեցի. «Ի՞նչ է եղել Վազգենին»: «Ամենավատը…»: Պատերազմ էր. նույն կերպ սպասում էի, որ մի օր կարող է ինձ զանգեին ու ես չպատասխանեի… Բայց երբ կռվից հետո առաջին անգամ համացանցի կապ ունեի ու բացեցի ֆեյսբուքս, այսօրվա պես հիշում եմ, իմ էջին անմիջապես Վազգենի պատկերը եկավ ու նրա մասին բոլոր ընկերների գրառումները… Երեխայի պես ողբում էի…  աննկարագրելի ցավ էր. ինձ համար նա հարազատ եղբայր էր:

…Վազգենն այն եզակի մարդկանցից էր, որ բոլորին դեպի իրեն էր ձգում: Բացառիկ ազնիվ էր. երբեմն՝ միամտության հասնող ազնիվ, հոգատար, ընկերասեր: Վազգենը զոհվեց պատերազմի հենց առաջին օրը: Լավագույններն էին, որ հենց առաջին օրվանից ամբողջ հոգով մարտի մեջ մտան: Բոլորս էլ ինչ-որ չափով արել ենք, ինչ կարողացել ենք, բայց այս պատերազմը, ցավոք, տարավ լավագույններին…

Տարոնը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է: Ծառայել է Մատաղիսում, մասնակցել է  պաշտպանական մարտերին, այնուհետև կռվել Մարտունիի ուղղությամբ: Վերջում մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին: Այժմ  սահմանապահ զորամասում է հերթապահություն  իրականացնում:

♦♦♦

Վազգենի զինվոր եղբայրը՝ Արմենը, կամ ինչպես նա արդեն սիրվել ու ճանաչվել է իր ընթերցողների կողմից՝ Արմեն Ավոն, կարճատև արձակուրդով տանն էր, երբ կայացավ մեր զրույցը:

-Ինչո՞ւ հենց Արմեն Ավո,- հարցնում եմ երիտասարդին:

-Երբ դեռ դպրոցում էի, գրականությանս ուսուցչուհին միշտ ասում էր, որ Ավետիք Իսահակյանին եմ նմանվում իմ գրելաոճով: Այդպես էլ անունս մնաց Արմեն Ավո: Բայց ես իմ մեկնաբանությունն ունեմ: «Ավո»-ն, ինձ համար հապավում է՝ Արցախի վիրավոր որդի…

Աշխարհի ու կյանքի ուրույն ստեղծագործական ընկալումով օժտված այս երիտասարդը իր կյանքում հասցրել է շատ փորձություններով անցնել, կորստի ցավ զգալ՝ ընկերների, հարազատ եղբոր, Հայրենի հողի…

-Վազգենը փոքրուց միշտ պաշտպանում էր մեզ, խորհուրդներ էր տալիս,- պատմում է Արմենը:- Սովորաբար լռակյաց էր: Բայց երբեմն թունդ խոսքակռվի էինք բռնվում: Ամեն մեկս մեր հերոսն ունեինք. իմը Նժդեհն էր, նրանը՝ Անդրանիկը: Երկուսս էլ պատմությունից շատ լավ էինք: Նա ասում էր, որ Անդրանիկն էր ամենաուժեղը ու վերջինիս կյանքից դրվագներով հիմնավորումներ բերում, ես՝ որ Նժդեհն էր: Երբեմն այնքան էինք ոգևորվում, որ անգամ խռովում էինք իրարից: Երբ արդեն բոլոր հիմնավորումներս սպառվում էին, ասում էի. «Անդրանիկը թողեց Հայաստանը, գնաց»: Դե, իհարկե, գիտեի՝ ինչու գնաց, բայց ասում էի, որ նյարդայնացնեմ նրան,- հիշում Արմենը. – անմիջապես կռիվ էր սկսվում. մի երկու անգամ նույնսիկ գզվռտոցի է հասել:

Զինվորական մասնագիտությամբ նռնակաձիգ է Արմենը, լավ նշանառու է: Մի ամիս էր, ինչ ծառայում էր, երբ սկսվեց պատերազմը: Արմենը Մարտակերտում էր, Վազգենը՝ Մատաղիսում:

-Երբ նոր էի բանակ գնացել, ամեն օր հեռախոսով խոսում էինք, միշտ ասում էր. «Ոչնչից չվախենա՛ս. ոգիդ միշտ բա՛րձր կպահես, ինչ էլ լինի: Ես էլ հո միշտ կողքիդ եմ»: Սեպտեմբերի 27-ին խոստացել էր գալ ինձ տեսնելու: Բայց 25-ից արդեն մարտական դիրքերում էին…

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…Թեև Արմենը, որպես նորակոչիկ, դիրքերում չէր պատերազմի ընթացքում, բայց նրանց զորամասն անընդհատ հրետակոծության տակ էր, ԱԹՍ-ները պտտվում ու հրթիռակոծում էին զորամասը: Շատ է եղել, որ արկերը պայթել են մոտակայքում, ու Արմենը հրաշքով անվնաս է մնացել:

-Հետաքրքիր է, որ դեռ դպրոցի բարձր դասարաններում միշտ ասում էի՝ «Ես հենց բանակ գնամ, պատերազմ է լինելու»: Զգում էի, որ պատերազմ է լինելու… Որոշել էի, որ հարսանիքս Անիում եմ անելու…

Ծառայության բերումով Վազգենն այնքան հազվադեպ էր տուն գալիս, որ նրան ուշ տեսնելը սովորության պես մի բան էր ինձ համար ու հիմա էլ՝ պատերազմից հետո, այն զգացողությունն է, որ նա գործի բերումով ինչ-որ տեղ է գնացել ու ետ է գալու։ Ես սպասում եմ նրան…

Արմենի հետ երկար զրուցեցինք Վաղուհասի բնության, մարդկանց, մշակութային հետաքրքիր ու ուրույն գանձերի մասին: Նա ինձ մի քանի գեղեցիկ ավանդազրույց  պատմեց, որ հյուսվել են այս տեղանքում ու որոնք լսել է իր պապերից: Մտովի տեղափոխվեցի Թարթառի աջ ափին փռված՝ անտառներով ու լեռնաշղթաներով երիզված Վաղուհաս, նայեցի գետի մյուս կողմում փռված չքնաղ Հաթերքին, մտովի էքսկուրս կատարեցինք դեպի դարերի խորքերը, երբ Մովսես Խորենացին հաստատվել էր Վաղուհասում և լուծել հարևան գյուղերի բնակիչների միջև ընդհանուր ջրաղացի շուրջ ծագած վեճը:

Բարձրացա Վաղուհասը երիզող Օխտնաղբյուրի լեռներում թաքնված երկու գողտրիկ սրբավայր-մատուռները, որոնք տեղի բնակիչների ուղիղ կապուղիներն էին Աստծո հետ: Երբ երաշտ էր լինում, մատուռներից մեկի պատերը ցողում էին ներքևի ձորակից՝ Կուշաման կոչված գետից դույլերով սարնիվեր բարձրացվող ջրով: Այսպես խնդրում էին  Աստծուն անձրև ուղարկել ցամաքած հանդերին: Թե ջրհեղեղ լիներ՝ կրակ էին վառում մյուս մատուռի ներսում՝ խնդրելով Աստծուն ցամաքեցնել արտերը հեղեղած ջուրը: Եվ Աստված լսում էր արդար հայ գյուղացու խնդրանք-աղոթքն ու պատասխանում…

Բայց ավելի լավ է՝ զրուցակցիս՝ շնորհալի այս զինվորի խոհերի, ներաշխարհի մասին շարունակեն «պատմել» նրա՝ ԱՐՄԵՆ ԱՎՈՅԻ բանաստեղծությունները…

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ…Հայաստան

 

Ես քո երգիչն եմ, քո բանաստեղծը,

Քո անունը ինձ հեռվից կանչում է,

Բայց քեզնից հեռու, քեզանից բաժան,

Իմ երգը ինձնից ամաչում է:

 

Ես քո մաճկալն եմ, քո արդար հացը,

Քո անունը իմ գործի շնչում է,

Բայց քեզնից հեռու, քեզանից բաժան,

Իմ բահը ինձնից ամաչում է:

 

Քո ուսուցիչն եմ, գալիքի սյունը,

Իմ մեջ քո ոգին միշտ կանաչում է,

Բայց քեզնից հեռու, քեզանից բաժան,

Իմ խոսքը ինձնից ամաչում է:

 

Քո քահանան եմ, քո հոգու լույսը

Եվ քո հույսն իմ մեջ անմար աճում է,

Բայց քեզնից հեռու, քեզանից բաժան,

Իմ հավատն ինձնից ամաչում է:

 

Ես քո զինվորն եմ, քո կապված ձեռքը,

Քո անունով իմ հոգին թռչում է,

Բայց քեզնից հեռու, քեզանից բաժան,

Իմ զենքը ինձնից ամաչում է:

 

♦♦♦

 

Գնամ, բնության մատյանը բացեմ,

Նստեմ կարմրած մասրենու կողքին,

Քամու երգերից մանկան պես լացեմ,

Բնության գրկում բացեմ իմ հոգին:

 

Կածանին նայեմ ու լու՜ռ հառաչեմ,

Օծվեմ գետերի անու՜շ կարկաչով,

Աչքերս փակեմ, անխոս անրջեմ,

Հասնեմ Աստծուն՝ բնության տենչով:

 

Նայեմ լեռներին և ժպտամ անփույթ,

Արևը վերցնեմ իմ ձեռքերի մեջ`

Որպես ճրագը երկնքի կապույտ,

Մտնեմ կիրճերը և շրջեմ անվերջ:

 

Երբ ծնվի լուսինը երկնքի լճում,

Գիշերվա այցից ծաղիկը լացի,

Կածանին, ձորին կանչեմ և կիրճում

Նրանց հետ նստեմ իրիկնահացի:

♦♦♦

Եղբորս՝ Վազգեն Միխայելյանին

 

Գարուն էր, կանաչ լեռների վրա

Պատերազմ էինք իրար հետ խաղում,

Իմ սուրբ մանկության երազը վկա՝

Դու կռվից, մութից, չէիր վախենում:

 

Չէիր վախենում քարից ու քերծից,

Խուլ անտառների երազից դաժան,

Ու մենք իրար հետ ժայռի մի ծերից

Փայտե զենքերով գծում էինք սահման:

 

Ու փորում էինք ու շինում փոսեր,

Ու  հաղթում էինք մռայլ թշնամուն,

Երազում էինք մի օր էլ հասնել

Հրաշատեսիլ դարպասին անհուն:

 

Գարուն էր, կանաչ լեռների վրա

Մենք հազար ու մի կռիվ էինք հաղթում…

Հիմա մենակ եմ քերծերի վրա

Ու մի խոր թախիծ սիրտս է խեղդում:

 

♦♦♦

 

Արցախ

 

Քեզ համար Արցախ, քեզ համար,

Ես վաղը կելնեմ մարտի,

Կցրվեն օրերը խավար,

Կշնչեն հասկերը արտի:

 

Կվառվի մարած մի կերոն

Ու բոցը երկինք կհասնի,

Կծնկեն Միհրդատ ու Ներոն

Ու բոլոր թշնամիքն իմ ազգի:

 

Կբացվի արշալույս երկնքում,

Ցամաքած գետերը կհոսեն,

Կծաղկեն գարունները անքուն

Վերքերը հավատով կխոսեն:

 

 

 

Կբացվեն դռներն անհամար

Եվ կընկնեն արցունքներ կարոտի,

Արցունքով չի սպասի ոչ մի մայր…

Արտերը չեն փոխվի արոտի:

 

Քեզ համար Արցախ, քեզ համար,

Ես վաղը կելնեմ մարտի,

Իբրև վրեժը քո համառ,

Եվ ազնիվ հասկի պես քո արտի:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Միխայելյանների ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #17 (1439) 06.07.2022 - 12.07.2022, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


08/07/2022