Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Եվրամիությունը կավելացնի օգնությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժած եվրոպական ընկերություններին։

ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն այսուհետ կտարածվի Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա։

Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։

Եվրամիությունը սառեցրել է 13,8 մլրդ եվրոյի չափով ռուսական ակտիվները։ Գործընթացին ներգրավված են ԵՄ  անդամ 27 երկրներից 5-ը։

«Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում»- Վլադիմիր Պուտին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել նրա խոսքերը. երկու պետությունների ներուժն անհամեմատելի է, Ռուսաստանն այնքան հզոր է, որ զինված ուժերի մի փոքր մասն է ներգրավված Ուկրաինայում հատուկ գործողության մեջ։

«Ռուսաստանը ոչ մեկի հետևից չի վազելու հանդիպման առաջարկներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով G20-ի նախարարական նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպում ունենալու հնարավորությունը։

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում մտահոգություն է հայտնել Մոսկվայի հետ Պեկինի մերձեցման կապակցությամբ։

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը,  ռուս-ուկրաինական պատերազմը և Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բանակցային գործընթացի ակտիվացման գործում։

ԵՄ-ն առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կառաջարկի:

Ռուսական գազի մատակարարումներից մեծապես կախված Սերբիան պլանավորում է 2023 թ. գազ գնել Ադրբեջանից՝ բուլղարական խողովակաշարի գազամիացման կայանի շինարարության ավարտից հետո։ Տվյալ գազատարով գազը Հունաստանի հյուսիսային Կոմոտինի քաղաքից կտեղափոխվի Բուլղարիայի Ստարա Զագորա, այն կմիանա ադրբեջանական գազ տեղափոխող մեկ այլ խողովակաշարի։ Այդուհանդերձ, սերբական միակ նավթային ընկերությունում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական ընկերություններին։

Կոմոտինիի շրջանում տեղի է ունեցել նաև Հունաստան-Բուլղարիա խողովակաշարի փոխկապակցիչի բացումը։ Արարողությանը մասնակցել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Բուլղարիայի վարչապետ Պետկովը հայտարարել է, որ փոխկապակցիչի բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը վերջ կդնի ռուսական մենաշնորհին։ Իսկ Հունաստանի վարչապետը նոր գազատարը համարել է էներգետիկ կամուրջ հարավի և հյուսիսի միջև։ Խողովակաշարի թողունակությունը կազմում է 3 մլրդ խորանարդ մետր, նախատեսվում է այդ ծավալը հասցնել 5 մլրդ խորանարդ մետրի։

Ապրիլի վերջին Ռուսաստանը դադարեցրել է մատակարարումները Բուլղարիա, երբ երկիրը հրաժարվել է գազի դիմաց ռուբլով վճարել:

 

Թուրքիա

Իսրայելը օգոստոսի 1-ից վերաբացում է Թուրքիայում իր առևտրատնտեսական ներկայացուցչությունը՝ կենտրոնանալով Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացման վրա։ Նախատեսվում է նաև կազմակերպել թուրք-իսրայելական համատեղ տնտեսական համաժողովը վերջին տասնամյակում։

Թուրքիան Իսրայելի տնտեսության համար չորրորդ կարևորագույն առևտրային գործընկերն է։ Իսրայելի և Թուրքիայի միջև 1997 թ. մայիսի 1-ից գործում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։

Թուրքիան և Իսրայելը 71 տարի անց ավիացիոն համաձայնագիր կստորագրեն։

Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության, ռազմապաշտպանական գաղտնի ինֆորմացիայի փոխանակման, դիվանագետների պատրաստման և մի շարք այլ ոլորտներում:

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ։ Քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող տարբեր հարցեր։

Հունաստանի վարչապետ Միցոտակիսը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ խոսել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք կիրառելու անհրաժեշտության մասին՝ անընդունելի համարելով Հունաստանի ինքնիշխանությունը բացահայտ կասկածի տակ դնելու՝ Թուրքիայի քաղաքականությունը։

Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու համար ստորագրահավաք է սկսվել։

Ռուս և ամերիկացի զինվորականները ավելացնում են Սիրիայի հյուսիսում պարեկության հաճախականությունը քրդական ռազմականացված կազմավորումների դեմ Թուրքիայի զինված ուժերի սպասվող ռազմական գործողության գոտում։

Մոսկվան հավաստիացրել է քրդերի «Սիրիական դեմոկրատական խորհրդին», որ չի աջակցի Սիրիայում հերթական ռազմական գործողության՝ Անկարայի պլաններին։

Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ գործելով որպես միասնական բանակ։

Հաստատվել է թուրքական «Akinci» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանումը Ադրբեջան։ Առաջին օպերատորները մի քանի օրից կավարտեն պատրաստությունը Թուրքիայում և կվերադառնան Ադրբեջան։

Թուրքիան ձգտում է Տիգրիս գետի վրա ևս մեկ ամբարտակ կառուցել։ Իրաքի խորհրդարանի ջրային ռեսուրսների կոմիտեի ղեկավարը նախազգուշացրել է, որ պատնեշի կառուցման դեպքում Իրաքն ամբողջությամբ կզրկվի Թուրքիայից եկող ջրից:

Թուրքիայի տարեվերջյան գնաճային կանխատեսումները հասել են 70 տոկոսի։

Թուրքիան հաջողությամբ «օդ-օդ» դասի, ռադիոտեղորոշման գլխիկով Gokdogan հրթիռ է փորձարկել։ Հրթիռը թուրքական բանակին կմատակարարվի Bozdogan հրթիռի հետ միասին, որն ուղղորդման համար ինֆրակարմիր ճառագայթ է օգտագործում։ Երկու հրթիռներն էլ նախատեսվում է կիրառել F-16 կործանիչներով և հեռանկարային ինքնաթիռներով։ Առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին կհանձնվի արդեն այս տարի։

 

Իրան

Իրանում ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալը և մի շարք այլ դիվանագետներ՝ լրտեսության, ռազմական բազաներից մեկի արգելված գոտում հողի նմուշներ վերցնելու մեղադրանքով։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի ներկայացրած տվյալներով՝ Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել  մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային։ Նախատեսվում է ռուսական ուժերին ուսուցանել անօդաչուների կիրառման կարգը։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է Կարմիր ծովի տարածքում վերջին տասը տարվա ընթացքում իրանական նավատորմի ամենաբարձր ակտիվության մասին։ Իսրայելի ռազմածովային ուժերը մեծացնում են ներկայությունը Կարմիր ծովում՝ որպես պատասխան իրանական նավատորմի աճող ակտիվությանը:

Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու համար ընդամենը մի քանի շաբաթ է մնացել. ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի գնահատմամբ՝ Իրանը չափազանց մեծ պահանջներ չի ներկայացնում միջուկային վերականգնման շուրջ բանակցություններում։

Կասպից ծովում մեկնարկել է իրանական նավատորմի «Կայուն անվտանգություն» անվանմամբ զորավարժությունը՝ անօդաչու թռչող սարքերի և ծովային ավիացիայի ներգրավմամբ։ Ամենամյա զորավարժությունների նպատակը զորային օղակների միջև փոխգործակցություն ձևավորելն ու փորձի փոխանակումն է։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին նշել է, որ երկիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է երկու շաբաթ առաջ գործարկված ցենտրիֆուգների կասկադի միջոցով ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու մտադրության մասին:

Իրանն այս տարի կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով։

 

Ադրբեջան

Ադրբեջանում անցկացվում են զինապարտների ուսումնական հավաքներ, որոնք կտևեն մինչեւ հուլիսի 23-ը։

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ներկայությամբ բացվել է պաշտպանական գերատեսչության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության օպերատիվ կենտրոնը:

Զաքիր Հասանովը Մարտունիի շրջանում հետևել է Ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական վարժանքներին: Այնուհետև մասնակցել է այդ շրջանում նոր զորամասի բացմանը։

Լիտվական ընկերություններն արդեն քննարկումներ են անցկացնում Ղարաբաղի վերակառուցման նախագծերին մասնակցելու վերաբերյալ։

Արցախի գրավյալ տարածքներում գործում են 30 թուրքական ընկերություններ, որոնք 1 մլրդ դոլարի ներդրումներ են կատարելու։

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ ավարտին է մոտենում ոչխարաբուծական և մեղվաբուծական տնտեսությունների տեղափոխումը Արցախի գրավյալ տարածքներում գտնվող արոտավայրեր։

Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են ավարտել սահմանի «Խուդաֆերին» եւ «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների շինարարությունը։

Շուշիի Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն «վերանորոգման» անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Տարածաշրջան


15/07/2022