Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍՈՒՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ



ՀԱՍՈՒՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆԳրիշա Վասակյանը մեկն է այն բազմաթիվ պատանիներից, որոնք հաճախում են «Արշակունի» ռազմամարզական ուսումնական կենտրոն։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները ֆիզիկապես կոփվելու, մարտարվեստի և կրակային պատրաստության հմտություններ ձեռք բերելու համար։

«Արշակունի» հասարակական կազմակերպության ջանքերով ստեղծված ուսումնական կենտրոնի հիմնադիրը 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստորաբաժանում ղեկավարած պահեստազորի սպա Արտավազդ Վարդանյանն է։ Նրա խոսքով՝ նախաձեռնության առաջնային նպատակը եղել և շարունակում է մնալ մեկը՝ ամեն կերպ նպաստել հայ պատանիների և հատկապես նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական հմտությունների  կատարելագործմանը, հայրենաճանաչությանը, նրանց ազգային ու հայրենասիրական ոգու բարձրացմանը։

Արտավազդ Վարդանյան. «Մեր մարզը սահմանամերձ է,  ուստի ուսումնական կենտրոնի բազային մարզումների ծրագիրն առավել հարուստ է ու հագեցած։ Տարբեր տարիքային խմբերում ներգրավված տղաներն ու աղջիկները անտառային ու լեռնային պայմաններում  մասնակցում են ռազմարշավների, սովորում հաղթահարել բարձունքներ, գետնանցումներ, խոցել թիրախներ, և գլխավորը՝ սերտել ժամանակակից մարտ վարելու կարևոր առանձնահատկությունները։

ՀԱՍՈՒՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆճամբարում սաներին դասավանդում են փորձառու մասնագետներ. պահեստազորի սպաներ, հետախույզներ, որոնք անցել են պատերազմով և այժմ իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում կրտսեր սերնդին, պատրաստում և գիտելիքներով զինում հայրենիքի ապագա պաշտպաններին՝ հարկ եղած դեպքում պատրաստ լինելու միասնական ուժերով չեզոքացնել Հայրենիքի անվտանգության սպառնալիքները։

Տղաներից ոչ պակաս սիրով ու հետաքրքրությամբ ռազմամարզական ճամբար են հաճախում նաև աղջիկները։ Ծնվելով ու ապրելով սահմանամերձ համայնքում՝ «Արշակունի» ուսումնական կենտրոնի աղջիկ սաները լավ գիտեն հայրենիքի պաշտպանության գինն ու այն անխոցելի պահելու գիտակցումն ու հանձնառությունը։ Չնայած պատանեկան տարիքին՝ հասուն ու վճռական դատողությամբ են վերաբերվում այն ամենին, ինչը կապված է սահմանի ու հայրենի հողի հետ»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Բանակ և հասարակություն


15/07/2022