Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ…



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ...Հյուսիսարեւելյան սահմանագոտին պահող-պահպանող զորամասերից մեկում ենք:

44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի ստորաբաժանումները մարտնչել են առաջնագծում:

-Կռվել ենք տարբեր հատվածներում՝ Քարինտակ, Լաչին, Սարատակ,Մատաղիս…,- նշում է հրամանատարը՝ գնդապետ Գարիկ Մուրադյանը,- ցավոք, ունեցել ենք նաեւ վիրավորներ, զոհեր: Ի հիշատակ անմահացած հերոսների՝ զորամասում  հուշապատ է կառուցվել:

Անձնակազմը կռվել է քաջաբար, բացառիկ նվիրումով:

Սպաներին, պայմանագրայիններին իրենց խիզախությամբ չէին զիջում նաեւ ժամկետային զինվորները:

Հրետանային մարտկոցի վարորդ, շարքային Հարություն Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ջերմուկցի երիտասարդի երկու եղբայրները եւս մարտերի բովով են անցել, ավագ եղբայրը՝ Էդգարը, ապրիլյանի մասնակից է, մյուս եղբայրը՝ Արթուրը, 44-օրյա պատերազմի:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ...-Պատերազմին մասնակցել է նաեւ քեռիս՝ գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը: Քեռիս վիրավոր վիճակում էլ շարունակել է կռվել, բայց ուժերն անհավասար են եղել, ու զորքին նահանջի հրաման է տվել: Իր հրամանատարությամբ կռվող զինվորները պատմում են, որ հրամանատարը զենքը ձեռքին, անդադար կրակելով, ասել է՝ ես կպահեմ, դուք դուրս եկեք, ու ինքը գնացել է առաջ…Անհետ կորած է քեռիս, մինչ օրս ոչ մի լուր չունենք…

Հարությունն ինքն էլ հերոս քեռու նման կռվել է արիասիրտ, մահվան ճիրաններից փրկել մարտական ընկերոջը:

-Կրակի անվերջ տարափի տակ մահվան հետ հաշտվել էինք, ապրելու հավանականությունը շատ քիչ էր, մահն ամեն պահ մեր կողքին էր, միմյանց ոգեւորում էինք, ասում՝ գոնե զոհվելուց առաջ էլ մի լավ բան անենք…

Մարտերի կիզակետում էին, բայց տնեցիներին հավատացրել էր, որ, իբր, իրենց մոտ խաղաղ է, ասել էր՝ մի՛ անհանգստացեք, մենք կռվի դաշտից շատ հեռու ենք, միայն զինամթերք ենք տեղափոխում: Չգիտեր էլ, որ միաժամանակ եղբայրը՝ Արթուրն էլ է առաջնագծում: Ավելի ուշ, երբ պատերազմից հետո  արձակուրդ էին տրամադրել, ու տանը եղբայրներով մեկմեկու պատմում էին, թե ով որ հատվածում է կռվել, պարզվել էր՝ կռվել էին իրարից ընդամենը 100 մ հեռավորության վրա….

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ...-Գիշերվա ժամը 3-ին Իշխանաձորում էինք,- վերհիշում է Հարությունը:- Թշնամին մեր «Ուրալը» պայթեցրեց, ինձնից բացի՝ երեք ժամկետային կային «Ուրալ»-ի մեջ: Երկուսը զոհվեցին…

Երրորդ տղային վառվող «Ուրալ»-ի միջից մեծ դժվարությամբ է կարողացել դուրս հանել, փրկել: Փրկված տղան՝ Վահեն, հիմա անհամբեր սպասում է Հարությունի զորացրվելուն, որ հանդիպեն…

-Զորացրվելուս հաշված օրեր են մնացել: Բանակից հետո որոշել եմ անպայման սովորել. կա՛մ ոստիկան կդառնամ, կա՛մ փրկարար, դե, փրկարարի փորձն էլ արդեն ունեմ,- կատակում է Հարությունը:

Կրտսեր սերժանտ Հրանտ Հովհաննիսյանը եւս օրերս կզորացրվի: Ինքն էլ, ավագ եղբայր Առաքելն էլ Արցախյան վերջին պատերազմի մասնակից են, եղբայրը կռվել է «Եղնիկներում», ինքը՝ Ջրականում, Իշխանաձորում:

Զինակից ընկերները Հրանտին «Դոկտոր» են ասում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել եւ ավարտել է Սբ. Գրիգոր Լուսավորիչի բժշկական կենտրոնի քոլեջը՝ դեղագործի մասնագիտությամբ: Ճիշտ է՝ բանակ է մեկնել ընդհանուր հիմունքներով, բայց ծառայության ընթացքում իր բազում բժշկական խորհուրդների շնորհիվ է վաստակել «Դոկտոր» անվանումը:

-Պատերազմի օրերին, երբ արդեն ուղեւորվել էինք Ջրական, ճանապարհին մի պահ կանգ առանք հանգստանալու: Ինձ ավագ նշանակեցին, որ զինակից ընկերներիս հրահանգավորեմ, սովորեցնեմ՝ ինչպես առաջին օգնություն ցուցաբերեն, եթե իրենց կողքին չլինեմ: Զրահաբաճկոնիս երեք գրպանները հերթականությամբ տեղավորել էի ջերմիջեցնողներ, հակաբորբոքային դեղեր, լարան, ջրածնի պերօքսիդ…

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ...Վիրավորների վերքերը ախտահանում էր, մշակում, վիրակապում ու անպայման հուսադրում, գոտեպնդում.«Տղե՛րք ջան, դիմացե՛ք, լավ կլինի»…

-Կռվի օրերից ծանր ու ցավոտ հիշողությունները լիուլի են, բայց չեմ ուզում նորից փոթորկել, ալեկոծել հոգիս…Ավելի լավ է՝ վառոդաբույր ժպիտները վերհիշեմ. ամենից շատ տպավորվել է տղերքի ծիծաղը, խենթ ուրախությունը, երբ գլխներիս  կրակի կարկուտի թափվելուց հետո մեկմեկու ձայն էինք տալիս ու պարզում, որ ողջ ենք մնացել…

Ջոկի հրամանատարի ծնունդն եմ հիշում, մինչ այդ, նրա հայրը իմացել էր, որ որդին այդ հատվածում է կռվում, ու կարողացել էր տորթ ուղարկել դիրքեր: Կեսգիշերվան մի քանի րոպե էր մնացել, մենք աշխարհում ամեն ինչի մասին մոռացած՝ տորթը ձեռքներս առած, գնում ենք ծնունդ շնորհավորելու. կյանքի բնականոն ռիթմին շատ էինք կարոտել, շատ-շատ, ուզում էինք մարդավարի ծնունդ նշել… Թանձր գիշեր էր, մութ… Ուզում էինք մոմ վառել, դե, ծնունդն առանց մոմ հո չի լինի, բայց նաեւ հասկանում էինք, որ լույսի մի փոքր նշույլն իսկ կարող է թշնամու համար թիրախ դառնալ… Փոսի մեջ մտանք, որտեղ ջոկի հրամանատարն էր, մոմը վառեցինք ու սկսեցինք երգել՝ ծնունդդ շնորհավոր…

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ...Մաղթանքը մեկն էր, ամենից ցանկալին ու երազելին՝ Խաղաղություն…

Մի քանի ժամ անց տեղեկացանք՝ պատերազմը վերջացել է…

Դե, մինչ այդ էլ հա ասել էին՝ հրադադար է, զինադադար է, ու կռիվը դարձյալ շարունակվել էր, մտածեցինք, որ սա էլ հերթականն է, բայց…

Որքան էինք սպասել պատերազմի ավարտին, որքան երազել, բայց երբեք չէինք մտածել, որ այսչափ ցավագին կլինի, այսչափ հոգեցունց, մի տեսակ դատարկություն էր…

Երիտասարդ զինվորի հոգում անթեղված ցավ կա, բայց կա նաեւ առաջ նայելու վճռականություն.

-Դժվար է, իհարկե, այս ամենի միջով անցնելն ու առաջ նայել կարողանալը, բայց կյանքում ամենածանր պահին էլ, ամենամեծ հուսահատության մեջ էլ պիտի կարողանանք չընկճվել, չհանձնվել… Երկու կանոնով պիտի առաջնորդվենք.

Առաջին կանոն՝ չհանձնվել,

Երկրորդ կանոն՝ հիշել առաջին կանոնը…

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ...Հրանտը որոշել է զորացրվելուց հետո բժշկական համալսարանում ուսանել՝ ընդհանուր բժշկության բաժնում:

-Ապրելու և գործելու եմ հայրենի եզերքում…Հայրենիքը չեն սիրում բառերով, նկարներով, հայրենիքը սիրում են գործով ու նվիրումով…

♦♦♦

Զորամասում թնդում է երգ-երաժշտությունը, համերգ է. Արվեստի պետական քոլեջի սաները զինվորների համար գեղեցիկ համերգային ծրագիր են կազմակերպել՝ «Սահմանը պահում ենք նաեւ արվեստով» խորագրով:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1440) 13.07.2022 - 19.07.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


15/07/2022