ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Ս. Ծնունդը Ընդհանրական Եկեղեցու ամենահին տոներից է, որ կարգել է Հակոբոս առաքյալը: Այն նաեւ Աստվածհայտնություն ենք անվանում, որովհետեւ ինչպես հունվարի 6-ին ծնվեց Հիսուս Քրիստոսը, այնպես էլ 30 տարի հետո նույն օրը մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով: Ուստի հունվարի 6-ի Ս. Պատարագից հետո, ի հիշատակ Հորդանան գետում Քրիստոսի մկրտության, հայոց եկեղեցիներում կատարվում է նաեւ ջրօրհնեք:
Հիսուս ծնվեց Բեթղեհեմի քարայրներից մեկում: Այդ ժամանակ արեւելքից երեք մոգեր կամ թագավորներ, առաջնորդվելով օրը ցերեկով երեւացած աստղով, եկան գտան այն մսուրը, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչն ու խաղաղության Իշխանը: Եկեղեցական ավանդությունը պահպանել է նաեւ երեք մոգերի անունները` Մելքոն, Գասպար, Բաղդասար։ Առաջինը թագավորն էր պարսիկների, երկրորդը՝ հնդիկների, իսկ երրորդը` արաբների։ Նրանք մանկանը նվիրեցին ոսկի, կնդրուկ եւ զմուռս: Ոսկին խորհրդանշում էր Մանկան թագավոր լինելը, կնդրուկը` Հիսուսի աստվածությունը, զմուռսն էլ` Տիրոջ քավչարար մահը, այսինքն` սրանով երեք մոգերը խոստովանեցին, որ Քրիստոսը իրենց Թագավորն է, Աստվածը եւ Փրկիչը: Մի դավանություն, որ պահանջվում է յուրաքանչյուր քրիստոնյայից:
Այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Եվ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջ, եւ նրանք սաստիկ վախեցան։ Եվ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետեւ այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»։ Եվ հրեշտակի հետ երեւաց երկնային զորքերի մի բազմություն, որն օրհնում էր Աստծուն եւ ասում. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրա խաղաղությո՜ւն եւ մարդկանց մեջ հաճությո՜ւն» (Ղուկ. Բ 8-14)։ Հրեշտակները փառաբանում են Աստծուն, քանի որ նա մեզ համար մարդացավ, եւ հաշտություն հաստատվեց Իր եւ մարդկանց միջեւ: Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի Նրան հավատացողը փրկվի: Աստված խոնարհվեց, ծնվեց մսուրի մեջ, որպեսզի մարդուն բարձրացնի: Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մարդը հոգեպես վերածնվի: Աստծո Որդին Մարդու որդի դարձավ, որպեսզի մարդն Աստծո որդի դառնա: Սա է Աստվածհայտնության խորհուրդը:
Պատահական չէ, որ Հիսուսի ծննդյան ավետիսը նախ հովիվները լսեցին եւ ոչ թե այդ ժամանակի մեծահարուստները կամ անվանի մարդիկ: Հովիվները անկեղծ եւ պարզ մարդիկ են, նրանք անխոնջ իրենց գործն են անում, իսկ Աստված սիրում է այդպիսիներին: Եթե մենք էլ այդ հովիվների նման լինենք, ապա Աստված անպայման կայցելի մեզ:
Քրիստոսի ծննդյամբ շրջվեց մարդկության պատմության անիվը: Աստված մեզ խոստացավ, որ Իր պատվիրանները կատարելու դեպքում, կարժանանանք նաեւ երկնքի արքայության եւ հավիտենական կյանքի: Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը եւ Իր հարությամբ ցույց տվեց, որ այլեւս մահն իշխանություն չունի մեզ վրա:
Բեթղեհեմի մսուրում ծնված Հիսուս Մանուկ այսօր էլ լուսավորում է մեր մտքերն ու հոգիները, մնում է մենք բացենք դրանք Աստծո առաջ: Հիսուսի ծննդյամբ աշխարհ մտավ նաեւ բաղձալի խաղաղությունը, որին ձգտում են բոլորը: Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ուրախության եւ բերկրանքի տոն է, որը պետք է դիմավորել հույսով ու հավատով:
Աղոթենք, որ Հիսուսը վերածնվի բոլորիս սրտերում եւ հոգիներում` պարգեւելով քաջառողջություն, երջանկություն, ուժ եւ եռանդ, որպեսզի Տիրոջով զորացած եւ մեր նվիրյալ նախնիների օրինակով գոտեպնդված` գալիք տարում կարողանանք ի կատար ածել մեր աստվածահաճո իղձերն ու բարի ցանկությունները:
Թող Քրիստոս Աստված Իր Սուրբ եւ Ամենազոր Աջի օրհնության ներքո պահի ու պահպանի մեր Հայրենիքն ու մեր ազգային բանակը` իմաստություն, աննկուն ոգի ու բազկի զորություն պարգեւելով հայոց բանակի մարտիկներին:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
ՏԻԳՐԱՆ սարկավագ ԲԱՂՈՒՄՅԱՆ
Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հոգեւոր սպասավոր