Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՋԵՎՈՒՄ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է



ԱՌՋԵՎՈՒՄ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԶորամասի շարահրապարակում եռուզեռ է։ Նորակոչիկ զինվորները քայլ առ քայլ սովորում են շարային պատրաստության առայժմ ամենապարզ նորմատիվները՝ շարք կանգնել, զինվորական ճիշտ կեցվածք ընդունել, հրաման լսել ու կատարել:

«Մեր սպաները զորակոչիկների հետ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնում են։ Շարային և կրակային պատրաստության պարապմունքներն անցկացվում են սահմանված կարգով։ Մեկ-երկու ամսից տղաները կնշանակվեն իրենց հաստիքներին. այդ ընթացքում նրանց կուսուցանենք այն ամենը, ինչը վերաբերում է զինվորական կենցաղին, մարտ վարելու առանձնահատկություններին և նախորդ պատերազմների փորձին»,- նշում է զորամասի հրամանատար, գնդապետ Միքայել Ֆարմանյանը։

Ե՛վ զորամասի հրամանատարը, և՛ բոլոր ստորաբաժանումների հրամանատարները առավոտից երեկո նորեկների կողքին են՝ իրենց փորձով, խորհուրդներով:

-Զորակոչիկները շատ պատրաստակամ են, քանի որ գիտակցում են, թե ուր են եկել և ինչի համար։ Ճիշտ է, սկզբնական շրջանում դժվարանում են, բայց մենք՝ որպես ավագ ընկեր, նրանց օգնում ենք ամեն հարցում, որպեսզի հնավորինս արագ ընտելանան բանակային կյանքին ու ծառայությանը,- ասում է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Պետրոսյանը։

Զորակոչիկների ծառայության առաջին օրերն անցնում են հագեցած մարզումներով։ Իսկ առջևում բանակային կյանքի ամենակարևոր ու պատասխանատու իրադարձությունն է.

-Շուտով մեր երդման արարողությունն է։ Տրամադրությունս շատ բարձր է։ Շատ հպարտ եմ, որ ծառայում եմ ՀՀ զինված ուժերում։ Ամեն ինչ անելու ենք, որ լավ զինվոր դառնանք ու օգտակար լինենք մեր հայրենիքին,- ասում է զորակոչիկ Արման Սարգսյանը:

-Պետք է հաղթահարենք դժվարությունները, որ կոփվենք ու կարողանանք ամուր պահել ու պաշտպանել մեր հայրենիքը։ Քանի որ սահմանային զորամասում եմ ծառայում, դա հատկապես  է պարտավորեցնում, որ ավելի լավ սովորենք, պատրաստվենք և միշտ զգոն լինենք,- հավելում է զորակոչիկ Սպարտակ Գևորգյանը:

Հետպատերազմյան իրողություններն ու պատվով ծառայելու գիտակցությունը յուրաքանչյուր զորակոչիկի հետ զրույցում ամփոփվում է նույն գաղափարի շուրջ՝  ծառայել անձնվիրաբար ու արժանի լինել հայրենիքի պաշտպանի կոչմանը։ Երիտասարդ մարտիկի դասընթացն ու ռազմական գործի առանձնահատկությունները սերտելու արդյունքները տեսանելի կլինեն ամիսներ անց, երբ հայրենիքի նորօրյա պաշտպանները կստանձնեն առաջին մարտական հերթափոխը, մինչ այդ, ավագներն առաջնագծում աչալրջորեն հսկում են պետական սահմանը…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Ազգային բանակ


21/07/2022