ԼՈՒՅՍԻ ՆՈՐ ՇՈՂԵՐ…
«Վերածնունդ կլինի»- մեկ տարի առաջ այսպիսի վստահություն էր հայտնել տիկին Արմինեն մեզ հետ հարցազրույցում։ Ուղիղ մեկ տարի անց այդ վերածնունդն արդեն իրականություն է։ Մերօրյա անմահ հերոս Տիգրան Շահբարյանի մոր գրկում վերածննդի ամենալուսավոր խորհրդանիշն է։ Նորածնին անվանակոչել են Լյուսի՝ մի նոր Լույս, որը կրկին ջերմությամբ ու ուրախությամբ է լցնելու Շահբարյանների ընտանիքը։
«Երազիս Տիգրանը եկավ, ասաց. «Մամա՛, եթե ինձ այդքան շատ եք կարոտում, ես պետք է վերածնվեմ»։ Եվ եթե մեկ տոկոս անգամ կասկածում էի, որ այս հոգեվիճակով ու ֆիզիկական տվյալներով կարող եմ երեխա ունենալ, ամեն ինչ թողեցի մի կողմ ու հաստատ որոշեցի, որ անպայման բալիկ եմ ունենալու։ Լույս աշխարհ եկած իմ փոքրիկը շատ մեծ առաքելություն ունի։ Նա պետք է ճանաչի իր հերոս եղբորը, հպարտանա ու ապրեցնի նրան…»:
Տիգրան Շահբարյանը 44-օրյա պատերազմի առաջին օրից ռազմաճակատում էր։ Կռվեց ամենաթեժ կետերում ու… չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։
«Հոկտեմբերի 11-ին, որ պետք է զանգեր ու չզանգեց, հենց այդ օրը ես Աստծուն խոսք տվեցի, որ երբ Տիգրանս գա, նորից պետք է երեխա ունենամ։ Տիգրանս այդպես էլ չվերադարձավ, բայց ես իմ խոստումը պահեցի։
Ես հայրենիքիս, Արցախիս համար ամենաթանկն եմ տվել, ու այնպես չէ, որ այս ցավի մեջ ինչ-որ բան փոխվել է. Լյուսին էլ պետք է մեծանա այդ նույն հայրենասիրական ոգով»։
♦♦♦
Վերածննդի մի պատմություն էլ սկիզբ է առնում Ներսիսյանների ընտանիքում։ Մերօրյա անմահ հերոսի համանուն կրտսեր եղբայրն է ծնվել՝ Ներսես Ներսիսյանը։
«Ուրախություն է բերել, նոր նպատակներ, նոր սպասումներ»- տիկին Գայանեի խոսքով՝ կրկին մայրանալու որոշում կայացնելը չափազանց դժվար էր, բայց խորհրդանշական երազը դարձավ բեկումնային։
Երազում «Մոր սիրտ» ծաղիկն էի տեսել. ամուսնուս հետ գնացել էինք եկեղեցի, ինչ-որ մեկը ինձ այդ ծաղիկը տվեց ու ասաց, որ երազանք պահեմ, և այն անպայման կիրականանա։ Ու ես երազում երազանք պահեցի, որ տղաս վերադառնա։ Տնկեցի մեկ ճյուղ այդ ծաղիկից… Ուղիղ երկու ամիս անց ես իմացա, որ երեխա եմ ունենալու։ Ներսեսս վերածնվելու է»,- պատմում է տիկին Գայանեն։
Որդեկորույս ծնողների սրտում բույն դրած խոր ցավը նորածին Ներսեսը փոքր-ինչ մեղմել է, Ներսիսյանների ընտանեկան կյանքին ապրելու նոր իմաստ հաղորդել։ Եվ այժմ ամեն անգամ փոքրիկին նայելիս ծնողները վերստին համոզվում են՝ պետք է ապրել ու առաջ շարժվել։ Ժամանակ կորցնելու իրավունք չունեն։
«Աստված հրաշք գործեց, ու հիմա կյանքը նոր իմաստ է ստացել»,- ասում է փոքրիկի հայրը՝ Արթուր Ներսիսյանը։
…Ներսեսը կարգապահ զինվոր էր։ Նախքան բանակ զորակոչվելը բազմաթիվ սպորտային հաջողությունների էր հասել, չեմպիոնական տիտղոսներ նվաճել միջազգային հարթակներում։
-Կյանքը հայրենիքին զոհաբերած մեր տղան բազում երազանքներ անկատար թողեց, որոնց կրողն ու ի կատար ածողը նոր ծնված Ներսեսը պետք է լինի,- շեշտում է հայրը: Պետք է լինել ուժեղ, անկոտրում և առաջին հերթին հերոս որդու ու մյուս բոլոր զինվորների գործած սխրանքների մասին հիշողությունը վառ պահելու համար։
«Պատերազմ էր, կռիվ էր, մենք կռիվ ենք տվել, մենք չենք պարտվել, մենք հաղթել ենք, մեր զինվորները հաղթել են։ Փառք ու պատիվ բոլոր անմահ հերոսներին։ Նրանք քաջաբար գնացին հայրենի հողը պաշտպանելու, չնահանջեցին՝ գիտակցելով, որ գնում են զոհվելու»,- ասում է հայրը։
Հանուն որդու և հերոսաբար զոհված մյուս տղաների էլ պետք է կիրթ ու հայրենասեր սերունդ մեծացնել. այդ արժեքներով են դաստիարակելու իրենց փոքրիկին, ընդգծում են Ներսիսյանները՝ միշտ հիշելով նաև հերոս ու չեմպիոն որդուն ու նրա այն միտքը, որը երբևէ դաջվածք չսիրող իրենց տղան բանակ զորակոչվելուց մեկ օր առաջ, դաջել էր ձեռքին՝ «Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկնակամարը նվաճելու»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Ճակատագրեր