Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ



Ծառապաշտությունը կարևոր տեղ է ունեցել հին հայերի հավատալիքներում  և անհիշելի ժամանակներից  փոխանցվել է սերնդեսերունդ։ Ծառապաշտությունը, որոշ ձևափոխություններով, գոյատևել է նաև քրիստոնեության ընդունումից հետո։ Պատահական չէ, որ ունենք Ծաղկազարդ կամ Ծառզարդար տոնը, երբ ողջ Հայոց աշխարհում օրհնվել են ուռենու նորաբողբոջ ճյուղերը։ Տյառնընդառաջին վառվող խարույկի մոխիրը գարնանը շաղ են տվել արտերում՝ դրանով փորձելով ապահովել տվյալ տարվա բերքի առատությունն ու հաջողությունը:   Հնում  հավատում էին, թե այն ամենը, ինչն իրենց շրջապատում է, շնչում է, իրենց նման խոսում ու լսում։ Մարդիկ ոչ միայն հավատում էին, որ ծառերի ու բույսերի մեջ հոգիներ են բնակվում, այլև նույնիսկ հավատում էին նրանց ստվերներին։ Նրանք հավատում էին, որ ծառերի մեջ ապրում են սրբազան հոգիներ (Աստծու կացարաններ), և նրանք, ովքեր կփորձեն վնասել այդ ծառերը, կարժանանան աստվածների նզովքին։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Հայոց մեջ տարածված է եղել ոչ միայն «սուրբ ծառերի», այլև «սրբազան պուրակների» պաշտամունքը։ Հնագույն պուրակն այդ առումով տնկել է մեր նախահայր Հայկի որդի Արամանյակը մոտ երկու հազար տարի առաջ Արաքսի ափին, ոչ հեռու այն վայրից, ուր հետագայում նրա որդի Արամայիսը կառուցել է Արմավիր քաղաքը՝ Հայաստանի առաջին և հնագույն մայրաքաղաքը։  Տարբեր ժողովուրդներ տարբեր ծառեր են պաշտել ու սրբագործել։ Այսպես, օրինակ, հնդիկները՝ թզենին, փյունիկեցիները՝ մայրին, հռոմեացիները՝ կաղնին, հույները՝ դափնին և ձիթենին։ Իսկ մենք՝ հայերս, սրբագործել ենք սոսին և բարդին։

 

ՍՈՍԻ (ՉԻՆԱՐԻ)

ԾԱՌԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋՍոսին հայերի համար նվիրական ու պաշտելի ծառ է, որի մասին առաջինը հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա պատմում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո իշխում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը հայերի համար պաշտամունքի վայր էր։ Հայերը սոսին անվանել են նաև չինարի։ Ի դեպ, թե՛ մեկը, թե՛ մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական՝ Սոս (թեև հանդիպում է նաև իգական՝ Սոսե ձևը), երկրորդը՝ իգական՝ Չինար ձևով։

Հեթանոսական շրջանում հայերը Սոսյաց անտառում հմայություն էին անում՝ ունկնդրելով ծառերի սոսափյունը։

Օտար նվաճողները ոչնչացրել են այդ հոյակապ անտառը այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել։ Պատմում են, որ մի անգամ Սյունիքով անցնելիս պարսից Դարեհ արքան տեսնելով սոսյաց անտառները, հիանում է դրանց տեսքով և մտածում, որ այդպիսի պուրակը կզարդարի իր պալատի շրջակայքը, նրան շքեղ տեսք կտա։ Նույն օրն իսկ նա հրամայում է հայոց սոսիների տնկիներ տանեն Պարսկաստան և իր ապարանքի մերձակայքում այդպիսի մի պուրակ ստեղծեն։ Սոսյաց անտառից ճյուղեր ու տնկիներ են տանում Պարսկաստան, տնկում, խնամում, բայց, միևնույն է, ոչինչ չի հաջողվում։ Հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում։

-Այն, ինչ պարսից հողի վրա չի աճում,- զայրացած ասում է Դարեհը,- պետք է աշխարհի և ոչ մի անկյունում էլ չաճի։

Եվ իր մարդկանց ուղարկում է և կտրել տալիս հայկական հողի վրա աճած այդ հիասքանչ պուրակի բոլոր սոսիները։ Ոչնչանում են ամբողջ ծառերը։ Բայց, շատ չանցած, պուրակի բոլոր ծառերը վերընձյուղվում են։ Առեղծվածը վերծանելու համար Դարեհը հրավիրում է իր գիտուններին։

-Սա ի՞նչ բան է, ի՞նչ զորություն կա այդ սոսիների մեջ, որ արմատախիլ չեն լինում,- վրդովված հարցնում է Դարեհը։

-Այդ սոսիների տակ հայերը ցորեն են ցանել,- պատասխանում է գիտուններից մեկը,- իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի, ինչ էլ անես, մի տեղից կդալարի։

Ժողովուրդն ասում է, որ սոսիների վերընձյուղվող պուրակը նման է հայերին, որոնց որքան էլ կոտորել են, միևնույն է, վերընձյուղվել են, վերածաղկել, վերստին ճյուղավորվել։

Հռոմեացիները սոսի ծառն անվանել են «Հայկական Սոսի»։ Հայերը հնում պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով սոսի ծառի պատկերը։

 

«Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.

-Քեզի ընծա՜, իմ հայրենիք-

Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…

-Քեզի ընծա՜, հին հայրենիք-

Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.

Ընդ եղեգան փող լո՜ւյս ելաներ»։

                           Դանիել Վարուժան

 

ԾԱՌԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋԱրցախի Սխտորաշեն և Կարմիր շուկա գյուղերի մոտակայքում կա մի հսկայական չինարի, որն ավելի քան 2000 տարեկան է։ Կովկասյան շրջանի ամենահին ու ամենաբարձր ծառն է։ Բարձրությունն ավելի քան 54 մետր է, իսկ խոռոչն ունի 44 քմ մակերես։ Ծառի բնում կարող է հանգիստ տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Բնի հիմքի շրջագիծը 27 մետր է։ Հսկայական չինարի ծառը ստվեր է ձգում ավելի քան 1400  քմ մակերեսի վրա։ Ծառի տերևների երկարությունը երբեմն հասնում է 0,5 մետրի։ Ծառը պաշտամունքի առարկա է դարձել տեղի բնակչության համար։ Իսկ չինարի ծառի մոտ բխում է ջրառատ մի աղբյուր, որ դարեր ի վեր ջրում է  հինավուրց ծառը։

Ասում են, որ այս չինարի ծառի մոտակայքում ապրող արցախցիները այս հողում դարեր ի վեր հացահատիկ են ցանել, իսկ հունձը կատարել են մանգաղի հնագույն տեսակով, որ կոչում էին «չին»։ Ի տարբերություն մյուս հողերի, որտեղ հացահատիկ չէին ցանում, այդ չինով հնձվող ամբողջ հանդամասը կոչում էին «Չների» կամ «Չիների» հողեր, կամ «Չների դյուզեր»։ Այստեղից էլ առաջացել է չինարի անվանումը։

Ըստ սերնդեսերունդ փոխանցվող ավանդապատումների, այս դարավոր ծառի ստվերում հանգստացել են մեր անցյալի երևելի մարդիկ՝ Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին:

 

ԿԵՆԱՑ  ԾԱՌ

ԾԱՌԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋԿենաց ծառը առասպելական բույս է դրախտում, որը աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար է։ Հանդիպում ենք նաև «Պտղաբերության ծառ», «Իմաստության ծառ», «Գաղտնիքի ծառ» և այլ տարանվանումների, սակայն խորհուրդը նույնն է՝   հավերժությունը։ Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը՝ ծառի արմատները երկրի ընդերքում են, բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում։ Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, եգիպտացիների, շումերների, աքքադացիների, իրանցիների, ասորա-բաբելացիների հավատալիքներում մեծ տեղ է ունեցել։ Այն մեծապես կապված է եղել երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ։ Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները։ Կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որ խորհրդանշում էին տարվա տասներկու ամիսները։ Հայոց մեջ կենաց ծառ էր համարվում ծիրանենին և նռնենին։  Կենաց ծառի պատկերները պահպանվել են հին հայոց ձեռագիր մատյաններում, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հին արևելյան դրամների վրա։ Հայկական լեռնաշխարհում կենաց ծառի պատկերներ են հանդիպում ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, հայկական գորգերի, կարպետների վրա, մանրանկարչության մեջ և այլուր՝ որպես կյանքի, պտղաբերության, առատության խորհրդանիշ։

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Հոգևոր-մշակութային


28/07/2022