ՆԿԱՐԻՉ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ
Կապիտան Գևորգ Սահակյանի համար նկարչությունն իր տարերքն է, կենսակերպը: Ամեն կտավում զգում ես գույների աներեւակայելի արտահայտչաուժը: Տարբեր ժանրերի նրա ստեղծագործություններից լույս է կաթում, լուսերգություն է, արեւոտ ու տաք գույների խճանկար, չեք տեսնի ցավի, տխրության, հուսահատության շեշտադրումներ, նրա ամեն մի ստեղծագործություն մի յուրօրինակ ձոն է կյանքին…
Նկարել սկսել է վաղ տարիքից՝ փոքրիկ տղա էր, երբ իրենց տան մառանում գտավ նկարիչ հորեղբոր նկարակալը ու սկսեց նկարել:
Արարատ լեռն էր նկարում, բիբլիական սուրբ լեռան տեսարանին երեւացող բարդիները, Զվարթնոցի տաճարը…
-Սկզբում նմանակում էի այս կամ այն նկարչի գործերը. մեծերից մեկն ասել է՝ նմանակումն ինքնուրույն ճանապարհի սկիզբ կարող է լինել… Ութերորդ-իններորդ դասարանից արդեն հստակ որոշել էի նկարիչ դառնալ, մասնագիտական հիմնավոր կրթություն ստացա Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում:
Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո Գեւորգը զորակոչվեց բանակ, ծառայության ժամանակ հաճախակի չէ, բայց երբեմն-երբեմն հասցնում էր վրձնել, գծանկարել։
-Մեկ-երկու գուաշով արված աշխատանք էի նվիրել մեր գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալին, երբ վերջերս հյուր էի իրենց տանը, հաճելիորեն զարմացել էի՝ շրջանակված նկարս հյուրասենյակի պատին էր։ Սիրում եմ իմ նկարները նվիրել, կարծում եմ՝ նկարն էլ գրքի նման թանկ նվեր է, մնայուն արժեք: Համ էլ, ով գիտի, մեկ էլ տեսար՝ հայտնի նկարիչ դարձա…
♦♦♦
Բանակում՝ ժամկետային ծառայության ժամանակ, Գեւորգը զբաղվել է քարտեզագրությամբ, ու այս մասնագիտության հանդեպ սերն էլ նախանշեց հետագա ուղին՝ որոշեց ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում։
-Աշխատանքս չի սահմանափակվում միայն չոր գծերով, ուրվագծերով, մակետների վրա բազմազան գույներով նշում եմ անտառները, գետերը, լճերը…Այնպես որ՝ այստեղ եւս արվեստի տարրն է ներմուծված:
Նկարիչ զինվորականն արդեն տասը տարի է, ինչ բանակում է, ծառայությանը զուգահեռ` ավարտել է նաեւ ԵՊՀ արվեստաբանության ֆակուլտետի մագիստրատուրան:
Ազատ ժամանակի մեծ մասը երիտասարդ սպան տրամադրում է ստեղծագործելուն.
-Տանը ավագ դուստրս՝ երկամյա Նարես, նկարելիս մեկ-մեկ խանգարում է, իրեն բազմաթիվ վրձիններ եմ տրամադրել, բայց համառորեն հենց իմ ձեռքինն է պահանջում. այսպես հայր ու աղջիկ նկարում ենք:
Ու ճերմակ թղթին պատկերներ են հայտնվում՝ արեւահունց, վառվռուն գույների խաղ է, գծերի հարաբերակցություն, ամեն մեկը որոշակի իմաստ, տրամադրություն, հույզ ու զգացմունք է արտահայտում…
Դիմանկարներ, բնանկարներ, ապակու վրա արված նկարներ, որոնք արտատպվել են թղթին…
Վառ ու բազմագույն ծաղիկներ, կին, Փարաջանովյան ոճի կոմպոզիցիոն լուծումներով գործեր, աբստրակտ պատկերներ աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Կանդինսկու ոճով… Այս խայտաբղետ ու բազմաժանր ստեղծագործությունների մեջ աչքիցդ չի կարող վրիպել ջաջուռցի հանճարի հրեղեն տաք կարմիրը…
-Մինաս Ավետիսյանն իմ ամենասիրելի նկարիչն է, կարմիրն էլ ամենանախընտրածս գույնը՝ հզոր գույն է,- նշում է Գեւորգն ու անկեղծանում:- Դեռ ստեղծագործական փնտրտուքի, պրպտումների մեջ եմ, փորձում եմ գտնել ինձ ամենահարազատ, ամենասրտամոտ ոճը….
♦♦♦
Արցախյան վերջին պատերազմի օրերին գույները «լռել» էին:
-Չէի նկարում, ո՛չ ժամանակ կար, ո՛չ էլ ցանկություն,- ասում է Գևորգը,- պատերազմական թեմաներին անդրադառնալն անասելի ծանր է, հոգեցունց: Զոհված ընկերներ ունեի, որդեկորույս ծանոթներ… Ավելի ուշ՝ 2021 թ, Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոնի կապակցությամբ հայ զինվորին նվիրված ցուցահանդեսին մասնակցեցի: Նկարել էի 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիներ Ալբերտ Հովհաննիսյանի և Արթուր Սուքիասյանի դիմանկարները, ինձ ոգեշնչել էր նրանց անցած հերոսական ուղին: Մեր զինվորներն իրենց անհուն խիզախությամբ, անձնուրաց պայքարով նորօրյա ասքեր գրեցին: Արթուրը մարտերի ժամանակ վիրավորվել էր, մեկ-երկու օր հոսպիտալում մնալուց հետո, դեռ լիովին չապաքինված, վերադարձել էր ռազմաճակատ՝ միացել կռվող ընկերներին ու անմահացել… Արթուրի դիմանկարն արել եմ հոսպիտալում արված նրա վերջին լուսանկարից: Ցուցահանդեսի ավարտին հերոս քաջորդու նկարը հանձնեցինք ծնողներին, Ալբերտի նկարն էլ շուտով կնվիրեմ իր ծնողներին:
♦♦♦
Կապիտան Գեւորգ Սահակյանը 2019 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է, չորս անհատական ու բազմաթիվ խմբային ցուցահանդեսների է մասնակցել.
-Առաջին անհատական ցուցահանդեսս 2008 թվականին էր, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, տարբեր գործերով էի հանդես եկել: Անպատմելի էին զգացողություններս՝ հուզմունք, հպարտություն միախառնվել էին… Երկրորդ ցուցահանդեսը տասը տարի անց էր՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում ՝ «10 տարի անց» խորագրով, որտեղ ցուցադրվեցին և՛ հին, և՛ նոր աշխատանքներս, երրորդ ցուցահանդեսին ներկայացրել էի գրաֆիկական պատկերներ, իսկ արդեն չորրորդ ցուցահանդեսում, որ կրում էր «Մոնոտիպիա» խորագիրը՝ ներկայացված էին մոնոտիպիկ ոճի աշխատանքները։ Այն կազմակերպվել էր «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
Շնորհաշատ երիտասարդի նկարչական տաղանդի մասին բազում դրական գնահատականներ են հնչել ու հնչում.
«Տպավորիչ, կյանքի շնչով լեցուն, գունագեղ ու պայծառ, բանաստեղծական»-Գեւորգի «Բնապատկեր» նկարի մասին ժամանակին այսպես է արտահայտվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Կոջոյանը:
«Գեւորգ Սահակյանի մեջ յուրովի բացահայտվեց գեղեցկության մի աղբյուր, հոգում թաքնված մի աշխարհ, առօրյայում այդքան աննկատ: Գույնի զգացողությունը տրված է ի վերուստ. եւ գնալով այն կհասունանա»-արվեստաբան Մերի Երզնկյանի բնորոշումն է: «Կերպարվեստում ունես ընդգծված ընդունակություններ, եթե աշխատասեր լինես, կդառնաս լավ նկարիչ: Քեզ կօգնի նաեւ քո բնավորությունը՝ ազնիվ ես, մարդասեր եւ բարի»- սա էլ ՀՀ վաստակավոր նկարիչ Լեմս Ներսիսյանի խոսքն է:
Ի դեպ, բոլորովին վերջերս, մայիսյան հերոսամարտերին նվիրված նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթում, Գեւորգի վրձնած «Մայիսյան հերոսամարտեր» ինքնատիպ կտավն առաջին հորիզոնականը զբաղեցրեց:
…Առաջիկայում կապիտան Սահակյանը մասնակցելու է համաբանակային խաղերին:
-Ծանրաբեռնված գրաֆիկով մարզվում ենք, նախապատրաստվում, որ համաբանակային խաղերի ժամանակ, մյուս պետությունների կողքին, արժանիորեն ներկայացնենք Հայաստանի զինված ուժերն ու բարձր պահենք մեր երկրի պատիվը: Վստահ եմ՝ մրցույթից մեր թիվը կվերադառնա բարձր արդյունքներով, իսկ ես նաեւ՝ նոր ճեպանկարներով։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային