Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ Է…



ԶՈՐԱԿՈՉ Է...Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի տարածքային ստորաբաժանման բակում հնչող երաժշտությունն ու հոծ բազմությունը կասկած չեն թողնում. զորակոչ է: Ամեն կողմից զորակոչիկներին են ուղղվում վերջին հորդորները՝ լիարժեք կատարեն հայրենիքի պաշտպանի պարտականությունները, լինեն ընկերասեր ու սրտացավ, բարով գնան, պատվով վերադառնան:

Զորակոչիկ Մյասնիկ Հարությունյանի մայրը՝ Սողոմոնյան Քրիստինեն, ասում է՝ մեծ հպարտություն, միաժամանակ, ուրախություն ու տխրություն է ապրում.

-Մի տարի հետո մեր միջնեկին կուղարկենք, մի ութ տարի հետո էլ՝ փոքրին: Ուրախ եմ, որ առողջ որդի եմ բանակ ուղարկում: Տխրությունն էլ բնական է՝ կկարոտեմ որդուս: Խաղաղություն եմ ուզում, որ մեր տղաներն անփորձանք ծառայեն ու ողջ-առողջ վերադառնան:

Մեր բարեկամների մեջ կան և՛ պատերազմին մասնակցած ու վերադարձած, և՛ վիրավորված ու զոհված զինվորներ: Բայց մենք շարունակում ենք հավատալ մեր Հայրենիքի զորությանը, մեր զինվոր տղաների ուժին ու ամրությանը: Այն, ինչը մենք, որքան էլ ցանկանանք, չենք կարող անել մեր երեխաների համար, անում է բանակը՝ միշտ կոփում ու տղամարդ դարձած մեզ է վերադարձնում մեր որդիներին:

-Գնում եմ պարտքս տալու Հայրենիքիս,- հավելում է Մյասնիկը։- Իմ ընկերը, եղբորս տղաները մասնակցել են պատերազմին: Նրանցից մեկը վիրավոր է վերադարձել, մեկը՝ ողջ-առողջ: Ես պետք է ծառայեմ նաև, որպեսզի նրանց աչքերին ուղիղ ու պարզ կարողանամ նայել:

Այդ օրը բանակ էր զորակոչվում նաև Էրիկ Հովսեփյանը, որն ամուր գրկելով մորը, նկատում է՝ սա է միակ ճիշտ և առաքինի ճանապարհը, եթե սիրում և պատրաստ ես պաշտպանել այն ամենը, ինչը իրավ թանկ է քեզ համար.

-Բոլորս էլ տղամարդ ենք, պիտի պաշտպանենք մեր հողը, ջուրը, որ մեր մայրերը հանգիստ քնեն:

Տարածքային ստորաբաժանման բակում մթնոլորտը ջերմ է, տղաների ոգևորությունը մեծ։ Զինակոչիկներին ոգևորելու էին եկել Կոտայքի թեմի հոգևորականները, որոնք ներկաների հետ միասնաբար կարդացին «Տերունական աղոթքը», զորակոչիկներին մաղթեցին խաղաղ և արգասաբեր ծառայություն։

ԶՈՐԱԿՈՉ Է...Զորակոչիկներին շնորհավորանքի խոսքեր ասաց նաև ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը.

-Սիրելի՛ զորակոչիկներ, ձեր ընկերները, եղբայրները, բարեկամները արդեն զորակոչվել են զինված ուժեր, այսօր էլ դուք եք զորակոչվում: Պատվո՛վ կրեք ձեր զինվորական համազգեստը, լսե՛ք ձեր ավագ ընկերներին, ձեր հրամանատարներին: Շնորհավորում եմ ձեզ ՀՀ զինված ուժեր զորակոչվելու համար, ցանկանում եմ խաղաղ, անփորձանք ծառայություն: Աստված ձեզ պահապան: Բարով գնաք, բարով վերադառնաք ձեր ընտանիքներ: Շնորհավորում եմ:

Շուտով մոտեցավ հրաժեշտի պահը: Օրվա հերոսները մեկ առ մեկ հրաժեշտ են տալիս հարազատներին և տեղավորվում ավտոբուսում։

Զինակոչիկ Գոռ Բաղդասարյանի քույրը՝ Աստղիկը, ասում է.

-Ես շա՜տ հպարտ եմ եղբորս համար, շա՛տ: Այնքան մեծ է հպարտությունս, որ անգամ հուզմունքի համար տեղ չի մնում, ու ես հիմա նոր եմ զգում, թե ինչ մեծ պատիվ է եղբորդ բանակ ճանապարհելը: Դեռ Նապոլեոնն է ասել. «Սերը դեպի Հայրենիք քաղաքակիրթ մարդու ամենաառաջին արժանիքն է»: Խաղաղություն եմ ցանկանում մեր բոլոր զինվորներին:

Եվս մի քանի ակնթարթ, և ծափողջույնների ներքո նորաթուխ զորակոչիկները ուղղություն են վերցնում դեպի հանրապետական հավաքակայան։

Հավաքակայանը ժամ առ ժամ համալրվում է զինվորական ծառայության առաջին քայլերը կատարող նորակոչիկներով։ Մինչ մի խումբը պատրաստվում է վիճակահանությանը, մյուսները նոր են ոտք դնում հավաքակայան, անցնում բուժզննության վերջին փուլը:

Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի աշխատակիցները անցկացնում են զորակոչիկների մարմնազննությունը, ֆլյուրոգրաֆիկ հետազոտության միջոցով կանխում են սուր վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը բանակ։

Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանը ներկայացրեց հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները.

-Երկու հիմնական գործառույթ ենք իրականացնում: Առաջինը սուր պաթոլոգիկ վիճակների հայտնաբերումն է, որն իրականացվում է ջերմաչափման, մարմնազննության և ֆլյուրոգրաֆիկ հետազոտության միջոցով: Սա կանխարգելում է հիվանդությունների ներթափանցումը բանակ: Երկրորդ կարևոր խնդիրը առկա քրոնիկ հիվանդությունների ուսումնասիրությունն է անձնական գործերի և մարմնազննության միջոցով, դրանց համաձայնեցումը բժշկական գրքույկներում առկա բժշկական հոդվածներին: Ակնհայտ բացթողումներ հայտնաբերելու դեպքում՝ զորակոչիկներին կրկին հետազոտում ենք և անհրաժեշտության դեպքում իրականացնում փորձաքննություն: Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը համալրված է նեղ մասնագետներով՝ վիրաբույժ, ծնոտային վիրաբույժ, թերապևտ, նյարդաբան և այլն: Յուրաքանչյուր զորակոչիկ բազմակողմանի հետազոտության է ենթարկվում: Չկա որևէ զորակոչիկ, որին ցանկացած՝ պաթոլոգիայի հանդեպ արժանի ուշադրություն չցուցաբերվի,- վստահեցրեց պարոն Մկրտչյանը:

Հավաքակայան ժամանած զորակոչիկներից շատերի հայրերն ու ավագ եղբայրները մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Խոսելով այդ մասին՝ տղաները նշում են. երկու տարի շարունակ սպասել են այս պահին, երբ իրենք էլ պիտի կրեն զինվորական համազգեստն ու հայրենիքի պաշտպանի կոչումը։

Զորակոչիկ Կոլյա Մալխասյանի հայրը շուրջ մեկ ամիս մասնակցել է մարտական գործողություններին, այնուհետև կամավոր մնացել է Բերձորում:

-Հայրենիքը սրբություն է, ամեն հայ պիտի պաշտպանի մեր հողը,- ասում է երիտասարդը։- Յուրաքաչյուր հայ տղամարդու արյան մեջ պետք է լինի իր հողը պաշտպանելու կամքը. դա մեր արժանապատվության խնդիրն է:

Զորակոչիկ Աթոյան Սարգիսի հայրը նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից է.

-Հայրենիքն է ամեն հայի ամենամեծ արժեքը,- ասում է Սարգիսը: Ինձ համար մեծ պատիվ է, որ հայրս ամենածանր պահին եղել է Հայրենիքի համար մաքառողների շարքում, ու մեծ հպարտություն է, որ վաղվանից ինքս էլ կազմ ու պատրաստ ներգրավվելու եմ Հայրենիքի պաշտպանության գործին:

…Վերջին փուլը վիճակահանությունն է: Զորակոչիկի հետագա ծառայավայրը որոշվում է հենց այստեղ՝ թմբուկների միջոցով, արդարության ու հավասարության սկզբունքով:

Մեկը մյուսի հետևից բարձրաձայնելով վիճակահանությամբ ընտրված զորամասերի պայմանական համարները՝ զորակոչիկները ուղևորվում են զորամասեր՝ փոխարինելու երկամյա ծառայությունն ավարտած տղաներին: Այժմ հայրենիքը պաշտպանելու նրանց հերթն է…

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Բանակ և հասարակություն


28/07/2022