ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԱՄՆ-ն ընտրում է Չինաստանի հետ առճակատման ճանապարհը, դա ոչ մի լավ բան չի խոստանում – հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի հարվածների արդյունքում ոչնչացվել են HIMARS համազարկային կրակի հրթիռային համալիրների վեց արձակող կայանք, ավելի քան 200 հրթիռ, 33 հատ M777 ամերիկյան հաուբից և հինգ հականավային Harpoon արձակող կայանք։
Միայն վերջին մի քանի շաբաթում ուկրաինական զորքերը «զրկվել» են 396 Javelin և NLAW հակատանկային հրթիռային համալիրներից, 125 «Սթինգեր» շարժական զենիթային հրթիռային համալիրներից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն. «ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ»։
Ցորենով բեռնված առաջին նավը դուրս է եկել ուկրաինական նավահանգստից Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների պայմանավորվածության շրջանակում, որը ենթադրում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրս բերում Սև ծովի երեք նավահանգիստներով, ներառյալ Օդեսան։
Թուրք-ադրբեջանական TANAP գազատարը այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպա – հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կոսովոյի իշխանություններին կոչ է արել դադարեցնել սադրանքներն ու հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Սերբերի անձնական փաստաթղթերի և ավտոմեքենաների գրանցման համարանիշների հարկադիր փոխարինման վերաբերյալ որոշման կիրառման շուրջ զարգացումները նա համարել է Եվրամիության միջնորդական առաքելության ձախողման ևս մեկ վկայություն։
Վլադիմիր Պուտինը Կրոնշտադտում ՌԴ նավատորմի օրվան նվիրված շքերթի ընթացքում կայացած իր ելույթի ժամանակ ասել է, որ մոտ ապագայում կսկսվի զինված ուժերին «Ցիրկոն» հիպերձայնային համակարգերի մատակարարումը, որոնց հնարավորություններն անսահման են։ Առաջին «Ցիրկոնը» կհանձնվի «Ադմիրալ Գորշկով» նավին, որը կգործի Ռուսաստանի անվտանգության շահերից բխող համապատասխան տարածքներում։
Իրանի և Ադրբեջանի ռազմանավերը մասնակցել են Կասպիյսկում տեղի ունեցած ռազմածովային շքերթին՝ նվիրված ՌԴ ռազմածովային ուժերի օրվան։
Սևաստոպոլում ԱԹՍ-ի միջոցով հարձակվել են ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբի վրա, կան վիրավորներ: Քաղաքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի նախավերջին մակարդակ։
ԵՄ-ն կարող է վերանայել պարարտանյութերի և սննդի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ համաշխարհային արտահանման շղթաները պահպանելու համար։
Ռուսաստանը 2024 թ. հետո դուրս կգա Միջազգային տիեզերական կայանի նախագծից։ Մինչ այդ, կսկսվի ազգային ուղեծրային կայանի տեղակայումը – հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը։
Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է ոչ բարեկամ օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը։
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միրաքբար Ռեզավին հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին։ Այն նախատեսում է Իրանում արտադրված դետալների եւ սարքավորումների արտահանում ՌԴ, ռուսական ինքնաթիռների նորոգում և տեխնիկական սպասարկում իրականացնելու հնարավորության ապահովում։
Իրանի ավիացիոն ոլորտը երկար տարիներ ԱՄՆ պատժամիջոցների ներքո է, ինչի հետեւանքով աշխարհի ավիաընկերությունները մերժում են իրանական ինքնաթիռների սպասարկումը: Իրանի իշխանությունները փորձում են շրջանցել սահմանափակումները համալիր միջոցների հաշվին, ներառյալ դետալների ներմուծումը երրորդ երկրներից և շահագործումից հանված ինքնաթիռներից պահեստամասերի օգտագործումը: Էականորեն կավելացվի նաև երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալը։
Ճապոնիան ԱՄՆ-ին տեղեկացրել է ռուսական «Սախալին-2» հանքավայրի շահագործման նախագծում բաժնետոմսերը պահելու մտադրության մասին։
Իրան
Իրանը տեխնիկական հնարավորություններ ունի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը իշխանությունների օրակարգում չէ – ասել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:
Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Դրական սպասումներն ավելացել են հատկապես հունիսին Կատարում ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչների միջև ոչ ուղղակի բանակցություններից հետո, երբ Եվրամիության ներկայացուցիչներն էլ փաստել են որոշակի առաջընթաց:
Իրանը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից որևէ մեկին և չի մասնակցի ռազմական գործողությունները սրող նախաձեռնություններին։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան կայքում հրապարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ ասվում է՝ ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք:
Իրանի իշխանությունները հայտարարել են իսրայելական հետախուզության օգտին աշխատող խմբավորման կալանքի, ինչպես նաև լրտեսության մեջ կասկածվող Շվեդիայի քաղաքացու ձերբակալման մասին։
Թեհրանը պլանավորում Է մի քանի շաբաթվա ընթացքում սկսել նոր հետազոտական միջուկային ռեակտորի կառուցումը Սպահանի նահանգում: Լիովին տեղական այդ նախագիծը կամբողջացնի Իրանում միջուկային Էներգիայի արտադրության հետազոտությունների, գնահատման, թեստավորման և ապահովման շղթան:
Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան՝ այն որակելով Չինաստանի տարածքային ամբողջականության խախտում։
Իրանի եկամուտը գազի արտահանումից անցած 4 ամիսներին 4 մլրդ դոլար է կազմել, ինչը հավասար է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշին։
Իրանն ու Ռուսաստանը դոլարը բացառել են երկրների միջեւ առևտրային գործարքներից։
Թուրքիան կավելացնի նավթի և գազի ներկրումն Իրանից։ Թուրքիայի նախագահի՝ Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում փոխըմբռնման ութ հուշագիր է ստորագրվել, որոնց իրագործման արդյունքում երկկողմ առևտրաշրջանառությունը 30 միլիարդ դոլարի կհասնի:
Իրանն ու Ռուսաստանը աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգի ստեղծման ուղղությամբ – հայտնել է Իրանի տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
Իրանական անօդաչուները վտանգավոր են և ապացուցել են իրենց արդյունավետությունը – նշել է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչը։
Թուրքիա
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան Թուրքիայում սկսել է «Աքքույու» ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի շինարարությունը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը եւ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Աքքույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է, որի առաջին էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2018 թ. ապրիլի 3-ին, երկրորդ բլոկինը՝ 2020 թ. հունիսի վերջին, իսկ երրորդի շինարարությունը սկսվել է 2021 թ. մարտի 10-ին։ ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը կգործարկվի 2023 թվականին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո»,- ասել է Էրդողանը։
Թուրքիան օգոստոսի 9-ին կվերսկսի բնական գազի հետախուզումը Միջերկրական ծովում։
Թուրքիան դեռ չի դիտարկում Ռուսաստանի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հնարավորությունը։ Իսկ «Baykar» ընկերության գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, թե Թուրքիան և Ուկրաինան հարաբերությունների ռազմավարական մակարդակ ունեն, հատկապես ավիատիեզերական և պաշտպանական ոլորտում, և հավելել է, որ ընկերությունը երբեք չի վաճառի իր անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանին։
Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական Դոհուկ գավառում զբոսաշրջային հանգստավայրի վրա հարձակման դեպքով Իրաքի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Թուրքիային պատասխանատվության կանչելու նպատակով։ Հարձակման պահին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» կառույցները տարածքում չեն եղել: Հուսեյնը նշել է. «Մենք գիտենք, որ «Քրդական բանվորական կուսակցությունը» խնդիր է Թուրքիայի համար, սակայն Թուրքիան չի կարող մտնել Իրաքի տարածք, երբ կամենա։ Իրաքը իր հարեւանների հետ ունեցած խնդիրները չի ցանկանում լուծել ռազմական ճանապարհով»:
Փարահ գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել էր 9 և վիրավորվել 23 մարդ:
Իրաքը Անկարայից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին և Թուրքիայից պահանջել պաշտոնական ներողություն խնդրել, ինչպես նաև դուրս բերել իր զինված ուժերը Իրաքի ամբողջ տարածքից: Թուրքիան հերքել է միջադեպին իր մասնակցությունն ու մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին»:
ԱՄՆ-ն պետք է դուրս գա Եփրատի արևելքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը` ընդգծելով, որ դա Ռուսաստանի եւ Իրանի հետ Թեհրանի գագաթնաժողովի արդյունքներից մեկն է։
Թուրքական բանակի սպառազինության մեջ են ընդգրկվել փոքր ԱԹՍ-ների հակազդման «Շահին» համալիրները։
Թուրքական ԱԹՍ-ների հերթական մատակարարումն է տեղի ունեցել Ուկրաինային՝ չորս «Bayraktar TB2» համալիր կառավարման ցամաքային կայանների հետ միասին։
Ադրբեջան
Սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել, որ Ադրբեջանը, առերես չեզոք դիրք գրավելով ռուս-ուկրաինական հակամարտությունում, բարձր ճշգրտությամբ կառավարվող ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ուկրաինայում ռազմական գործողության նախօրեին՝ 2022 թ. փետրվարի 22-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր էին ստորագրել:
Ադրբեջանական դպրոցներում կդասավանդեն նոր առարկա՝ ընդհանուր թյուրքական պատմություն։ Դասագիրքը մշակման փուլում է։
Հուլիսի 26-ին Քարվաճառում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ բարձրաստիճան սպաներ են վիրավորվել։
Ադրբեջանի բանակի մի խումբ զինծառայողներ «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում Թուրքիայում մասնակցել են «Հարձակողական AKINCI ԱԹՍ-ների գործողության ուսուցման դասընթացին»։
Հուլիսի 30-ին Կենտրոնական հրամանատարական կետում Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի աշխատանքներին տեսակապով ներգրավվել են Արցախի գրավված տարածքներում տեղակայված ադրբեջանական ռազմական միավորումների և զորամասերի հրամանատարները։ Նախարարը հրահանգել է պատրաստ լինել իրավիճակի սրմանը։
Բաքուն սկսել է մի շարք նոր ռազմական բարեփոխումներ՝ բանակը թուրքական մոդելով վերակառուցելու նպատակով։
Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվել է, թե Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Իսլամական ութնյակի (D-8) միջազգային կազմակերպություն, որին անդամներն են՝ Բանգլադեշը, Եգիպտոսը, Նիգերիան, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը և Թուրքիան։ Ադրբեջանի հայտին իր աջակցությունն է հայտնել նաև Իրանը։
Իլհամ Ալիևը դժգոհել է Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից և իր բողոքը հայտնել Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։
Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ, որի համաձայն՝ մինչև 2027 թ. եվրոպական երկրներին տարեկան կմատակարարվի առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ում գրել է, թե ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները։
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն աջակցում է Բաքվի ջանքերին՝ մեծացնելու էներգիայի մատակարարումները Եվրոպա։ Իսկ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես, օրինակ, «Human Rights Watch»-ը, քննադատել են ԵՄ-ի և Ադրբեջանի գազային գործարքը:
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ հանդիպումը, որն ավարտվել է «Ստամբուլի հռչակագրի» ստորագրմամբ։
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից։
Ադրբեջանի ու ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայությունների միջև հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը նախատեսում է համատեղ գործողություններ երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության և այլ հարցերում։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Տարածաշրջան