ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որտեղ կային հարյուրավոր հայտնի և գուցե շատ շատերին որոշ չափով անհայտ հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ՝ դրանցից շատերի գոյությունն անգամ վտանգված է, իսկ որոշ հուշարձաններ արդեն իսկ ոչնչացվել են: Երբեմն նույնիսկ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելությունը մերժվում է և վերագրվում աղվանականին։
«Հայ զինվոր» հանդեսը պատերազմից հետո բազմիցս անդրադարձել է Արցախի բռնագրաված տարածքներում հակառակորդի վերահսկողության տակ անցած հուշարձանների և հոգևոր գանձերի ճակատագրին։ Ներկայացրել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կատարած և ապագայում իրականացվող աշխատանքները պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ։ Այս անգամ կփորձենք ներկայացնել վանքերն ու եկեղեցիները առանձին-առանձին ավելի հանգամանալի՝ այդ հուշարձանների կառուցման թվականը, աշխարհագրական դիրքը, հուշարձանի խաղացած կարևոր պատմական նշանակությունը տվյալ տարածաշրջանի ժողովրդի կյանքում, կամ ինչ հայտնի փաստեր ու խորիմաստ ավանդապատումներ կան՝ կապված տվյալ հուշարձանի հետ։ Ծանոթանալով Արցախի եկեղեցաշինության ավանդույթներին՝ կարող ենք հստակ ասել, որ եկեղեցաշինությունը սկիզբ է առել դեռեւս 4-րդ դարի արշալույսին, իսկ առանձնակի վերելքը 12-13-րդ դարերում էր, երբ ստեղծվեցին Գանձասարն ու մյուս հրաշք կոթողները։ Փաստերը վկայում են, որ Արցախում մեծ թվով եկեղեցիներ կառուցվել են նաև 19-րդ դարում, երբ այս հայկական լեռնաշխարհն անջատվել է Սեֆյան Իրանից և մաս է կազմել Ռոմանովների ռուսական կայսրության։
Վանքասարի եկեղեցին գտնվում է Տիգրանակերտի հնավայրի հարևանությամբ։ Կառուցվել է մոտավորապես 6-7-րդ դարերում։ Վանքասարի եկեղեցին Արցախի Մարտակերտի շրջանում է՝ Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում, բարձր ժայռի գագաթին։ Եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական ճարտարապետության, այլև համաքրիստոնեական լուծում ունի։ Եկեղեցու խաչաձև հատակագծային հորինվածքը պատկանում է վաղմիջնադարյան փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների տեսակին: Վանքասարի եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ՝ հայոց այբուբենի տառերի տեսքով։
Նախկինում այս տարածքը մտնում էր Ուտիք նահանգի մեջ, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Կուր-Արաքսյան հարթավայր և Կովկասյան լեռնաշղթա։
Եկեղեցու մասին առաջին հպանցիկ հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանը.
«Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի,
Զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի»։
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն էլ 1895 թ. «Արցախ» գրքում բերում է ավանդություններ, և ըստ դրանցից մեկի՝ եկեղեցու կառուցումը վերագրվում է Վաչե Բ գահերեց իշխանին (5-րդ դար).
«Վաչէ Բ շինած է մի խաչաձև մենաստան,
Որի գլուխն այժմ խոնարհուած է ամբողջապէս»։
Ադրբեջանցիները անցյալ դարի 80-ականներին փորձել են վերականգնել եկեղեցին «ադրբեջանական» ձևով, սակայն այդ «վերականգնումը» միայն լուրջ վնասներ է պատճառել հուշարձանին։ Եկեղեցու շուրջը հոգևոր-մշակութային միջավայրին անհարիր կառուցապատում է իրականացվել, և այդ նոր կառույցները արցախյան առաջին պատերազմում վնասվել են և վերածվել ավերակների։ Լուրջ ամրաշինական և վերականգնողական աշխատանքներն արվել են 2012 թվականին, և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչ։ Եկեղեցու ներկա վիճակն առայժմ անհայտ է։
ՄՈՇԽՄՀԱՏԻ սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եւ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ անապատ
Նախկինում գյուղն անվանել են Քարաղբյուր, իսկ հետագայում վերանվանվել է Մոշխմհատ։ Անվանումը կապված է գյուղի շրջակայքում աճող մոշուտների հետ։ Գյուղը հիմնել են մոշից հատված խամի վրա, որը տեղի բարբառով դարձել է «մոշ-հատ-խամ», հետագայում՝ Մոշխմհատ։
Մոշխմհատ գյուղը հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ հետագայում՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքի կազմի մեջ։ Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի լեռների հարթավայրային մասում, Վարանդա գետի վտակի մոտ, Կարկառի գետահովտում։
Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հոգևոր-պատմական հուշարձաններ, խաչքարեր, 9-13-րդ դդ. «Հեղինեի քույր» սրբատեղին, 18-րդ դարի «Թուխնակալ» ապարանքը, 19-րդ դարի ջրաղացը, 17-18-րդ դդ. գերեզմանոցների հետքերը։ Բայց գյուղի ամենանշանավոր հուշարձաններն են՝ սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), և Ղևոնդյանց անապատը (Ղոնդիկ՝ 5-7-րդ դդ.)։ Ընդհանուր առմամբ, Մոշխմհատ գյուղում և շրջակայքում հաշվառված է ավելի քան 26 հուշարձան։
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին որևէ հիշատակություն հայտնի չէ։ Մակար արքեպիսկոպոս Բարխուդարյանն իր «Արցախ» գրքում խոսելով Մոշխմհատ գյուղի մասին, ընդամենը հիշատակում է, որ քահանան գալիս էր Ղևոնդյանց անապատից։ Եկեղեցու ճարտարապետական տեսքը հուշում է, որ այն կառուցվել է 19-րդ դարում։
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԱՆԱՊԱՏ
Եկեղեցին գտնվում է Մոշխմհատ, Սարգսաշեն, Զարդարաշեն, Վերին Թաղավարդ և Ավետարանոց գյուղերի մերձակայքում՝ բարձր լեռան կատարին։ Տեղացիները իրենց բարբառով եկեղեցին կրճատ անվանում են նաև Ղոնդիկ։
Պատմական աղբյուրները աղոտ տեղեկություններ են հաղորդում Արցախի հնագույն այս հուշարձանի մասին։ Տեղում կատարված ուսումնասիրությունները, պահպանված հին զրույցները հաստատում են, որ այստեղ եղել է բավականին մարդաշատ և բարգավաճ հոգևոր կենտրոն և ուսումնակրթական օջախ։
Ենթադրվում է, որ եկեղեցին ավերվել է արաբական հարձակումների ժամանակ և վերակառուցվել է 13-րդ դարում, այնուհետև նորից հիմնահատակ կործանվել է և վերստին վերաշինվել Ղարաբաղի մելիքների օրոք։
Գյուղի ծերունիները ժամանակին պատմել են Սարգիս եպիսկոպոս Ջալալյանին, թե Ղևոնդ Երեցի ազգականները Վարանդայում պտտվելով՝ գտնում են սուրբի նշխարները և բերում ամփոփում են այստեղ ու կառուցում են եկեղեցի։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Հոգևոր-մշակութային