Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՍԻԱՆՆԱՆ ԵՄ



-Ծանոթանա՛նք։

-Սիաննա Մնացականյան։

-Ծնվել ես…

-1968 թվականին, Արարատ գյուղում։

-Մասնագիտությունդ ։

-Զինվորակա՛ն։ Միա՛յն։

-Ամուսնացա՞ծ ես։

-Այո՛։ Ունեմ մեկ դուստր, անունը` Անուշ։

-Մորդ անո՞ւնն է։

-Ո՛չ, պատերազմական ընկերուհուս, որ զոհվեց։

-Ի՞նչ է պատերազմը։

-Անշուշտ, աղետ, բայց թերևս նաև արդարությունը վերագտնելու միջոց։

-Ի՞նչ գտար պատերազմում։

– Արժանապատվությո՛ւն։

-…Եվ ի՞նչ կորցրիր։

-Շատ թանկ կյանքեր։ Առողջությո՛ւն։

-Եթե պատերազմ չլիներ…

-Միևնույն է, ես նույն Սիաննան էի լինելու, այսինքն՝ զինվորական։

-Իսկ ի՞նչ է նշանակում «Սիաննա»։

-Ճիշտն ասած, ես ինքս էլ չգիտեմ։ Սակայն ունեմ իմ մեկնաբանությունը՝ սիրելի Աննա։ Իմ կարծիքով, գեղեցիկ անուն է ու ինձ էլ սազում է։

-Իսկ ինձ թվում էր՝ կեղծանուն է կամ պայմանականչ…

-Պատերազմում իմ պայմանականչը «Կակաչ» էր։ Կարոտել եմ «Ես Կակաչն եմ» արտահայտությանը։

-Ի՞նչ է հայրենիքը։

-Սե՛ր` քաղցր և դառը։ Սեր, բայց միակողմանի, հաճախ՝ անպատասխան։

-Հավատո՞ւմ ես ճակատագրին։

-Հավատում եմ մարդո՛ւն։

-Քո մանկության երազանքը։

-Երազում էի՝ հայոց այրուձի ունենալու, մեծանալու ու թուրքերին մեր հայրենիքից դուրս քշելու մասին։ Այնպես որ՝ իրականացել է իմ մանկության երազանքը։

-Ծնողներդ զինվորակա՞ն են եղել։

-Ո՛չ։ Հայրս վարորդ էր, մայրս՝ ուսուցչուհի։

-Ի՞նչ է ընտանիքը քեզ համար։

-Ամրոց։

-Ի՞նչ ասել է հայրենիք։

-Տուն, որտեղ ես ապրում եմ իմ եղբայրների ու քույրերի հետ։

-Քո սիրած քաղաքը։

-Երևանը։

-Քո սիրած փողոցը։

-Այն բոլոր փողոցները, որ տուն են տանում։

-Շաբաթվա ո՞ր օրն ես սիրում։

-Ուրբաթը։

-…Օրվա՛ ո՞ր պահը։

-Արևածագն ու մայրամուտը։

-Անմոռաց ու գեղեցիկ տեսարանը։

-Երբ առաջին անգամ Արցախը տեսա ուղղաթիռի բարձունքից։

– Ամենատխուր տեսարանը։

-Շահումյանցիների գաղթը, հայ զինվորների նահանջը։

-Ո՞րն է մեր ժողովրդի ուժը։

-Անընկճելիությո՛ւնը։

-Թուլությո՞ւնը։

-Անմիաբանությո՛ւնը։

-Հրաշքի հավատո՞ւմ ես։

-Ինչպե՞ս չհավատամ. մի՞թե մեր հաղթանակը հրաշք չէր։ Ես դեռ մանկուց հավատացել եմ այդ հրաշքին ու սպասել եմ այդ օրվան։

-Սիրո՞ւմ ես կարդալ։

-Եթե արձակ, ապա` միայն պատմավեպ։

-Քո սիրած հեղինակները։

-Րաֆֆի, Մուրացան։ Նրանց պատմավեպերը հիմա էլ եմ կարդում ու չեմ ձանձրանում։ Փորձում եմ նաև գրել։

-Ինչի՞ մասին։

-Այն պատերազմի, որը տեսել եմ, մասնակցել։

– Համարում ես, որ մինչև օրս ասվածը, գրվածը քի՞չ է։

-Ճշմարիտ ասվածն ու ճշմարիտ գրվածն է քիչ. շատ ճշմարտություններ ավաղ մնացել են պատերազմի դաշտում։

-Ո՞վ է քո սիրած հերոսը։

-Անդրանի՛կը։ Մայրական կողմս Շապին-Գարահիսարից է։

-Կին հերոսը, որին կուզենայիր նմանվել։

-Այծեմնիկին։ Օտարներից՝ Ժաննա դ’Արկին։

-Քո սիրած տոնը։

-Նոր տարին։

-Ի՞նչ սպասելիքներ ունես Ձմեռ պապից։

– Խաղաղությո՛ւն։

-Իսկ ի՞նչ է խաղաղությունը։

-Վաղվա մարտահրավերներին նախապատրաստվելու մի հնարավորություն։

-Նոր տարվա գիշերը ինչո՞վ ես ուրախացնելու տնեցիներիդ։

-Ինձ թվում է՝ նրանք անհամբեր սպասում են իմ եփած կրեմով ու ընկույզով թխվածքին։

-Սիրո՞ւմ ես նվերներ ստանալ։

-Ո՞ր կինը չի սիրում։

-Երբևէ ստացած քո ամենալավ նվերը։

-Բ-1 նռնակը, որ 1989-ին, պատերազմի ժամանակ, նվեր ստացա իմ մանկության ընկերոջից։

-Ինչպես ես վերաբերվում «թույլ սեռ» արտահայտությանը։

-«Թույլի» հետ համաձայն չեմ, գուցե՞ «գեղեցիկ»։

-Հաճոյախոսությունը, որ երբեք չես մոռացել։

-Անտարբեր եմ ամեն կարգի հաճոյախոսությունների նկատմամբ։

-Հետևո՞ւմ ես նորաձևությանը։

-Չէի ասի՝ կուրորեն։ Այն, ինչ ինձ սազում է, նորաձև է։

-Իսկ ի՞նչ հագուստ է քեզ ամենից շատ սազում։

-Իմ կարծիքով, տոնական զինվորական համազգեստը։

-Ո՞րն է քո բնավորության ամենաուժեղ կողմը։

-Համոզմունքներս պաշտպանելու արիությունը։

-Ի՞նչն ես ամենից շատ գնահատում մարդու մեջ։

-Տղամարդու մեջ՝ խոսքի տեր լինելը, քաջությունը, տրամաբանությունը, ողջամտությունը…

-Չես սիրում…

-Ատում եմ դավաճաններին, թուլամորթներին, կամազուրկներին։

-Ո՞րն է կնոջ կոչումը։

-Մայր լինելը։ Իմ մայրն իր կյանքը նվիրեց իր հինգ երեխաներին։

-Ո՞վ է տղամարդու, կնոջ քո իդեալը։

-Այդպիսիք չկան։

-Ի՞նչ ես ժառանգել ծնողներիցդ։

-Իմ հայկական դիմագծերը։

-Եթե նորից ծնվեիր…

-Կապրեի այնպես, ինչպես ապրել եմ։

-Եթե հրաշքով Մասիս բարձրանայիր, առաջին բառը, որ կարտասանեիր…

-Կարտասանեի Գևորգ Էմինի «Սասունցիների պարը»։

-Քո սիրած եղանակը։

-Չմե՛ռը։ Չյունառա՜տ, սպիտա՜կ, մաքո՜ւր…

-Որն է քո սիրած օրհնությունը։

-«Աստված քեզ հետ»։

-Իսկ եթե չարացած ես…

-«Վա՜յ, ես քո…»։ Այսքանը։

-Ժողովրդական ամենաիմաստուն ասացվածքը։

-Երբեք թշնամուդ մի՛ վստահիր։

-Եթե հրամանատար լինեիր…

-Կդառնայի զինվորի եղբայրը, քույրը։

-Եթե նախագահ լինեիր։

-Այնպես կանեի, որ ոչ ոք հայրենիքը չլքեր, ու հայրենիքում ապրելը երջանկություն համարվեր։

-Իսկ եթե քաղաքապետ լինեիր…

-Կմաքրեի, կփայլեցնեի, կպսպղացնեի Երևանը…

-Ի՞նչը կկործանի մարդկությունը։

-Ագահությո՛ւնը։

-Ի՞նչը կփրկի։

-Սե՛րը։

-Ի՞նչ է քրիստոնեությունը։

-Համատարած, համընդհանուր սեր։

-Գլխավոր խրատը՝ երեխայիդ։

-Մա՛րդ եղիր։

-Ի՞նչ խրատով կդիմեիր հայ զինվորին։

-Հիշի՛ր, որ քեզնից առաջ քո նման զինվորներ են եղել, որոնք անցել են գնդակների տարափի, կրակների, դժոխքի միջով…

-Քո սիրած երգը։

-Այն երգերը, որ մայրս երգել է իմ մանկության տարիներին։

-Սիրած ծաղիկը։

-Սիրում եմ բոլոր անուշաբույր ծաղիկները։

-Կինոնկա՛րը…

-Պատերազմից առաջ գժվում էի պատերազմական թեմաներով ֆիլմերի համար, պատերազմից հետո նայել չեմ կարողանում։

-Ի՞նչ է նշանակում «սիրել»։

-Նշանակում է տեսնել կյանքի գույները։

-Ինչպիսին կուզենայիր տեսնել քո հայրենիքը։

-Հարուստ, արդար, հզոր։

-Նոր տարին տա՞նն ես դիմավորելու։

-Տա՛նը։ Բայց կուզենայի Արցախում անցկացնել, իմ մարտական ընկերուհու` Կարինեի հետ, որ վատառողջ է։

-Նոր տարվա շեմին ի՞նչ կմաղթեիր քո ժողովրդին։

-Մի շա՜տ, շա՜տ փոքրիկ բան՝ եր-ջան-կու-թյուն։

Հարցազրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Ազգային բանակ


29/12/2011