Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՏՔԻ ԶԱՐԿ



ՄՏՔԻ ԶԱՐԿՀուլիսի 31-ին Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարկի ներքո կայացավ «Մտքի զարկ» հասարակական կազմակերպության բացման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությունը: Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Բեռլինի Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիայի (ՀԵՄԱ) հետ՝ նպատակ ունենալով հոգալու 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում և հաշմանդամություն ստացած մարտիկների սոցիալական վերականգնման խնդիրները՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում նրանց կրթություն տալու և աշխատանքով ապահովելու ճանապարհով: Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում ներգրավվելու մեկ տարի տևողությամբ արագացված ակադեմիական՝ բարձրագույն մաթեմատիկայի, տեխնիկական անգլերենի, ծրագրավորման հիմունքների, Python, R ծրագրավորման, Web, Mobile App լեզուների ուսուցման դասընթացներին: Լավագույն սաներին հնարավորություն է տրվելու արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine Learning) ոլորտում նեղ մասնագիտացում ձեռք բերել: Ուսումնական գործընթացում ներգրավված են ոլորտի լավագույն հայաստանցի և սփյուռքահայ մասնագետները: Շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած ծրագիրն այսօր արդեն բազմաթիվ աջակիցներ ունի հայրենիքում և սփյուռքում. գործում է աջակիցների ու մասնագետների մի մեծ խումբ, որոնք իրենց բոլոր միջոցները և գիտելիքները ներդնում են պատերազմի մասնակից, վիրավորումներ ստացած տղաների ուսուցմանն ուղղված այս աշխատանքներում:

Հանդիսավոր բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵՄԱ-ի հիմնադիր նախագահ, «Մտքի զարկ» հ/կ համահիմնադիր և խորհրդի անդամ Միքայել Մինասյանը: Ծրագրի ստեղծման գաղափարի, անցած ուղու և արդեն իսկ գրանցված հաջողությունների մասին պատմեց «Մտքի զարկ» հ/կ նախագահ, փոխգնդապետ Արմեն Բայրամյանը: Նա հիշեց, թե ինչպես է ծնվել այս ծրագիրն իրագործելու գաղափարը.

ՄՏՔԻ ԶԱՐԿ-44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի Ազգային հերոս, բանակի գեներալ-մայոր, երջանկահիշատակ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ ձևավորեցինք շտաբ՝ առաջնագծում մարտնչող մեր զինծառայողներին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու նպատակով: Մարտական գործողությունների դադարից անմիջապես հետո ես խնդիր ստացա գեներալից, որը Արցախյան առաջին պատերազմի, ինչպես նաև քառօրյա մարտական գործողությունների հսկայական փորձը ունենալով, կանխատեսում էր, որ պատերազմի մասնակից տղաները խաղաղ ժամանակ ևս բախվելու են բավականին ծանր խնդիրների հետ: Նա ինձ հանձնարարեց ծրագիր մշակել, որի արդյունքում մեր վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած տղաները աջակցություն ստանան այս խնդիրները հաղթահարելիս: Ստեղծեցինք աշխատանքային խումբ հայազգի խոշոր գիտնականների և ձեռնարկատերերի հետ: Հաշվի առնելով տղաների ֆիզիկական եւ մտավոր հնարավորությունները՝ եկանք այն եզրահանգման, որ թե՛ ռազմավարական և թե՛ հեռանկարային լինելու տեսանկյունից արհեստական բանականությունն է այն ոլորտը, որում պետք է ներգրավել մեր տղաներին: Քանի որ սա նորագույն մի ոլորտ է գիտության բնագավառում, իհարկե, լուրջ մասնագիտական խորհրդատվության և մասնագետների ներգրավման հրամայական դրվեց մեր առջև: Այդ ընթացքում այստեղ էր ՀԵՄԱ-ի հիմնադիր նախագահը՝ պարոն Միքայել Մինասյանը, որը անգնահատելի ներդրում ունեցավ ծրագրի տեխնիկական ապահովման և ՏՏ ոլորտի մասնագետների ներգրավման առումով: Ասեմ, որ նա դեռ պատերազմի օրերին մշտական տեխնիկական և բժշկական հսկայածավալ օժանդակություն է ցուցաբերել նաև բուժհիմնարկներում բուժվող մեր մարտիկներին: Եվ երբ տղաներն արդեն վերականգնողական փուլում էին, նրանց առողջությանն այլևս վտանգ չէր սպառնում, մենք սկսեցինք մտածել նրանց կրթության մասին: Ամբողջ թիմով անցանք գործի: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են այս ծրագրի իրագործմանը, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի խորհրդականներ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին. նրանք անցած լինելով արցախյան պատերազմների թոհուբոհի միջով, հստակ գիտակցում էին, թե ինչ խնդիրներ կան, և իրենց անմիջական գործուն աջակցությունն առաջարկեցին աշխատանքները կազմակերպելու համար: Կարևոր ուղի անցանք նաև մեր ապագա սաներին շահամիտելու՝ մոտիվացնելու առումով, որպեսզի նրանք գիտակցեն գիտելիքի ամբողջ կարևորությունը իրենց կյանքում: Սոցիալականից զատ, նաև լուրջ բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացվեցին՝ կարիքների գնահատման, ընտանիքների վիճակը բացահայտելու նպատակով: Տղաների մի մասին, որ բանակ զորակոչվելուց առաջ կիսատ էին թողել իրենց ուսումը, հնարավորություն տրվեց համատեղելու ուսումն ու մեր դասընթացները:

Ծրագիրը մեկնարկեց անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից: Քանի որ տղաների մի մասը մարզերից էր, լուծվեց նաև Երևանում նրանց կեցության խնդիրները: Նրանց նաեւ որոշակի կրթաթոշակներ հատկացրինք, որ զգալի օգնություն էր կենսական խնդիրներն ապահովելու գործում: Մասնակից ուսանող սաների ուսումը, առողջության և կենցաղային հարցերը համակարգող և կազմակերպող տիկին Լիլիթ Սահակյանը, որ «Մտքի զարկ» կազմակերպության համահիմնադիրն է և խորհրդի անդամ, իր անգնահատելի ներդրումն ունեցավ այս գործերում:

ՄՏՔԻ ԶԱՐԿՄեր առջև խնդիր էր դրված 5 տարվա բարձրագույն կրթությունը պատշաճ մակարդակով ավարտել մեկ տարում: Որոշակի թեստավորումների արդյունքում պարզվեց, որ, ցավոք, պետք է սկսենք 6-րդ դասարանի ծրագրից: Շուրջ մեկ տարի է անցել ծրագրի մեկնարկից: Ի պատիվ մեր տղաների, պետք է նշեմ, որ ամիսների ընթացքում նրանք ոչ միայն հաղթահարեցին դպրոցական ամբողջ ծրագիրը, այլև հասան մինչև բարձրագույն մաթեմատիկայի ոլորտները: Պատերազմում նրանց բաժին հասած դաժան փորձություններից, առողջական ծանր խնդիրները հաղթահարելուց հետո նման արդյունքներ նաև այս ոլորտում գրանցելը խոսում է նրանց բացառիկ կամքի, ամուր ոգու և, իհարկե, հզոր մտավոր ներուժի մասին: Ես այսօր հպարտանում եմ մեր տղաներով, խոնարհվում եմ նրանց առջև, որովհետև երկարատև համառ, տքնաջան աշխատանքի շնորհիվ նշանակալի արդյունքներ են գրանցել:

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանին և ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ուսումնական գործընթացի կազմակերպման գործում մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Սլավոնական համալսարանին՝ կրթօջախի տարածքը, լսարանները, լաբորատորիան՝ իր ամբողջ հագեցվածությամբ, սիրով մեր տղաների տրամադրությանը հանձնելու համար: Մտածում ենք ծրագիրն ընդլայնելու, ավելի մեծ թվով սաների հասանելի դարձնելու ուղղությամբ: Արդեն իսկ հազարավոր դիմումներ ունենք, որոնք պետք է հնարավորինս արագ բավարարելու խնդիրը լուծենք:

Միջոցառմանը, ի թիվս պաշտպանության, ՏՏ ոլորտի, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտի ներկայացուցիչների, ներկա էին նաև պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը և բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել ծրագրի իրականացման գործում:

Գերմանիայից տեսակապով ողջույնի ուղերձներ հղեցին արհեստական բանականության մասնագետ-դասախոսներ Արման Խալաթյանը, Արթուր Մուրադյանը և իրավաբան Խաչատուր Մխիթարյանը: Ելույթներով հանդես եկան նաև ԳՀԿԽ փոխատենապետ Սերժ Տեր-Հակոբյանը և պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը:

Հանդիսության ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին ծրագրի բոլոր երախտավորներին և բարեգործ հովանավորներին:

Ուշադրության կենտրոնում այդ օրն, իհարկե, օրվա հերոսները՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, այժմ արդեն՝ «Մտքի զարկի» ՏՏ ուսուցման դասընթացների ուսանող սաներն էին: Հանդիսավոր բացմանը կայացավ նաև «Մտքի զարկ» համանուն գեղարվեստավավերագրական գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է արձակագիր, բանասեր Սեդա Վարդազարյանը: Գրքում ներկայացված են 44-օրյա պատերազմի մասնակցության վերաբերյալ այս տղաների հիշողություններն ու ապրումները, պատերազմի՝ իրենց իսկ ապրած հերոսական դրվագները:

 

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Բանակ և հասարակություն


04/08/2022