ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԸ
1905 թ. օգոստոսի 5-ին Լոռու մարզի Սանահին գյուղում է ծնվել հյուսն Հովհաննես Միկոյանի հինգերորդ երեխան՝ Արտեմ Իվանի (Անուշավան Հովհաննեսի) Միկոյանը։ Արտեմը նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի դպրոցում։ Նա դպրոց էր հաճախում շատ մեծ սիրով, դասերին ուշադիր էր, ուներ սուր, արագ գործող միտք։ Չափից շատ սիրում էր թվաբանություն։ Սիրում էր նաեւ նկարել:
Գյուղի դպրոցն ավարտելուց հետո Միկոյանը մեկնում է Թիֆլիս և ավարտում տեղի հայկական վարժարանը։ 1923 թ. տեղափոխվում է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ էր աշխատում գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախում էր տեխնիկական ուսումնարան։
1924 թ. Արտեմը մեկնում է Մոսկվա, որտեղ, որպես խառատ, աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում։ 1928 թ. զորակոչվում է բանակ։ Սկզբնական շրջանում ծառայում է Օրյոլի մարզի Լիզնի քաղաքի հետևակային զորամասում։
1929 թ. օգոստոսին կարմիրբանակային Արտեմ Միկոյանին տեղափոխում են Իվանո-Վոզնեսենսկի ռազմական դպրոց, որտեղ էլ նշանակվում է կոմերիտական կազմակերպության քարտուղար։ 1931 թ. ավարտելով զինվորական ծառայությունը՝ վերադառնում է Մոսկվա և աշխատում կուսկոմի քարտուղար «Компрессор» գործարանում։ 1931 թ. երիտասարդ կոմունիստ Արտեմին ուղարկում են Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա։ 1935 թ. արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով։ Ակադեմիայի այլ ունկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Օկտյաբրյոնոկը», որը արժանանում է գլխավոր աերոակումբի բարձր գնահատականին։ Ակադեմիայում Անուշավանը դիպլոմային աշխատանքների թեմաների ցուցակից ընտրում է «Թռչող թևը»։ 1937 թ. հոկտեմբերի 22-ին պաշտպանում է ընտրած նախագիծը։ Նրան շնորհվում է ռազմաօդային ուժերի ինժեներ-մեխանիկի կոչում, և նա աշխատանքի է նշանակվում ինքնաթիռաշինության թիվ 1 գործարանում։ Այստեղ մեծ աշխատանքներ էին կատարում խորհրդային «կործանիչների հայր» պատվանունը ստացած Բ. Պոլիկարպովի կոնստրուկտորական բյուրոյի մասնագետները։ 1939 թ. նշված գործարանում ստեղծվում է նոր բյուրո, պետ է նշանակվում կարճ ժամանակում արդեն երկաթյա կամքով և լեռնցու անսպառ եռանդով ու համառությամբ աչքի ընկած Արտեմ Միկոյանը, տեղակալ՝ հիանալի տեսական գիտելիքներ ունեցող Միխայիլ Գուրևիչը։ Նրանց լավագույն որակների համադրումը մեծ արդյունք տվեց տեխնիկական բարդությունների դեմ մղվող դաժան պայքարում։ Շատ կարճ ժամանակում զինված ուժերի սպառազինությունը համալրվեց «Միգ-1» նոր կործանիչով։ Հետագայում կործանիչը կատարելագործվեց, դարձավ «Միգ-3» և Հայրենական մեծ պատերազմի նախաշեմին մեծ խմբաքանակով ընդունվեց Կարմիր բանակի սպառազինության մեջ։ «Միգ-3»-ը լայնորեն կիրառվեց Հայրենական մեծ պատերազմում, որով խորհրդային օդաչուները 1941 թ. հունիսին «դիմավորեցին» գերմանաֆաշիստական զորքերին, և որը վճռորոշ դեր ունեցավ Մոսկվան և Լենինգրադը պաշտպանելիս։ Հետագայում մոսկվացիները ինքնաթիռի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցրին Օկա գետի ափին։ Պատերազմի տարիներին կործանիչ օդաչուներ՝ Ալեքսանդր Պոկրիշկինը, Իվան Կոժեդուբը, Գրիգորի Ռեչկալովը և ուրիշներ այդ կործանիչով ջախջախում էին թշնամուն։ Այն զինված էր երեք գնդացիրով, զարգացնում էր ժամում 640 կմ արագություն։
…1943 թ. Միկոյանին շնորհվում է գնդապետի կոչում։ Պատերազմի ընթացքում երիտասարդ կոնստրուկտորն անմնացորդ աշխատում էր, որոնումների մեջ էր, աշխատում էր ռեակտիվ կործանիչի հեռանկարային սխեմայի վրա։ 1946 թ. ապրիլի 24-ին երկինք սլացավ ռեակտիվ «Միգ-9»-ը, հաջորդը «Միգ-15»-ն էր։ Կորեական պատերազմում ամերիկացի օդաչուները սարսափում էին խորհրդային կործանիչների անունը լսելիս։ Հյուսիսային Կորեան կործանումից փրկվեց այս կործանիչների շնորհիվ։
1949 թ. ռազմաօդային ուժերը զինվում են նոր ռեակտիվ կործանիչ ինքնաթիռով՝ «Միգ-17»-ով, որի առավելագույն արագությունը ժամում 1150 կմ էր։
1954 թ. ստեղծվում է «Միգ-21»-ը, որը դարձավ կործանիչի գնահատման չափանիշ, այն առաջին անգամ փայլել է վիետնամական պատերազմում։ Եթե անգամ Ա. Միկոյանը ոչ մի այլ ինքնաթիռ ստեղծած չլիներ, միայն «Միգ-21»-ը բավարար պիտի լիներ, որ հայորդու անունը ոսկե տառերով գրվեր համաշխարհային ավիացիայի պատմության մեջ։
1959 թ. Ա. Միկոյանին շնորհվում է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։ Միկոյանի հիմնադրած կոնստրուկտորական բյուրոն մշակել է ավելի քան 200 նախագիծ, ստեղծել է ավելի քան 120 ավիացիոն տեխնիկայի նմուշ, «Միգ»-երի ընտանիքի 31 տեսակ։
Արտեմ Միկոյանին շնորհվել է ԽՍՀՄ մի շարք պետական մրցանակներ։ 1956-1957 թթ. նա արժանացել է Լենինյան մրցանակի դափնեկրի, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ 1967 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդային կառավարությունը նրան շնորհել է ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ Միկոյանը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2 շքանշաններով և մի շարք մեդալներով։
Անուշավան Հովհաննեսի Միկոյանը հեռացավ կյանքից 1971 թ. դեկտեմբերի 9-ին Մոսկվայում՝ թողնելով գիտության, ինքնաթիռաշինության, ավիաարդյունաբերության մեջ հիմնարար ներդրումներ և վաստակած լինելով փայլուն գիտնականի, ինժեներ-հետազոտողի, նորարար-կոնստրուկտորի, հոգատար ու պահանջկոտ ղեկավարի, բարի ու ազնվագույն մարդու անուն…
Ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի անունով է կոչվել Մոսկվայի ավիացիայի թանգարանը։ Սանահին գյուղում էլ գտնվում է Միկոյան եղբայրների տուն-թանգարանը։ 1982 թ. հունիսի 17-ին՝ թանգարանի բացման օրը, Մոսկվայից այստեղ են բերվել ամենագեղեցիկ երկու ցուցանմուշները՝ Միգ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ցուցասրահներից մեկը նվիրված է ավիացիայի վաստակավոր գործիչներին և այդ սրահում, ի թիվս այլոց, ցուցադրված են նաեւ լեգենդար ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի անձնական իրերը, լուսանկարներն ու փաստաթղթերը։
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի
ավագ գիտաշխատող
Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Պատմության էջերից