Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՑՐՈՒՄ



ԶՈՐԱՑՐՈՒՄԲանակային երկու տարին սերժանտ Վանիկ Խաչատրյանն անփոփում է հարուստ կենսափորձով ու մարտական կենսագրությամբ: 44-օրյա պատերազմին է մասնակցել, երդմանն ու առաքելությանը  հավատարիմ` հայրենիքը պաշտպանել: Այժմ զորացրման օրն ու ժամն է մոտեցել։

«Ինձ համար մեծ պատիվ էր հայրենիքիս ծառայելը։ Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, որ օրինակելի ու կարգապահ զինվոր լինեմ և իմ մասնագիտական հմտություններով օգտակար լինեմ իմ երկրին»։

Թե ինչպես է ծառայել ու ինչպիսի զինվոր է եղել, այդ մասին նաև կրծքանշաններն են փաստում: Կրտսեր հրամանատարն ու Հայոց բանակի գերազանցիկը միշտ ձգտել է լինել լավագույնների շարքում։ Նույն խորհուրդը դեռևս ծառայության մեջ գտնվող զինակից ընկերներին է տալիս։

«Վերջին մարտական գործողությունները ցույց տվեցին, որ պետք է լավ սովորենք, հմուտ լինենք, որ կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Եվ իմ խորհուրդը նոր զորակոչվածներին հենց դա է, որ լինեն լավ զինվոր, լավ հրամանատար, որպեսզի մեզնից հետո պատվով շարունակեն հայրենիքի պաշտպանության գործը»։

Օրվա ու ժամկետային ծառայության ամփոփիչ ակորդը տրվում է զորամասի շարահրապարակում։  Հրամանատարական կազմը զորացրվող տղաներին հրաժեշտ է տալիս զինվորական կարգով ու հանդիսավորությամբ, շնորհակալություն հայտնում պատվով ու նվիրումով ծառայելու համար։ Տղաները ստանում են զինվորական գրքույկները, պատվոգրերն ու հերթական զինվորական կոչումները։ Ծափողջույններին զինանձնակազմի հանդիսավոր քայլերթն է հաջորդում։ Շարքից դուրս զորացրվող զինվորներն են կանգնած։ Գլուխները բարձր պատվի են առնում հպարտ գիտակցությամբ՝ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը:

Զորացրման ու տունդարձի ճանապարհի վերջին ու ամենաանմիջական  պահն էլ ընկերական հրաժեշտն է և բարի ծառայության մաղթանքը բոլոր զինակիցներին։

Հարազատ շենքի բակում Վանիկին սպասում են բոլորը՝ ծնողները, հարազատները, հարևաններն ու ընկերները։ Նոր նպատակներով ու երազանքներով, Վանիկը սկսում է կյանքը նոր էջից, սպասելով նաև ծառայակիցներին, որոնք նույնպես այս օրերին տուն կգան։ Ծնողների ցանկությունն ու մաղթանքն էլ նույնն է, անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ բոլոր զինվորներին:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Բանակ և հասարակություն


04/08/2022