ՄԻ ԷՋ` ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ
Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցությամբ Պետոն գալիս է գումարտակի աջ թևը և տեղում մեկ անգամ ևս քննարկելով ստեղծված կացությունը՝ վճռում է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և դիմադրել մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Քանի որ 3-րդ և 4-րդ հենակետերը բավական առաջ էին ընկած, և գործնականում գրեթե անհնար էր իրականացնել դրանց պաշտպանությունը, ուստի Պետոն հրամայում է այդ հենակետերում դիրքավորված ջոկատներին մի փոքր հետ քաշվել և քառասունհինգ աստիճանով շրջվելով դեպի աջ կողմի բաց տարածքից առաջացող հակառակորդը՝ Մուկուչի և Հովիկի դասակների համագործակցությամբ կանգնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը: Այդ իրավիճակում շատ կարևոր էր, որ հենակետերի հետքաշումը կազմակերպվեր առանց ավելորդ շտապողականության ու խուճապի: Մեծ հմտությամբ կազմակերպված նահանջը տևում է ընդամենը երկու ժամ:
Այդ գործողության ընթացքում Պետոն մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրում է տեղանքը և կողմնորոշվելով բարդ իրադրությունում՝ յուրաքանչյուր դասակի հրամանատարի ու հենակետերի պատասխանատուների տալիս է համապատասխան հանձնարարություններ և հրահանգում հրամանատարներին խստորեն պահպանելով հենակետերի կապն ու փոխհամագործակցությունը՝ չկտրվել միմյանցից և երբեք թույլ չտալ ադրբեջանցիներին խցկվելու գումարտակի դասավորության խորքը: Պաշտպանության կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ էր մի փոքր դադար, որպեսզի զինվորները կարողանային նոր հենակետերում հուսալի դիրքեր կառուցել:
Նույն օրը ադրբեջանցիները ձեռնարկում են ուժգնությամբ նախադեպը չունեցող լայնածավալ զանգվածային հարձակումներ գումարտակի պաշտպանության ողջ երկայնքով:
«Երեք հրասայլ եկան, – վերհիշում է Էռնեստը, – և մի քանի ՀՄՄ: Ադրբեջանցիները գալիս էին չորս շարք կանգնած: Երևում էր, որ պարապած էին, մի 50 հոգի վազելով պառկում էին, իսկ մնացածները գալիս էին առաջ: Նրանք գալիս էին 4-րդ հենակետի մոտով, որտեղ ես էի և ապարանցի Մուրադը…»:
Նույն իրավիճակն էր տիրում գումարտակի պաշտպանության բոլոր հատվածներում: Ամենուրեք հրասայլեր էին, զրահամեքենաներ ու քառաշարք հարձակվող հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Պետոն հանգիստ ու սառնարյուն դիտելով թշնամու գրոհող զորաշղթաները և ճշտորեն գնահատելով պահը՝ տալիս է հարվածելու հրամանը:
Կապը բոլոր հենակետերի միջև գործում էր անխափան: Գումարտակի առաջին հենակետից մինչև պաշտպանական նոր բնագծում դիրքավորված զինվորները, իրենց հրամանատարից ոչ պակաս հանգստությամբ ու սառնասրտությամբ, զենքի բոլոր տեսակներից կրակե հեղեղ են տեղում թշնամու գրոհող զորաշարքերի վրա:
Թշնամու հրամանատարությունը, որի շարքերը համալրված էին նաև օտարերկրյա վարձկան զինվորականներով՝ հաշվի չառնելով իրենց սպանված զինվորների մեծաքանակությունը, զենքի սպառնալիքով նորանոր զինավաշտեր էր քշում մարտադաշտ: Հունվարյան կռիվների ժամանակ ադրբեջանցիներն անցնում են մինչ այդ դեռևս չկիրառված նոր մարտավարության: Որպես կանոն, հարձակվելիս գործելով 3-4 զորաշղթաներով՝ հակառակորդի հրամանատարությունը վերջին շղթան համալրում էր պատժիչների խմբերով, որոնց հիմնական խնդիրը նահանջելու կամ խուճապի պահին փախչելու փորձ անողներին գնդակահարելն էր: Նման դաժան միջոցների կենսագործմամբ Ադրբեջանի իշխանությունները ձգտում էին այս անգամ վերջնականապես ծնկի բերել ԼՂՀ պաշտպաններին: Պատահական չէին Հ. Ալիևի խոստումները:
Մահվան սարսափից մթագնած ադրբեջանցի զինվորների գրոհները չթուլացող սաստկությամբ հաջորդում են մեկը մյուսին: Սակայն իզուր էին նրանց ջանքերը: Երկաթյա հաստատակամությամբ պաշտպանվելով, գումարտակը ջախջախիչ հարվածներով հետ է շպրտում իր դիրքերը ճեղքելու փորձ ձեռնարկող ադրբեջանցիների գրոհները:
Հիացմունք է պատճառում, երբ տղաների պատմածների շնորհիվ հաղորդակից ենք դառնում այդ օրերին նրանց բաժին ընկած փորձություններին ու խիզախումներին: Իրոք, ապշեցուցիչ է այն իրողությունը, թե ինչպիսի հրաշքով էին այդ տղաները կարողանում ձմռան խստաշունչ պայմաններում, առանց փոխարինող ուժերի, գիշեր ու ցերեկ, կռվել և մինչև անգամ հաղթել իրենցից բազմաթիվ անգամ գերակշիռ ուժեր ունեցող հակառակորդին: Տղաների միասնական կարծիքով՝ կռիվների հենց առաջին օրը ադրբեջանցիները միայն իրենց գումարտակի դիրքերում թողեցին ավելի քան 300 դիակ:
Մարտական գործողությունները չթուլացող ուժգնությամբ շարունակվում են նաև հաջորդ օրերին: Հաշվի առնելով նախորդ օրվա անհաջողություններն ու իրենց գործողություններում տեղ գտած վրիպումները, հակառակորդի հրամանատարությունը հունվարի 6-ին և 7-ին գործում է կարծես փոքր-ինչ ավելի կազմակերպված և առավել գերակշիռ ուժերով:
Նկատի ունենալով, որ հետագա մարտերում հակառակորդն իրենց դիրքերի ուղղությամբ անխուսափելիորեն օգտագործելու է հրասայլեր ու զրահամեքենաներ և կանխատեսելով հակառակորդի կողմից ձեռնարկվող հարձակման հնարավոր ուղղությունները՝ Պետոն վաղօրոք խնամքով կազմակերպել էր ականապատման աշխատանքները:
«Մենք, – վկայում է Մուկուչը, – երկու օրվա ընթացքում 400 հակահրասայլային ական բերեցինք ու շարեցինք մեր դիրքերի դիմաց, իսկ մեր հարևանների դիրքերում, որտեղ տեր չկար, այդպիսի աշխատանք չկատարվեց: Մենք լրիվ ականներով փակեցինք ու կանգնեցինք»:
Հասկանալով, որ ճակատային գրոհներով անհնարին է խորտակել հայ զինվորների պաշտպանական դիրքերը, ադրբեջանցի հրամանատարությունը փորձում է մարտական ուժերը տեղափոխել հարավ և այնտեղից հարձակումներ ծավալելով՝ աքցանի մեջ վերցնել այդ ուղղությունում մարտնչող ղարաբաղյան ուժերը:
Կիսաշրջափակման մեջ աննահանջ մարտնչող տղաների գլխավոր զենքը թերևս անկոտրում ոգին էր և թշնամու հոծախումբ գրոհները ջախջախելու կամքն ու վճռականությունը: Գումարտակի պաշտպանության բոլոր հենակետերում ընթացող անընդմեջ մարտերի շարքը հիրավի մի կատարյալ հերոսապատում է:
Հիմնական ուժերը տեղափոխելով աջ՝ հակառակորդի հրամանատարությունը փորձում է գումարտակի պաշտպանությունը ճեղքել միաժամանակ երկու ուղղություններից՝ թևից ու ճակատից տեղացող հարվածներով:
Մեծ կարևորություն տալով ռազմաճակատի Շուշիի գումարտակի դիրքերը անպայմանորեն խորտակելու անհրաժեշտությանը՝ հակառակորդի հրամանատարությունը վճռում է չխնայելով ուժերը՝ հարձակումը շարունակել նաև գիշերը: Այդ օրերին տեղացող անձրևախառն ձյունը և ցուրտը անտանելի իրավիճակ են ստեղծում օրեր շարունակ դիրքերում գտնվող զինվորների համար:
Գիշերային մարտերում հարձակվելիս ադրբեջանցիները կիրառում են արցախյան պատերազմում մինչ այդ աննախադեպ մարտավարական ձևեր: Նրանց զինվորները, երկու դասակի կազմով, մոտենում են հենակետին ու միաժամանակ, մոտավորապես 60 նռնականետներից կրակ տեղում գումարտակի պաշտպանական դիրքերին: Ընդ որում, նռնականետորդները զենքերը (ռուսական վերջին՝ «ՌՊ-16» տեսակի նռնականետ, որի հարվածի հեռահարությունը հավասար է 1500 մետրի- Հ.Գ.) օգտագործում էին այնպիսի վարպետությամբ, որ թվում էր, թե կարծես կրակում էին ինքնաձիգներից:
Գիշերային մթության մեջ սուրացող և երբեմն միմյանց բախվող կրակե շապիկով պարուրված տասնյակ նռնակները մի անպատմելի «գեղեցիկ» տեսարան էին ստեղծում:
«Հակառակորդի հարձակումը, – պատմում է Հովիկը, – սկսվում է գիշերը: Մենք երբեք այդպիսի բան չէինք տեսել: Գիշերային մարտ տվեցինք: Մենք առաջին անգամ էինք տեսնում, որ նրանք կարող են այդպիսի արագությամբ ու վարպետությամբ օգտագործել նռնականետները, բայց խուճապի չմատնվեցինք: Դրանք վարձկաններ էին. տղաները լսել էին նրանց խոսակցությունը՝ ադրբեջաներեն, ռուսերեն և մեկ ուրիշ անհասկանալի լեզվով: Նրանց մոտ նռնականետորդների հատուկ դասակներ կային»:
Մարտավարական նման եղանակի կիրառմամբ հակառակորդի հրամանատարությունն առավելապես ձգտում է հոգեբանական գրոհներ ձեռնարկել և տասնյակ նռնականետների մեծադղորդ աղմուկով և դիրքերի վրա տեղացող կրակի հեղեղով սարսափ ու խուճապ առաջացնել հայ զինվորների շարքերում: Սակայն հակառակորդի ձեռնարկած ոչ մի ուժ ու մարտավարության ի զորու չէին ահաբեկելու Պետոյին ու նրա զինվորներին: Գումարտակը պատրաստ էր դիմագրավելու նաև թշնամու հոգեբանական գրոհներին:
Գիշերային կռիվները և հատկապես այդ օրը 2-րդ հենակետում ընթացող մարտը, եղել են դաժան, մեր զինվորների դրսևորած խիզախումներով հագեցած, արժանահիշատակ ու ուսանելի: Նռնականետորդների դասակների աջակցությամբ ձեռնարկվող ադրբեջանցի զինվորների զանգվածային գրոհները փշրվում են՝ հանդիպելով մեր զինվորների երկաթյա պաշտպանությանը: Ամբողջովին խորտակվում է հակառակորդի հրամանատարության կողմից վարձու արհեստավարժ զինվորների միջոցով իրականացվող մարտավարական այս նորամուծությունը: Գիշերային մարտում թշնամին կրում էր իր հերթական պարտությունը: Նույնն էր պատկերը մինչև հունվարի 8-ի առավոտյան:
Այդ օրը ռազմաճակատի հրամանատարությունից Պետոյին հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները մեծ ուժեր կենտրոնացնելով՝ կարողացել են թափանցել իր և ձախ հարևանի՝ Ռիժիկի գումարտակի արանքը: Ահավոր սպառնալիք է կախվում գումարտակի վրա: Քանի որ աջ կողմը հենց առաջին օրն էր բաց մնացել, ապա ձախ կողմից ադրբեջանցիների առաջխաղացման դեպքում ողջ գումարտակը անխուսափելիորեն կհայտնվեր շրջապատման մեջ:
… Երբ արդեն վտանգ էր սպասվում, – նշում է Աղաբեկյան Արթուրը, – որ ադրբեջանցին Շուքյուրբեյլի, Սեյդահմեդլի, Կարախանբեյլի գյուղերի ճանապարհով կարող էր մտնել մեր մյուս երեք գումարտակների թիկունքը, և վտանգի տակ դրվեր Ֆիզուլի քաղաքը, որտեղ մենք էինք նստած, հրամանատարության հետ համաձայնեցրի իմ առաջարկությունը, և կազմակերպեցինք Պետոյենց ու մեր մյուս երեք գումարտակների նահանջը»:
Ստանալով Արթուր Աղաբեկյանի համաձայնությունը՝ Պետոն ձեռնամուխ է լինում գումարտակ նահանջը կազմակերպելուն:
Պատերազմական իրավիճակում զորքի նահանջի ճիշտ կազմակերպումն ու նրանց անվտանգությունն ապահովելու վարպետությունը զորամասի հրամանատարության անվիճելի առավելություններից ու կազմակերպչական տաղանդի լավագույն ապացույցներից են: Ականատեսների վկայությամբ, նույնիսկ նահանջելու ընթաքում Շուշիի առանձնակի գումարտակն իր մարտական պահվածքով, կարգապահությամբ ու սառնասրտությամբ հաստատում է իր բարձր կարգն ու վարպետությունը:
Անդրադառնալով հունվարյան կռիվներում Պետոյենց գումարտակի գործունեությանը՝ ռազմաճակատի հրամանատար Արթուր Աղաբեկյանը տալիս է հետևյալ գնահատականը. «Համոզված եմ, որ այդ գումարտակից օրինակ վերցրին մեր ամենաքիչը երկու գումարտակներ: Նրանք օրինակ վերցրին Պետոյենց գումարտակից, թե ինչպես կարելի է կռվել պաշտպանվելիս, թե ինչպես կարելի է հետ շպրտել հակառակորդին առանց խուճապի ու նրանց առաջխաղացումից վախենալու: Այդ օրերին, որպես լավագույն օրինակ, միշտ վկայակոչում էինք այդ գումարտակը»:
Իսկ Հադրութի գումարտակներից մեկի հրամանատար Վահան Բադաթյանը, կարծես ավելի զարգացնելով վերոհիշյալ գնահատականը, նշում է. «Իմ կարծիքով, ովքեր ծանոթ են Պետոյենց գումարտակին, համոզված են, որ իր մարտունակությամբ ու կարգապահությամբ այն գերազանցում է Ղարաբաղի բոլոր գումարտակներին»:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ, դոկտոր, պրոֆեսոր