ՈՒԺ Է
Մեր հայրենիքը շուտվանից է, տաք է: Մեր հայրենիքը արյան նման է. մեկ հոսել տարածվել է` զբաղեցնելով անսահմանություն, մեկ հավաքվել, գնդվել, բռունցքվել` սրտի նման:
Հենց էս համեմատությունը ծնվեց մեջս, երբ, չգիտեմ քանի հազարերորդ անգամ մտածում էի Վարպետի` Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների մասին, ապրելու, հավատալու, հավատն ու կյանքը սիրելու մասին:
Վարպետը իր մասին համարյա չի խոսում: Հա, լուրջ եմ ասում: Էն, ինչն էլ որ իր մասին է պատմում, էլի իր մասին չի, իր մեջ ապրող մարդկանց ու դեպքերի մասին է, որոնք առնչվել են իրեն: Ես էլ հիմա շատ չեմ խոսի Վարպետի մասին, որովհետև, կասի.
– Այ տղա ջան, լիքը բան կա ասելու, էս թերթն ինչի՞ ես էսքան զբաղեցրել:
Էն, որ Վարպետը լիքը բան ունի ասելու, միանշանակ է: Հինգհարյուրից անցնող նրա աշխատանքները արդեն լիքը բան ասող են, բայց խոսքն ուրիշ ասելիքի մասին է. խոսքը` պարզ, ընկերական ու հայրական խոսքի մասին է, որը կուտակվել է նրա ստեղծագործական երրորդ տասնամյակը քանդակող` լուռ որոնումների ու աշխատանքի ընթացքում:
ՀՀ անկախության 20-ամյակը այն տոնն է, որի ժամանակ պիտի ասվի ամենաներսի կենացը: Սա սկսելու համար հետ ենք գնում` 1999թ., Քարինտակ գյուղ, հասնում Վարպետի հեղինակած փառահեղ խաչքար հուշակոթողին, որը կանգնեցվել է Շուշիի ազատագրման ու ազատագրողների փառքի հավերժացման հիմնաքարին:
Օրը մի քիչ թխպոտ էր, ավելի շուտ` մտածող: Կարևոր էր, բազմամարդ, հոգևոր, հզոր ու մարտական էներգիայով լի: Խաչքարը շրջապատված էր քարինտակցիներով. կարծես հենց նոր տուն է եկել պատերազմին հաղթած հայը:
Շուշիի ազատագրման հնգամյակին նվիրված ուխտի էին ելել Զորի Բալայանն ու Քոքսը. նրանց ճանապարհն անցնում էր այստեղով: Այստեղ էր ԼՂՀ նախագահի խորհրդական, Արցախի պատերազմի մասնակից Ժաննա Գալստյանը: Արցախի թեմի առաջնորդ, ազատագրական պայքարի առաջամարտիկ Պարգև սրբազանի օրհնությամբ, օծմամբ ու խոսքով օրը սկսվեց ու ամբողջացավ:
– Հայր մեր, որ յերկինս ես…
– …Եվ ևս խաղաղությանս տեր աղաչեսցո…
– …Օծեցի և սրբեսցի …
– …և մի տանիր զմեզ ի փորձութուն, այլ փրկեա մեզ ի չարե, զի քո է արքայութուն և զորութուն և փառք հավիտեանս հավիտենից ԱՄԵՆ:
– Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի, մեր Շուշիի ազատագրման օրը այստեղ զետեղվեց սուրբ խաչքար` որպես նշան խաչի, Հիսուս Քրիստոսի, մեր հավատո և պաշտամունքի, – այսպես սկսեց խոսքն իր Պարգև սրբազանը խաչքարի օծումից հետո,- Խաչ, որը մեզ համար վահան և ապավեն է, զեն է հաղթության: Խաչ, որը օրհնում է, և խաչ, որը կործանում է երևելի և աներևույթ թշնամյաց: Մի խաչքար` ի հիշատակ Արցախի գոյամարտի բոլոր նահատակ զինվորների: Ձեր զավակների հոգիները փրկված են: Նրանց նահատակության շնորհիվ հազարավոր մարդիկ են փրկվել: Նրանց նահատակության շնորհիվ փրկվեց մեր Արցախ աշխարհը և միացավ Մայր Հայաստանին: Ձեզ մաղթեմ կատարյալ առողջություն, երկար տարիների կյանք, որ կարողանաք շարունակել ձեր զավակներին, թոռներին, ծոռներին արիական ոգով դաստիարակել, որպեսզի մեր մատաղ սերունդը, գալիք սերունդները ավելի զորեղ հոգի ունենան, ավելի հերոսական պատումներ ներգրեն հայոց պատմագրության մեջ: Շնորհավոր այս սուրբ խաչքարի բացումը: Տերը մեզ պահապան:
Այս հպարտ հոգևոր ուժի խնկարկման շունչը շարունակեց Զորի Բալայանը.
– Սիրելի բարեկամներ: Ռազմավարությունը գիտություն է: Երբ մեծն Պետրոս առաջինը կառուցել է Ռուսաստանի նոր մայրաքաղաք Պետերբուրգը, նրանից 30 կմ հեռու, Կոտլին կղզու վրա կառուցել է Կրանշտադ ծովային ամրոցը: Կյանքը ցույց տվեց, որ եթե չլիներ Կրանշտադը, Պետերբուրգը մի քանի անգամ կկործանվեր: Ստեփանակերտի` մինչ այդ` Շուշիի համար` որպես մայրաքաղաքի, Կրանշտադը եղել է Քարինտակը:
Կարճ դադարից հետո Զորի Բալայանը հայացքով ասես զգաց խաչքարի մեծ ուժն ու շարունակեց.
– Այս արձանը, ինձ համար սկսվում է այսպիսի քնարական բառերով. Սուրբ, Սուր, Թուր, Խաչ, Քար: Այ, էսպես է ճիշտ մտածել մեր սիրելի Վարազդատը, ցույց տալով, որ «Հոգին հավիտենական է, մահը հիշողություն»:
Բայց մեր հիշողությունը պետք է լինի գործունյա: Պատերազմը չի վերջացել: Խրամատներն անցնում են ոչ միայն Ղարաբաղի հողով, այլ նաև Երևանի, Մոսկվայի, Եվրոպայի, Ամերիկայի մայրաքաղաքների ասֆալտներով և նույնիսկ տարբեր պետությունների ղեկավարների գրասենյակներով: Մենք իրավունք չունենք նահանջելու: Մենք` ոչ մեկս իրավունք չունենք մի փաստաթուղթ ստորագրելու ուրիշներին ստիպելով ու ճնշելով: 6000 հայորդի զոհվել է. մի ամբողջ ժողովուրդ մխիթարվում է նրանով, որ դա, ըստ Նարեկացու, չի եղել ապարդյուն:
Մի պահ լռեցին` օրվա պես, տրամադրության ու հոգու պես: Հետո կադրից դուրս` ծափերի միջից լսվեց միջոցառումը վարողի ձայնը.
– Խոսքը տրվում է հանրապետության նախագահի օգնական Ժաննա Գալստյանին:
Ժաննա Գալստյանի կուրծքը զարդարող շքանշանները լրացնում էին նրա հաղթողի հպարտության անկեղծությունը.
– Շնորհակալության խոսք տալու համար, բայց ես չեմ խոսի որպես հանրապետության նախագահի խորհրդական, այլ որպես Քարինտակը պաշտպանող զինվորների, ազատամարտիկների ընկեր: Սիրելիներս, ինձ համար դժվար է խոսել… որովհետև միշտ, ով ողջ է մնում, մեղավոր է զգում իրեն…
Ես` իբրև այս երկրի զինվոր, պիտի կրկնեմ այն, ինչ ասացին թե՛ սրբազան հայրը, թե՛ հարգարժան Զորի Բալայանը. մեր ամբողջ հողը սրբացած է մեր եղբայրների, մեր ընկերների արյունով: Երբե՛ք, ոչ մի թիզ հող ոսոխի բաժինը չպիտի դառնա, երբեք կեղտոտ թուրքի ոտը չպիտի տրորի այդ սուրբ արյան կաթիլները, երբեք: Ու ես գիտեմ, որ ես ասում եմ ձեր բոլորի սրտի խոսքը… Փառք ու պատիվ մեր ժողովրդին, փառք ու պատիվ մեր ընկածներին, փառք ու պատիվ ձեզ, որ չեք մոռանում:
Էլի խոսեցին, էլի կարևորեցին ու հայտնեցին իրենց երախտիքը: Վերջապես խոսեց Վարպետը` որ մինչ այդ այդքան սիրով, անկեղծությամբ ու հավատով խոսել էր մուրճով ու հատիչով: Նա այդ օրը ոչ մի սպիտակ մազ չուներ…
– Ժողովուրդ ջան, էս խաչքարը… սա թուր ա: Եթե մի մարդ մտնի էստեղ չար նպատակով, թող Աստված խափանի նրա չար գործերը, իսկ թե մտնի բարի նպատակով, թող Աստված էս թրով խաչակնքի նրա բարի գործերը: Ոնց որ Սրբազանը ասեց` մենք երևելի թշնամիներին հաղթեցինք: Էս Խաչքարի խորհուրդը թրով միավորված Հայաստանն ու Արցախն են: Ես կուզեի, որ էս խորհրդի պես աներևույթ թշնամիներին նույնպես հաղթենք. էսօր մեր ամենամեծ պրոբլեմը էդ ա: Կուզեի, որ ամեն մարդ իր մեջի թշնամուն հաղթեր: Կուզեի` վարակեինք մեկս մեկիս սիրով, Աստծո ջերմությամբ, ոնց որ մի գդալ մածունը լցնում ես ու մեծ ղազան կաթը դարձնում ա մածուն: Ոնց որ ասեցի` տասը օրում հնարավոր չէր էս խաչքարը ստեղծել, բայց եղավ` Աստծո կամոք: Էդպես էլ մեր հաղթանակը եղավ. մենք ազատվեցինք էդ չարիքից` թուրքերից, որը անհնար էր թվում: Եթե էդ հրաշքը կատարվեց, ուրեմն մյուս հրաշքն էլ կկատարվի, մենակ հավատանք դրան: Չգիտեմ… ես միշտ եմ հարգել մարդկանց, բայց էկա և ավելի համոզվեցի, որ ես բոլորիդ սիրում եմ, և ինձ թվում ա, որ ձեր դռներն ինձ համար միշտ բաց կլինեն…
Վերջին բառերն էլ լավ չէին լսվում, քանի որ ծափերն ու «Անպայման» բարձրաձայնումներն ավելի ուժեղ էին բարձրախոսից:
♦♦♦
Սա ստացվեց Վարպետի անձնական, տեսաարխիվը փորփրելուց հետո: Հիմա գնամ արտագրեմ Վարպետի ներկայիս խոհերը` կապված թե՛ այս վերհուշի, թե՛ առհասարակ ազգի, պետության, պետականության, հայրենիքի, մարդու, հավատի ու սիրո մասին:
Անհավատությունը
հոգևոր հաշմանդամություն է:
Վարազդատ Համբարձումյան
2011թ., Երևան, Արամի փողոց: Արագ քայլերով մոտենում եմ` անձրևից մի փոքր ծածկով պաշտպանված արվեստանոցին, որտեղ ծնվում է մի նոր խաչքար, մի նոր խալ, որը, ըստ Վարպետի, զարդարում է մեր երկրի դեմքը:
Բարևում եմ ու փորձում չխանգարել:
– Հա, էկա՞ր, ապեր: Բարով ես էկել: Ի՞նչ կա: Հա, էդ մասին… Դե հա, տասներկու տարի առաջ էր, ուրիշ էր էն ժամանակ: Էնքան արագ էղավ խաչքարը, ոնց որ իրան իրան լիներ. ես ու աշակերտներս ուղղակի մասնակցում էինք դրան: Դե հիմա ո՞նց ասես, որ Աստծո գործը չի. նույն ձևով էլ մեր հաղթանակն էր` Արցախի պատերազմում: Ախր, դու չես պատկերացնի, դու չես տեսել. եթե մեկը մի քիչ երկար պառկեր դիվանին, կինը կհաներ տնից, կուղարկեր կռիվ: Աշխարհն էր վախենում էն ժամանակ մեզնից…
– Ինչի՞ էր վախենում:
– Որովհետև բոլորը մի ձևի էին մտածում, մի բանի համար էին, մի տեղ էին գնում: Դու հասկանում ե՞ս` էդ ինչ ուժ ա, ինչ էներգիա, ինչ հավատ: Էն ժամանակ հավատն իրոք մեծ էր, ու լավի հանդեպ կար ակնածանք, կարելի ա ասել` մի տեսակ վախ, որ հանկարծ չկորի: Ո՞նց ես անհանգստանում մի հատիկ սերմով, որը նոր ցանել ես: Փառք Աստծո, էդ սերմը ծլեց, ու շարունակում ա ապրել, ուժեղանալ: Դժվարություններ ու խնդիրներ չեն կարա չլինեն: Բայց դրանցով ա արժեքավորվում բերքն ու բարիքը: Հիմա կա բերք ու բարիք, դրանցից մեկն էլ բանակն ա, էս էն բանակն ա, որի ստեղծման վկան եմ էղել, ամեն հայ ա էղել էս բանակի ստեղծման վկան, ու ո՞վ պիտի կասկածի, ո՞վ պիտի չհավատա ու չուրախանա էս բանակով, ո՞վ պիտի չցավի ու չանհանգստանա իրա բանակով: Մենք պիտի աշխարհին չհոգնեցնենք, ապեր ջան, մենք պիտի սիրուն ապրենք ընդամենը` սկսած բանակից, շարունակած մեր գյուղով ու քաղաքով, վերջացրած մեր ընտանիքներով: Էս լրիվ, բնական ա, ամբողջանում ա մի գաղափարի մեջ` հայրենիք, պետություն, պետականություն:
– Մեր բանակն ուժեղ է՞, Վարպետ:
– Ոնց: էս ի՞նչ ես հարցնում: Մեր բանակն Աստծով ա, ո՞նց ուժեղ կարա չլինի: Մեր բանակն ուժեղ ա Աստծով, հա, ասա, որ Վարպետը հենց սենց ա ասում, ասա, որ Աստված մեր հետ ա էղել, որ հաղթել ենք, որ ունենք պետականություն ու անկախություն: Գիտե՞ս ինչ, մենք աշխարհին բան չունենք ապացուցելու ու պատասխան տալու: Աստծո առաջ ենք պատասխանատու: Էն ժամանակ, որ բանակ էր ստեղծվում, որ պատերազմ էինք հաղթում, մարդկանց մեջ չկային շերտավորումներ, կար ամոթ, որ մեկը հանկարծ իր ունեցածն ու կարեցածը չներդներ ազգային գործի համար: Հիմա ուրիշ են խնդիրները, բայց մի բան կա, որ միշտ ա լինելու. մեր ուժը մեր հավատից ա, մեր հավատարմությունից ու սիրուց: Ու՞մ ա պետք անհավատությունը: Խոսքը կյանքի, քո տան մեջ ապրող, քեզ ԴՈՒԽ տվող հավատքի ու Աստծո մասին ա: Դու պիտի բաց աչքերով սիրես ու հավատաս, որ սահմանին կանգնած չվախենաս, որ ստեղծագործելուց չվախենաս, տնտեսությունդ զարգացնելուց չվախենաս, ընտանիք կազմելուց չվախենաս, մեռնելուց չվախենաս ու չվախենաս ապրելուց… Մարդիկ կան, մի կտոր հացի կռիվ են անում, մարդիկ կան ունեն էդ մի կտոր հացն ու չգիտեն` ինչի կռիվ անեն: Հիմա, պատկերացրու, աշխարհի ամենահզոր պետությունն ենք, ի՞նչ ենք անելու:
– Դե…
– Եթե հիմա, ինչ ունենք, էդ չկարենանք գնահատել, սիրել ու կարևորել, ուզում ա սաղ աշխարհը տան, էլի չենք իմանա, ինչ անենք դրա հետ: Մի խոսքով` Աստծո ժողովուրդը պիտի մնա Աստծո ժողովուրդ: Մենք հաղթել ենք Աստծով ու Աստծով ենք մնալու ուժեղ: Դե հիմա գնա` գործ անեմ: Էլի կգաս` կզրուցենք: Տղերքին կբարևես, ասա, Վարպետն ասում ա, ես ձեր ցավը տանեմ:
♦♦♦
Տղերք, Վարպետը բարևում էր, ասում էր. «Ես ձեր ցավը տանեմ»: Էլի եմ հանդիպելու Վարպետին, էլի բաներ կան, որ կպատմի: Անպայման կպատմի ձեզ: Լավ մնացեք:
Բարի օր, տղերք:
ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
23.10.2011թ. Երևան