Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել է, եկել է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը և հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:

Միջուկային չտարածման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Շեյնմանը հայտնել է, թե Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգի ձևավորման շուրջ երկխոսությանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագրի փոխարեն համաձայնագիր ձեռք բերելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, որի գործողության ժամկետը լրանում Է 2026 թվականին:

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդելու Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը Թայվանի նեղուցում սաստկացող լարվածության ֆոնին- ասել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պաշտպանում է «մեկ Չինաստանի» գաղափարը՝ հաստատելով չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը:

Տարեսկզբից ՌԴ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%-ով:

Սոչիում անցկացվել են Ռուսաստանի նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան չորս ժամ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, օրակարգում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է եղել: Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Կողմերը վերահաստատել են տարածաշրջանային և միջազգային կայունության համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի ճանաչման վրա: Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները:

Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անցում կատարել ռուբլով առևտրի:

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա:

Պուտինի և Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվայի և Կիևի միջև այժմ բանակցային որևէ գործընթաց չկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով: Նստաշրջանին մասնակցող ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուս զինվորականները սիրիական տարածքի հերթական պարեկության ընթացքում փաստացի առաջին անգամ հասել են Իրաքի հետ սահմանին և միջազգային կոալիցիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններին։

 

Թուրքիա

 

Թուրքիայում հուլիսի արդյունքներով գնաճը կազմել է 79,6 տոկոս:

Թուրքիան չպետք է հայտնվի պատժամիջոցների ներքո՝ էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով-հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ արևմտյան երկրները մտահոգված են Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության խորացմամբ:

«Defense News» պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի վաճառքը վերջին 20 տարում ավելացել է 10 անգամ։ 2002 թ. ռազմական նշանակության արտադրանքի վաճառքը կազմել է մոտ 1 մլրդ դոլար, տարեկան արտահանումը՝ մոտ 248 մլն դոլար։ 2021 թ. 10,1 մլրդ դոլարի արտադրանքի վաճառքին զուգահեռ արտահանումը կազմել է 3,2 մլրդ դոլար՝ գերազանցելով ներմուծումը 2,6 մլրդ դոլարով։

Թուրքական հինգ բանկեր սկսել են օգտագործել ռուսական «Միր» վճարային համակարգը։ Mastercard-ը և Visa-ն դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, և այժմ ռուս զբոսաշրջիկները հնարավորություն կստանան շրջանցելու գործող սահմանափակումները:

 

Իրան

 

Լիբանանում առկա են 100 000 հրթիռներ՝ Իսրայելը դժոխքի վերածելու համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում ասել է՝ Իրանը մեկ Չինաստանի քաղաքականություն է վարում տարածաշրջանային կայունության պահպանման համար։

Իսրայելական մամուլը գրել է, որ Իրանը, հավանաբար, «Հըզբոլլահ»-ին կանաչ լույս է տվել Իսրայելի դեմ ռազմական գործողությունների համար։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանց. «Իսրայելը կարող է հարվածել Իրանին վերջինիս միջուկային ծրագրի զարգացումը կանխելու համար»:

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերին կսկսեն չորրորդ համատեղ զորավարժությունները:

«New York Times»-ը գրել է, որ Իրանը նույնիսկ պատժամիջոցների պայմաններում դրոնների արտահանման համաշխարհային խաղացող է դառնում:

Իրանի արտադրության «Satab» լազերային զենքն ունակ է մի քանի րոպեում ոչնչացնելու թշնամական անօդաչու թռչող սարքերը:

«Բայկոնուր» տիեզերակայանից արձակված «Սոյուզ» հրթիռը ուղեծիր է դուրս բերել Իրանի պատվերով Ռուսաստանում պատրաստված Երկրի հեռահար զննման «Խայամ» արբանյակը և 16 փոքր սարքեր։

 

Ադրբեջան

 

Լոնդոնում մի խումբ ծայրահեղական ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամները։

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել դեսպանատան վրա հարձակված անձանց։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել է ապահովել իր դիվանագիտական ներկայացուցչության և դիվանագետների անվտանգությունը։

Ադրբեջանի զինված ուժերում գործնական վարժանքներ են անցկացվել հրթիռահրետանային, ինժեներական ստորաբաժանումների ներգրավմամբ։ Ռազմաօդային ուժերն իրականացրել են ուսումնավարժական թռիչքներ։

Վարանդայի գրավված շրջանում ականի վրա պայթել են տարածքի ականազերծմամբ զբաղվող ընկերության երեք աշխատակիցներ, Քարվաճառի շրջանի տարածքում՝ ադրբեջանական բանակի զինծառայող։

Ֆրանսիայի դեսպանատունը Ադրբեջանի ականազերծման գործակալությանը հանձնել է 130 ականորսիչ սարք։

Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը իր թվիթերյան պաշտոնական էջում կիսվել է մի շարք գրառումներով, որոնք միակողմանի են, բացահայտ ներկայացնում են ադրբեջանական կողմի դիրքորոշումը և արդարացնում Բաքվի ագրեսիան։

Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը: Կողմերը ընդգծում են հետկոնֆլիկտային վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին աջակցելու կարևորությունը՝ ներդրումներ կատարելով Ղարաբաղում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գնահատմամբ՝ հռչակագիրը կնպաստի թյուրքական աշխարհի բարգավաճմանը։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Տարածաշրջան


11/08/2022