ՉԱԼՈՆ
Ալմաստ հաքուն կապույտ աչքեր ունի, դեղնասպիտակավուն մազեր, իսկ դեմքը ամբողջովին պատված է կնճիռներով: Տխրելիս Ալմաստ հաքուի հոնքերը ավելի են կախվում աչքերի վրա, ու կապույտը դառնում է փոքրիկ անցքերից պստպստացող լույս: Սոնան տագնապած շարժում է գլուխն ու ձեռքերը թափահարում օդում:
-Հը՞,- ես բան չեմ հասկանում: Ալմաստ հաքուն Սոնայի տատն է ու, չգիտես ինչու, ինձ Գայանա է ասում, իսկ ես նրան՝ Ալմաստ հաքու: Ինքն է այդպես ցանկացել:
-Գայանա ջան, ինձ հաքու ասա, արյունս քաշեց, մենք հաստատ պարեկամ ենք յըլի դաղան:
Դաղան. այսինքն էնտեղ՝ Խոյի Սալմաստ գավառում, որտեղից սկիզբ է առել մեր նախնիների տոհմածառը: Հետո մերոնք եկել են Արտաշատ, Ալմաստ հաքուի հայրը գնացել է Եղեգնաձոր: Հետո Ալմաստ հաքուն ամուսնացել է ղարաբաղցու հետ…
-Չխասկցամ՝ ինչի՞ Սարոս ընձի պերեց տաղան, զինքը մնաց դաղան: Կարող ի՞ կռիվը չի պրծի…
Ալմաստ հաքուն երբեմն ինձ հետ Խոյի բարբառով է խոսում, կամ որոշ բառեր է գործածում, որ միայն ինձ է հասկանալի:
-Էլի սկսեց,- նեղսրտում է Սոնան,- գիտես, Ղարաբաղում տատս միանգամից փոխում է «կադվինը» ու դառնում է նախշուն բաջի:
Ես գնում եմ խոհանոց ու ձեռքով աննկատ կանչում Սոնային:
-Ի՞նչ ես ուզում հասկացնել՝ թևերդ թափահարելով,- հարցնում եմ կիսաձայն:
-Տատս չգիտի, որ գյուղը էլ մերը չի, Արմենի զոհվելու մասին էլ չգիտի, հանկարծ բերանիցդ չթռցնես:
Ես շվարում եմ:
-Բա ի՞նչ եք անելու:
-Եսիմ,- Սոնան վերուվար է անում ուսերը,- կասես՝ տղամարդիկ գյուղում են, բայց թուրքերը կրակում են, դրա համար էլ ծերերին ու երեխաներին հանել են գյուղից:
Մենք մտնում ենք սրահ, Ալմաստ հաքուն նայում է քննախույզ:
-Ինստրուկտաժ արիր, բերի՞ր,- հարցնում է Սոնային: Սոնան կչկչում է:
-Ա՛յ տատ, ի՞նչ ինստրուկտաժ, Գայանային ինստրուկտաժ անել կլինի՞…
-Դե, գնա՛, ալբալը մի հատ դոլմա սարքի, էրեխան քաղցած կլինի…
Սոնան այս անգամ հասկանում է. ալբալը, այսինքն՝ արագ: Սոնան փնթփնթալով գնում է խոհանոց.
-Ալբալը սուրճ կարամ սարքեմ, ալբալը ո՞նց դոլմա սարքեմ:
Ես նստում եմ Ալմաստ հաքուի կողքին: Նրանց գյուղում հիմա թուրքեր են վխտում: Թոռը՝ Արմենը, զոհվեց անօդաչուի հարվածից: Ես ուզում եմ չմտածել այդ մասին, որ դեմքս չմատնի մտքերս: Ու բերանս ձգում եմ դեպի ականջներս:
-Բեյինը ինչ մտավ՝ վերցրեց-գնաց Ռուսաստան, ի՞նչ կա Ռուսաստանի քուչաները: Արի, քո գյուղին տիրություն արա. թուրքերը չեն հանգստանում:…
Հաքուն կռիվ է տալիս Արմենի հետ: …Իսկ Արմենը գյուղի գերեզմանատանն է, Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր կողքին:
-Մե պռոշտի էլ չարեց գնալուց առաջ:
Մենք՝ խոյեցիներս, համբուրվելուն ասում ենք պռոշտի: Ես ծիծաղում եմ բարձրաձայն, բայց վայրկյան անց հիշում եմ, որ խոսքը Արմենի մասին է:
-Ամենից շատ Չալոյի համար եմ մտածում: Ավտոյի հետևից վազում էր: Ասի՝ ավտոն կանգնեցրեք, շանն էլ վերցնենք, կգնա, կընկնի թուրքերի ձեռը: Ինչ արի, չարի՝ Չալոյին չվերցրին: Ասին՝ ավտոյի մեջ տեղ չկա, գլխների՞ս է նստելու, թուրքերն էլ մի կողմից էին կրակում: Ասին՝ կռիվը պրծնի, կգնանք, կբերենք…
Հաքուն լալիս է: Ձայն չկա, ուղղակի կապույտ աչքերից արցունքները պսպղալով կաթում են այտերին ու կորչում դեմքի գծերում:
– Մի քանի ամիս անց Սարոս գնաց, որ Չալոյին բերի, ասին՝ անցել է թուրքերի կողմը:
Հանկարծ Ալմաստ հաքուն քննախույզ նայում է ինձ:
-Դու նախարարությունում ես, չէ՞, աշխատում:
Ես գլխով եմ անում:
-Գինա՞ս Ալիևին զանգել: Ասա, խնդրում եմ, մեր Չալոյին տվեք…Ասա՝ Ալմաստ հաքուն է խնդրում, 85 տարեկան: Գինա՞ս…
-Գիլասն ի՞նչ կապ ունի,- հարցնում է Սոնան:
-Գիլաս չէ, գինաս, այսինքն՝ կարո՞ղ ես,- բացատրում եմ ես ու ծիծաղում եմ, որ լաց չլինեմ:
-Կզանգեմ, հաքու ջան, մի բան կանեմ:
-Ասա՝ մեր շունը ձեր ինչի՞ն է պետք, ետ տվեք, դուք իրա լեզուն չեք հասկանա, կարոտից կհիվանդանա, կխատնի:
-Կասեմ…
Հաքուի ոսկրոտ մատների մեջ շյուղերը շարժվում են ռիթմով, ու կապույտ գծերով ժակետը երկարում է պահ առ պահ:
-Մաքուր բուրդ է, Արմենի համար եմ գործում,- ասում է հաքուն,- էն թվին, որ Արմենը Չալոյին բերեց, էդ կծիկի չափսին էր: Էնքան հասկացող էր, մարդու նման հասկանում էր, չէր թողնի՝ խոզերը վնաս տան ջուջաներին: Մի անգամ տկար էի, երեք օր մոտիցս տեղ չգնաց, մի անգամ էլ բախչան ոզնի էր մտել…
-Բա ե՞րբ ես Ալիևին զանգելու,- ականջիս տակ կչկչում է Սոնան,- ձեռի հետ մեր գյուղն էլ վազվրատ արա, էլի:
-Էս լա՞ց եք լինում, թե՞ ծիծաղում եք,- հարցնում է հաքուն:
-Ծիծաղում ենք,- պատասխանում ենք ես ու Սոնան միաձայն…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Հոգևոր-մշակութային