Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՍ ԵՆ ՀԱՅԵՐԸ



ԷՍ ԵՆ ՀԱՅԵՐԸՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

գրող-ազատամարտիկ

 

-Տանում են ծեծելու,- ասաց ջարդած քթովը։

Բոլորն ուշադիր նայեցին նրան։ Ավտոբուսը սլանում էր դաշտամիջյան ճանապարհով։ Ութ հոգի էին։ Կալանավորի զոլավոր հագուստով։ Ճամփեզրի դաշտով մի նապաստակ էր վազում։ Ուղեկցող զինվորներից մեկն ընթացքից կրակեց։ Մյուսը քթի մեջ ինչ-որ   մեղեդի էր դնդնում։

-Ի՞նչ գիտես,- հարցրեց ատլետիկ կազմվածքով տղամարդը։

-Անցյալ անգամ էլ այս ճանապարհով տարան։ Էս ավտոբուսով։

Մոտիկ նստած թուրք զինվորը խեթեց։ Ջարդված քթովը ձայնը ցածրացրեց.

-Երեքը տեղում մահացան։ Մնացածը բանտում։ Էս անգամ ես կմեռնեմ…

Հետո ամբողջ ճանապարհին լռում էին։

Ավտոբուսը ներս մտավ խորհրդային շրջանի կարմիր աստղով կանաչ դարպասից։ Ինչ-որ զորամաս էր։ Ջարդված քթովը տնքաց.

-Ճակատ տանելուց առաջ վարժեցնում են հայերին սպանելուն։

-Կդիմադրենք,- ասաց ատլետիկ կազմվածքովը։

Նա ավելի շուտ մտածում էր։

-Չենք կարող: -Ջարդված քթովը ամբողջ մարմնով դողում էր։

-Միևնույն է, սպանելու են,- պնդեց ատլետիկ կազմվածքովը։

-Դու նոր ես, ուժդ տեղն է։ Եթե չդիմադրենք էլ, միևնույն է, ծեծելու են,- պնդեց ատլետիկ կազմվածքովը։- Ես մարտական սամբոյի մարզիչ եմ. մի քիչ թիկունքս պահեք, ջարդ կտամ։ Բեղատեղերը նոր սևացող լակոտներ են։

-Անհնարին է,- լաց եղավ ջարդված քթովը,- մարմնիս վրա առողջ տեղ չկա։

-Կարևորը խուճապ առաջացնելն է,- համոզեց ատլետիկ կազմվածքովը,- բերաններից դեռ կաթնահոտ է գալիս։ Չե՞ք տեսել՝ ոնց են փախչում։

-Դեռ նոր ես։ Մի քանի ամիս ամեն օր ծեծեն, լավատեսությունդ կկորցնես։ Դեռ չգիտես՝ ինչ ասել է «Բաիլովի» բանտ։

-Միևնույն է, ծեծելով սպանելու են։ Գոնե մի քանիսին էլ մենք կջարդենք,- խոսեց կարճահասակ, ջլապինդ տղամարդը, որն ամբողջ ճանապարհին լռում էր։

Բացի քիթը ջարդվածից, բոլորը համաձայնեցին։

ԷՍ ԵՆ ՀԱՅԵՐԸԱվտոբուսը կանգ էր առել։ Մի քանի ավտոմատավոր մոտեցան։ Ավագը հրամայեց իջնել։  Մեկ դասակի չափ զինվորներ, համաչափ քայլքով մտնում էին շարահրապարակ։

-Էս են հայերը,- ձեռքով շարահրապարակի մեջտեղում հավաքվածներին ցույց տվեց սպան… -Բոլորդ կհամոզվեք, որ հայերը վախկոտ և թույլ ազգ են։ -Ապա սպայի հրամանով բոլորը զենքերը  դրեցին այդ նպատակի համար նախօրոք դրված սեղաններին, շրջապատեցին գերիներին։

-Ուշադիր եղեք,- ասաց ատլետիկ կազմվածքովը,- հենց սկսեն խուճապահար փախչել, բոլորդ կվազեք դեպի զենքերը։

Մի քանի տասնյակ զինվորների օղակի մեջ գերիների խումբը ոչխարի անպաշտպան հոտի էր նմանվում։ Թուրք զինվորներն սկսեցին ծաղրել, հայհոյել։ Ձեռքերով հայհոյական նշաններ էին անում։ Նրանցից շատերը գիտեին Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին։ Այդպես էլ պատկերացնում էին հայերին։ Ոչ մեկը ռազմաճակատում չէր եղել։

-Մինչև իմ սկսելը ոչ մեկդ չդիմադրեք,- շշնջաց ատլետիկ կազմվածքովը,- թողեք մի քիչ ծեծեն։

Սկզբից առանձին զինվորներ մոտեցան։ Մեկը ոտքը բարձրացրեց, խփեց քիթը ջարդվածին։ Ապա կանգնած նայում էր, թե ինչպես է ցավից կծկվում։ Հետո մի ուրիշը մոտեցավ։ Երրորդը… չորրորդը… Հաճույք էին ստանում հեշտ հաղթանակից։ Դիմադրության չհանդիպելով՝ ավելի էին ոգևորվում։ Հայհոյում էին։ Շուտով բոլորը գործի անցան։ Խանգարում էին միմյանց։ Հայհոյում էին։ Կծկված, անպաշտպան հայերը ծեծվում էին։

-Է՜յ, հայե՛ր, այսպես բոլորիդ ծեծելու ենք։ Ձեր կնիկներին ու աղջիկներին ենք անելու,- կանչում էին։

Սպան հեռվում կանգնած հրճվում էր։ Հետո նա էլ չհասկացավ՝ ինչ կատարվեց։ Ոչխարների անպաշտպան հոտի նման կծկված խումբը սեղմված զսպանակի նման բացվեց։ Զինվորներից մեկն ուշակորույս ընկավ։ Հետո երկրորդը։ Ատլետիկ կազմվածքովը պտտվում էր օդում, և զինվորներից մեկն ընկնում, անշարժանում էր։ Նորակոչիկները մի պահ ապշահար կանգ առան։ Ապա սկսեցին խուճապահար փախչել դեպի սպան։

-Արագ։ Դեպի զենքերը,- կանչեց ատլետիկ կազմվածքովը, և բոլոր գերիները վազեցին սեղանների մոտ, վարժ շարժումներով վերցրին ավտոմատները։ Բոլորը բազմաթիվ մարտերում կոփված զինվորներ էին։ Ութ ավտոմատները միանգամից սկսեցին գնդակահարել անզեն, անփորձ նորակոչիկներին։ Սպան սկզբից աշխատում էր կանխել խուճապը, բայց ընկնելով հոսանքի մեջ, ինքն էլ սկսեց վազել դեպի մոտիկ շենքը, որի վրա քամին ծածանում էր ազգային դրոշը։ Ըստ երևույթին, շտաբն էր։ Կրակահերթերից զարմացած, բոլորը դուրս էին գալիս զորանոցներից, բայց երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել։ Ութ գերիները դիպուկ կրակով ոչնչացնում էին թուրքերին։ Շտաբի մոտ մի «Վիլիս» էր կանգնած։ Ատլետիկ կազմվածքովը վաղուց էր նկատել։ Հրամայեց վազել դեպի մեքենան։ Հարկավոր էր ամեն ինչ անել արագ և անսխալ։ Թուրքերը կարող էին ուշքի գալ։ Եթե մինչև մեքենային հասնելը մարտ սկսվեր՝ տանուլ կտային։ Շտաբից երկու ավտոմատավոր դուրս եկան, բայց չէին կրակում՝ վախենում էին յուրայիններին վնասել։ Խառնաշփոթ վիճակ էր։ Ատլետիկ կազմվածքովը հասավ «Վիլիսին», կրակեց շտաբից դուրս եկած զինվորների վրա։ Մնացած հայերը վազում էին մեքենայի ուղղությամբ։ Ջարդված քթովը ետ էր մնում։ Բոլորովին ուժից ընկել էին։ «Մի քիչ էլ… Մի քիչ էլ դիմանանք,- կանչում էր ատլետիկ կազմվածքովը,- հասնենք մեքենային, շարժվենք, կփրկվենք»։ Ջարդված քթովը չկար։ Սկզբում զարմացավ, երբ տեսավ, որ վազում է դեպի դարպասները։ Հասկացավ։ Սիրտը կծկվեց։ Ջերմ հոսանք անցավ ներսովը։ Մտածեց՝ եթե ամեն ինչ հաջող անցնի, պինդ- պինդ կգրկի ջարդված քթովին, կհամբուրի ու շնորհակալություն կհայտնի։ Բոլորը հասան մեքենային։ Կարճահասակը վարորդ էր։ Անմիջապես նստեց ու գործի գցեց շարժիչը։ Մյուսները կրակում էին զորանոցից մոտ վազող թուրքերի ուղղությամբ։

Ջարդված քթովը դիրքավորված, չէր թողնում փակեն դարպասները։ Մեքենան արագ թափով առաջ սլացավ։ Ջարդված քթովը դեռ կրակում էր։ Նրան հասնելով՝ մի պահ կանգ առան։ Զորանոցից վազողները մոտենում էին։ Մոտ նստածը մեքենայի դուռը բացեց։

-Գնացեք, ես կփակեմ նրանց ճանապարհը,- գոռում էր ջարդված քթովը։ -Շուտ արեք, ժամանակ մի՛ կորցրեք:- Զորանոցից վազողները մոտենում էին։

-Արա՛գ,- կանչեց ատլետիկ կազմվածքովը,- մտածելու ժամանակ չկա։

Ջարդված քթովը փորձեց բարձրանալ, չկարողացավ։ Ոտքերից արյուն էր հոսում։ Կարմիր լճակ էր գոյացել։

Երկու հոգի իջան, քաշեցին մեքենայի մեջ։ Ջարդված քթովը տնքում էր ցավից։ Մեքենան սլացավ բաց դարպասներից։ Ցնծության աղաղակ բարձրացրին։ Ազատությունն իրական պատկերով երևում էր։ Դաշտամիջյան ճանապարհն այնքան խաղաղ էր, կարծես քիչ առաջվա կրակոցները չէին եղել։ Ստուգեցին զենքերը։ Դեռ փամփուշտ կար։ Մի քանիսը հասցրել էին զոհված թուրքերից նռնակ վերցնել։ Ջարդված քթովը տնքում էր։ Փորձեցին դադարեցնել արյունահոսությունը։ Քիչ հետո գիտակցությունը կորցրեց։ Մեռնում էր։

-Անունն ո՞վ գիտի,- հարցրեց ատլետիկ կազմվածքովը։

Բոլորը լռեցին։

Մեքենան սլանում էր։ Կանգնելու ժամանակ չկար։ Ճամփեզրի կանաչ դաշտով մի նապաստակ էր վազում։ Գույնզգույն փետուրներով ծտերը ծվծվալով տեղից տեղ էին թռչում։ Ջարդված քթովը կորցրել էր գիտակցությունը։ Մեռնում էր։ Ատլետիկ կազմվածքովը ետ շրջվեց, երկար նայում էր նրան, մտածեց. «Գոնե անունդ չիմացանք, ա՛յ ախպեր…»։

Հաղորդագրություն

ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբ.

«Լուսաբացին, «Կարոտ-8»-ի ուղղությամբ հակառակորդի դիրքերում հրաձգություն է սկսվել։ Հարձակման սպասելով՝ դիրքապահները պատրաստվել են ետ մղելու գրոհը։ Սակայն զինված մի խումբ, ճեղքելով թուրքերի պաշտպանությունը, անցել է մեր կողմը։ Սահմանախախտները եղել են յոթ հոգի։ Իրենց հետ բերել են նաև մեկ դիակ։ Հայտարարում են, որ փախել են Բաքվի «Բաիլովի» բանտից։ Կից ներկայացնում ենք խմբի անդամների մասին անհրաժեշտ տեղեկությունները։ Մինչև ինքնության պարզելը կպահվեն խիստ հսկողության տակ։ Զոհվածի մասին ոչ մի տեղեկություն չկա»։

Զորամասի շտաբի պետ Ս. Նիկողոսյան։

Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Պատմության էջերից


11/08/2022