ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԿԱՐԱԳԱՆԱ
Դեկտեմբերի 7-8-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայացավ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց:
Հայկական խմբի ղեկավար, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Հարությունյանը նշեց, որ դասընթացում քննարկվել է երեք թեմա` ա) ՆԱՏՕ/ԳՀ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագիրը որպես ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակման արդյունավետ գործիք, բ) ՆԱՏՕ/ԳՀ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագրի էությունը եւ նպատակը, գ) ՆԱՏՕ/ԳՀ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագրի առանձնահատկությունները:
«Միջոցառման հիմնական նպատակն էր ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ՆԱՏՕ/ԳՀ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագրին, որը հնարավորություն է տալիս ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներին տեղեկատվությունը փոխանակել արագ եւ արդյունավետ, Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին արագ արձագանքել եւ հայտավորման գործընթացները առավելագույնս դյուրին դարձնել»,-նշեց Տ. Հարությունյանը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
ավագ լեյտենանտ