ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ
Գտչավանքն իր յուրօրինակ ոճով և առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից հյուսիս-արևմուտք, Տողասար լեռան լանջին։ Տարբեր աղբյուրներում վանքի անունը տարբեր ձևերով է հիշատակվում՝ Գտչա, Քթիշ, Գտչո, Գտիչ և այլն։ Հիմնադրվել է 1241-1248 թթ., սակայն կան նաև ավելի վաղ շրջանի հիշատակումներ։ Իբրև եպիսկոպոսանիստ հիշատակվում է 5-րդ դարից։ Այստեղ հավաքվում էին նշանավոր բազմաթիվ գրչագրեր, որոնք հենց ստեղծվել էին վանքում գործող գրչատանը։ Միջնադարում ձեռագիր մատյանները ստեղծվում էին հիմնականում խոշոր վանքերին կից գործող գրչատներում։ Գրչության կենտրոնները ոչ միայն ձեռագրաստեղծման, այլև հոգևոր մշակույթի ստեղծման ու պահպանման կենտրոններ էին։ Վանքի պատերի մեջ դրված են քանդակազարդ և արձանագրություններով հարուստ խաչքարեր, որոնցից մեկի վրա նշված է՝ 1000 թվական։ Սա ապացույցն է, որ այժմյան եկեղեցու տեղում հնում եղել է այլ քարաշեն եկեղեցի։ Բազմաթիվ են այստեղի բարձրարվեստ խաչքարերը, որոնցից ամենահինը թվագրվում է 9-րդ դարի, իսկ ամենանորը՝ 19-րդ դարի։ Խաչքարերից մեկը տեղափոխվել և ներկայումս գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հին վեհարանում։
«Առհասարակ, ներքին և արտաքին կողմերից Գտչավանքի ճարտարապետությունը կրում է Բագրատունյաց ոճի կնիք»։
ԼԵՈ, «Իմ հիշատակարանը», Շուշի, 1885 թ.
Համաձայն եկեղեցու հյուսիսային պատի արձանագրության՝ վանքի գլխավոր եկեղեցին կառուցել են Ամարաս վանքից այստեղ տեղափոխված Տեր Սարգիս և Տեր Վրթանես եպիսկոպոս եղբայրները։ Նրանք Գտչավանքում են հավաքում թաթար-մոնղոլական արշավանքներից կործանված Ամարասի վանքի միաբաններին, որոնք դեռ ողջ էին մնացել։
Գտչավանքում կան 12-17-րդ դարերին պատկանող վիմագիր արձանագրություններ, որոնք փորագրված են վանքի պատերին և կարևոր տվյալներ են հաղորդում Արցախ աշխարհի միջնադարյան պատմության մասին։ 19-րդ դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանցը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի աշխատություն, որից մի փոքր հատոր՝ «Դիզակի մելիքությունը» վերնագրով, լույս է տեսել Վաղարշապատում 1913 թվականին։ Աշխատության ձեռագիրն ամբողջությամբ պահվում է Մատենադարանում։ Ահա այս աշխատությունից էլ օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս։ Գտչավանքը հիշատակվում է նաև Հայոց կաթողիկոս Եղիա Արճիշեցու թղթում։ Սակայն Գտչավանքի մասին առաջինն իմանում ենք Մովսես Կաղանկատվացու «Պատմությունից»։ Այնտեղ, ի թիվս այլոց, պատմիչը հիշատակում է նաև Պարտավի եկեղեցական ժողովին մասնակցած Գտչավանքի ներկայացուցչի մասին։ Վանքի անունով՝ Գտիչ է կոչվել նաև նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում Եսայի Ապու-Մուսե իշխանի նստավայրն էր։ Գտչավանքը 10-րդ դարում Դիզակում հիմնված նոր թագավորանիստ կենտրոնն էր։
Թովմա Արծրունին իր աշխատության մեջ Եսայի Ապու-Մուսե իշխանին Արցախի մյուս բոլոր իշխաններից վեր էր դասում, իսկ նրա և Գտիչ ամրոցի մյուս պաշտպանների մաքառումները հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների ամենանշանավոր էջերից է համարում։ Եսայի Ապու-Մուսե իշխանը 853 թվականին ամրացել է Գտիչ (հիշատակվում է նաև Քթիշ ձևով) ամրոցում և մեկ տարի հերոսաբար հետ մղել արաբական զորքերի հարձակումները։ Նա հավատալով Բաղդադի խալիֆային՝ դադարեցրել է պայքարը, իսկ արաբ զորապետ Բուղան 854 թվականին խարդախությամբ ձերբակալել է նրան և ուղարկել Բաղդադ։
Արցախ աշխարհը իր անառիկ դիրքի և տևական ժամանակ պահպանած հայկական իշխանությունների շնորհիվ հայտնի է ոչ միայն որպես ձեռագրաստեղծման, այլև Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծված բազմաթիվ մեծարժեք ձեռագրերի պահպանման և փրկության վայր։ Հայ ձեռագրագիտության պատմության մեջ բացառիկ արժեք ունեցող մատյաններ, ինչպիսիք են, օրինակ՝ «Վեհամոր», «Վեհափառի», «Թարգմանչաց», «Կեռանի և Հեթումի» և այլ արժեքավոր ձեռագրերը, պահպանվել և մեզ են հասել Արցախի եկեղեցիներից՝ այդպես վերապրելով իրենց երկրորդ կյանքը։
ԿԱՎԱՔԱՎԱՆՔ
Կավաքավանքը նույնպես գտնվում է Հադրութի շրջանում, Իշխանագետի հովտում, Տող գյուղից Վարանդա տանող ճանապարհից ձախ։ Վանքը մոտ է Ջրակուս, Հողեր և Քյուրաթաղ (Դուդուկչի) գյուղերին։ Կավաքավանքի հիմնադրման և գործունեության մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Վանքի անվան ստուգաբանությունը կապվում է Կավաք լեռան հետ, որի ստորոտին էլ գտնվում է վանքը։ Դժվարամատչելի վանքը կավե խողովակներով ջուր է ստացել Վնեսա լեռան ստորոտի աղբյուրներից։ Ենթադրվում է, որ հենց այդ կավե խողովակների անունից է ծագել Կավաքավանք անվանումը։ Մինչև վերջերս պահպանվել էր այն ջրատարը, որի երկարությունը հասնում էր շուրջ 6 մետրի։ Ներկայիս եկեղեցին երբեմնի վանական համալիրից կանգուն մնացած միակ կառույցն է, որը վերակառուցվել է 1742 թվականին Դիզակի Մելիք Եգանի և նրա հոր՝ Ղուկաս վարդապետի ջանքերով և շրջակա Գյունուշ, Չիման և Հողեր գյուղերի բնակիչների միջոցներով։ Այն, որ վանքը վայելում էր Դիզակի մելիքների հոգածությունը, հաստատում է եկեղեցու հարավային ավանդատան բարավորին պատկերված Դիզակի մելիքների զինանշանը։
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը, որ անգնահատելի ավանդ ունի Արցախ աշխարհի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության բնագավառում, իր «Արցախ» գրքում (հրատարակված 1895 թ., որն այսօր էլ ունի աղբյուրագիտական անգնահատելի նշանակություն) շատ սուղ տեղեկություններ է հաղորդում Կավաքավանքի մասին։ Ըստ Մակար եպիսկոպոսի՝ սա մի հին վանք է՝ շինված չորս սյուների վրա կոփածո քարով եւ կրացեխով, հնուց ունեցել է շրջապարիսպ, միաբանների խուցեր և ուխտավորների սենյակներ։ Սուրբ Հակոբի մարմինն ամփոփված է հարավային փոքր խորանի մեջ։ Սպիտակ տապանաքարը սևացել է շատ մոմեր փակցնելուց։
Հարավային խորանի մեջ կա արձանագիր տապանաքար՝ «Այս է տապան Սուրբ Յակովիկայ»։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 1992-1994 թվականներին, ադրբեջանցիները Կավաքավանքի բլուրն ամբողջովին վեր էին ածել ռազմական հենակետի։ Հենց այդ տարիներին էլ ջարդվել և անհետացել է բարավորը, կոտրվել է նաև Սուրբ Հակոբի տապանաքարը, ջնջվել են մուտքի դուռը երիզող կամարակապ քարերի արձանագրությունները, ինչպես նաև Դիզակի մելիքության զինանշանը։ 1995 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար 1993 թ. այստեղ զոհված ազատամարտիկների հիշատակին։
2020 թ. հոկտեմբերի 12-ին ադրբեջանցիները գրավել են Հադրութի շրջանը, իսկ Կավաքավանքի բլուրը կրկին վերածել են հենակետի։ Եկեղեցու ներկայիս վիճակի մասին պատերազմից հետո ստույգ տեղեկություններ չկան։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Հոգևոր-մշակութային