ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ
44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի համար մղվող մարտերում հերոսաբար զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի նոթատետրի գրառումներից. «Մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք գունեղ», «Հայրենասեր պիտի լինեն բոլոր ազգերը, փոքրերը ավելի քան մեծերը, մենք առավել քան մյուսները», «Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ», «Ապրել ու կռվել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել»:
Հայ-վրացական սահմանային Ջիլիզա գյուղում՝ մանկավարժների ընտանիքում է 1992 թ. ծնվել Գոռը: Հայրը՝ Հայկասարը, մաթեմատիկայի մասնագետ էր, տեղի դպրոցի տնօրենը, վաղաժամ հեռացել է կյանքից, մայրը՝ Ալիսա Խասիկյանը, մասնագիտությամբ քիմիկոս, նույն դպրոցում փոխտնօրեն է:
Գոռի նկարչական տաղանդն ի հայտ է եկել մանկուց. երեք տարեկան փոքրիկը նկարում էր, որտեղ պատահի, ինչով հնարավոր է՝ մատիտով, կավիճով, ածուխով, գրիչով… Բազմակողմանիորեն զարգացած էր. բոլորը նրան «փոքրիկ հանրագիտարան» էին ասում:
Գոռը միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանց, անվճար հիմունքներով ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժին, ավարտել կարմիր դիպլոմով:
Նա 2012-2014 թթ. ժամկետային զինծառայությունը անցկացրել է Արցախում: Վերադարձել է ավագի կոչումով և ծառայությունը շարունակել է ԱԱԾ սահմանապահ զորքերում:
Մինչև պատերազմը պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Կամավոր մասնակցել է քառօրյա մարտական գործողություններին, բայց այդ մասին տնեցիները չեն իմացել:
Պարկեշտ, հայրենանվեր, ժպտուն աչքերով Գոռի մասին պատմում է ԱԱԾ զինվորական տեղամասային բուժծառայության պետ Վարդուհի Մալխասյանը.
-Անչափ կարգապահ էր, միշտ անհանգստանում էր ստուգումների ժամանակ՝ մտածելով հանկարծ թերություն չլինի: Թեպետ լավ գիտեր, որ ինքն ամեն ինչ կատարյալ է անում: Շատ էր սիրում ծաղիկներ նվիրել: Կրակային դաշտ էր գնում՝ իր հետ միշտ միրգ, քաղցրավենիք, կոնֆետ տանելով տղերքի համար:
Դաշտերը ծածկված էին սպիտակ երիցուկներով: Մի անգամ ինձ նկարեց: «Բժշկուհի՛, գիտե՞ք՝ ինչու եմ Ձեզ նկարում»: «Ո՛չ»: «Որովհետև այս անքանակ երիցուկների մեջ Դուք միակ Վարդն եք…»:
Արցախյան քառասունչորսօրյա պատերազմ Գոռը նույնպես կամավոր մեկնեց: Գոռի մարտական ընկեր, ԱԱԾ ենթասպա Վահան Աբովյանն է մանրամասներ պատմում.
-Պատերազմի առաջին օրն իսկ մեզ տագնապով կանչեցին տեղամաս, ասացին, որ Արցախում վիճակը ծայրահեղ ծանր է: Անհանգստացանք: «Ինձ թվում ա՝ մեզ չեն տանելու»,-ասաց Արթուրը: «Էդ ինչի՞»… «Վտանգավոր ա՜»: Ծիծաղեցինք:
Դրանից հետո Գոռը միշտ ծիծաղելով կրկնում էր. «Ա, դե, մեզ չեն տանի, վտանգավոր ա՜…»:
Հենց առաջին օրը Գոռն ուզեց մեկնել, բայց վերադասը թույլ չտվեց։ Առաջին խումբը մեկնեց: Անհանգիստ էինք, մեզ համար հոգեպես ավելի դաժան էր, որ մեզ սկզբից չտարան: Մեր ընկերներից, հարազատներից տեղեկություն չկար: Վախենում էինք, դողում նրանց կյանքի համար:
…Առաջին հերթափոխը հետ եկավ: Ես և Գոռը երկրորդ խմբի հետ մեկնեցինք Կովսական: Ճանապարհին կատակում էինք, երգում: Կարճ ժամանակով հանգստացանք: Հերթափոխ եղավ: Եվ ես ու Գոռը լեռն ի վեր ճանապարհ ընկանք դեպի դիրքերը:
Կովսականի բարձունքները՝ քարքարոտ, խոր կիրճերով, շատ տեղերում՝ ժայռերի ուղղաձիգ կտրվածքներով, որոնցով անհնար է իջնել կամ բարձրանալ: Նույնիսկ խրամատ փորելու հնարավորություն չկա: Ամբողջ տարածքը հրետակոծվում էր: Հասանք տեղ, մի փոքրիկ փոսի մեջ երկուսով հազիվ էինք տեղավորվում: Մյուսների հետ միասին այսպես կռվում, դիմակայում էինք թշնամուն: Առավոտյան կրակը դադարեց: Նստեցինք հացի: Չէինք հասցրել ուտելիքը հանել, նորից սկսեցին հրետակոծել: «Ախպե՛ր, էս տիպերի հետ պայմանավորվենք. հաց ուտելիս՝ հաց ուտենք, կռիվ անելիս՝ մարդավարի կռվենք: Սենց կինո տեսել էի, բայց չգիտեի, որ մեջը խաղալու եմ»,- կատակեց Գոռը:
Երեք օր ու գիշեր կռվում էինք՝ խնայելով փամփուշտները, թե կարճատև դադար էր լինում, քնում էինք բետոնե խողովակի մեջ:
Երեք օրից իջանք: Մեզ բեռնատարներով տեղափոխեցին դպրոց՝ մի քիչ հանգստանալու: Դպրոցում ծանոթ տղաներ կային, զրուցեցինք, քաջալերեցինք միմյանց: Երկու օրից նորից դիրքեր բարձրացանք: Այս անգամ Գոռին ինձ հետ չնշանակեցին: Նա և Մկրտիչը մեզնից հարյուր մետր ավելի վերևում էին: Մեծ դժվարությամբ բարձրացանք դիրքեր: Թշնամին անդադար կրակում էր, զորք ու զինտեխնիկա էր կուտակում: Թեժ մարտեր էին ընթանում: Մենք ականանետներով մեծ վնաս էինք հասցնում թշնամուն ու կասեցնում նրա առաջխաղացումը: Այդ իսկ պատճառով նրանք ԱԹՍ-ներ և «Կամիկաձե» էին կիրառում մեր դեմ: Գոռենց դիրքում մարտեր էին ընթանում: Գիշերվա երկուսին գնացինք իրենց մոտ, օգնեցինք, որ գան մեր դիրքեր: Երկու ժամ անց նրանք կրկին վերադարձան՝ դիրքը հետ վերցնելու: Սարսափելի հրետակոծություն էր: Վերևի դիրքերից երկու հոգի իջան: Ասացին, որ զոհ կա:
«Ո՞վ է»:
«Գոռը»…
Նստած լալիս էի. «Ինչո՞ւ, ախպե՜րս, ինչո՞ւ… Դու բոլորից ավելի շատ իրավունք ունեիր ապրելու»:
Գոռի և Մկրտիչի անվրեպ կրակոցներից թշնամին չէր կարողացել առաջանալ: Եվ նրանք «Կամիկաձե» էին գործի դրել… Գոռին և Մկրտիչին իրար փաթաթված էին գտել…
Պատմում է Գոռի մարտական ընկեր Նարեկ Ազիզբեկյանը.
-Երբ Կովսականից իջնում էինք, լեռան հակառակ կողմից մայր Արաքսն էր հոսում, ափերին՝ կանաչ մարգագետիններ, այգեստաններ: «Տեսնո՞ւմ ես՝ ինչեր ենք թողել թուրքին, ինչե՜ր ենք կորցրել…»,- դառնացած ասաց Գոռը:
Նվիրված ընկեր էր, իր գործը դժվարացնում էր, որ մեկ ուրիշին օգնի: Մեծ մտահորիզոն ուներ, ծանրակշիռ էր, շնորհաշատ: Մյուսներից այնքա՜ն էր տարբերվում…
Կովսականի համար մղվող մարտերում նոյեմբերի 8-ին անմահացած Գոռ Հակոբյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից՝ «Հովհաննես Թումանյան» մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով:
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի հարյուրից ավելի կտավները 2021 թ. մարտի 12-14-ը ցուցադրվեցին Նկարիչների միությունում: Իրականացավ Գոռի երազանքը…
Նայում ես նկարչի կտավներին և մտածում, թե որքա՜ն ասելիք ուներ նա այս աշխարհին՝ սիրված մարդկանց դիմանկարներ, հրեշտակներ, ձիեր, աբստրակցիայի բազմազանություն…
ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Ճակատագրեր