ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՍԿՈՒ ՓԱՅԼ ՈՒՆԵՆ
Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի շախմատային գլխավոր թիմը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան ընթացավ հայկական շախմատային գլխավոր թիմի գերազանցության նշանաբանով. Առանց հավաքականի բազմամյա առաջատար Լեւոն Արոնյանի, միջին վարկանիշով 12-րդ թիմը աշխարհի գրեթե 200 երկրի հավաքականների պայքարում տարավ բոլորից շատ՝ 9 հաղթանակ, եւ միայն մեկ անգամ «սայթաքեց», հնարավորություն տալով հիմնական մրցակցին հավասարվելու իրեն։ Ամեն փուլից հետո շախմատային տեսաբանները կանխագուշակում էին, թե վաղուց ֆավորիտների շարքը չդասվող հայկական թիմը չի դիմանալու սուր մրցակցությանը, վաղ թե ուշ զիջելու է առաջատարի դիրքը…
Երբեմնի «Ոսկե թիմի» համեմատ գրեթե ամբողջովին թարմացված կազմով ու նոր կապիտանով, բայց նույն մարտական ոգով ու եռանդով գործող գրոսմայստերների հայկական թիմի սխրանքը մարզականից շատ ավելի մեծ նշանակություն ունի. գործելով աներեւակայելի ավյունով՝ տղամարդկանց Հայաստանի հավաքականը համաշխարհային օլիմպադայում իր վերջին նվաճումից շատ տարիներ հետո նորից ապացուցեց, որ հավաքական նվիրումի ու անկասելի ձգտման, Հայրենիքի՝ այս դեպքում շախմատային պատիվը պաշտպանելու կամքի առաջ չկան անհաղթահարելի պատնեշներ ու բարձունքներ։
…2012 թ. Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպոսը երրորդ անգամ նվաճելուց 10 տարի անց, Հայաստանի շախմատային ընտրանին հերթական փառահեղ նվաճման հասավ՝ Ուզբեկստանի թիմի հետ գրավելով առաջին հորիզոնականը եւ միայն լրացուցիչ գործակիցներով ոսկե մեդալները զիջելով մրցաշարում նույնքան փառահեղ ելույթներ ունեցող մրցակցին։ Թիմի բոլոր անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը գերազանց գործեցին՝ չերկնչելով ո՛չ մրցակցի վարկանիշից, ո՛չ էլ համբավից։ «Ոսկե թիմի» վերջին «մոհիկանը»՝ Գաբրիել Սարգսյանը, ինչպես 2006-ին՝ Թուրինում, 2008-ին՝ Դրեզդենում, եւ 2012-ին՝ Ստամբուլում, հավաքականի գլխավոր հարվածային ուժն էր, այժմ նաեւ առաջատարը։ Նրա առաջ զենքերը վայր դրեցին համաշխարհային շախմատի վերնախավի ներկայացուցիչներ Կարուանան, Հարիկրիշնան, Մամեդյարովը, վերջին տուրում Իսպանիայի թիմի առաջատար Շիրովը։ Նրա, նաեւ վերջին՝ չորրորդ խաղատախտակի առաջ հանդես եկող Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիաները հաճախ ամենավերջինն էին ավարտվում օլիմպիադայի գրեթե հազար մասնակիցների շրջանում։ Ամբողջ թիմն էր հանդես բերում մինչեւ վերջ պայքարելու աներեւակայելի կամք։
«Հնդկաստանի 2-րդ եւ Ուզբեկստանի թիմերը անհավանական մրցելույթ ունեցան, բայց ինձ համար առանձնահատուկ էր Հայաստանի ելույթը։ Նվաճել արծաթե մեդալ եւ այդքան մոտ լինել տիտղոսին՝ ապշեցուցիչ արդյունք է, եւ ես շատ հպարտ եմ այդ առիթով։ Հույս ունեմ՝ այս սենսացիոն մրցելույթը կունենա արժանի ճանաչում»,- «Թվիթերում» գրել է Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը, որն առաջին անգամ ներկայացնում էր ԱՄՆ-ի թիմը եւ այս մրցաշարում Հայաստանի հետ դիմակայությունը բաց թողեց։
Հետաքրքիր է, որ անկախությունից հետո Հայաստանի ազգային թիմը եռագույնի ներքո երեք անգամ արժանացել էր բրոնզե մեդալների, նույնքան անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ արժանանալով ոսկե մեդալների, եւ միայն հիմա վաստակեց արծաթե մեդալներ՝ իմաստուն խաղի հայրենիքում նվաճելով փոխչեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի համբավավոր թիմը ժամանակին 4 անգամ դարձել էր աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, մեկ անգամ՝ ոսկե, նվաճելով չեմպիոնի տիտղոսը (2011 թ., Նինբո, Չինաստան), մեկ անգամ Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը (1999 թ., Բաթում, Վրաստան), մեկական անգամ էլ արժանացել արծաթե ու բրոնզե մեդալների։
ԱՐՄԵՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում