Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ



ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ

ԱՎԵԼԱՑԵԼ Է ԿՐԱԿԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանի` 2011 թվականին պլանավորված բոլոր միջոցառումները ՊԲ-ում կատարվել են, կատարելագործվել է ՊԲ բանակի կազմհաստիքային կառուցվածքը, թարմացվել և արդիականացվել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կատարվել են մեծածավալ ինժեներական աշխատանքներ, բարելավվել են զինծառայողների սոցիալ- կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում տեղի են ունեցել բանակի մարտունակության պլանային ու հանկարծակի ստուգումներ: 2011թ. պաշտպանության բանակը համալրվել է զրահատանկային, հրետանային, այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշներով, արդյունքում` որակական նոր աստիճանի է հասցվել բանակի կրակային հզորությունը: Իրականին առավելագույնս մոտ պայմաններում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների, այդ թվում նաև հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ անցկացված մարտավարական և հրամանատարաշտաբային զորավարժությունների, տարաբնույթ մարզումների ընթացքում ընդգրկված անձնակազմը կատարելագործել է իր մարտական-մասնագիտական հմտությունները:

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Առաջնագծում իրավիճակը եղել է մշտապես լարված: Հակառակորդը, կիրառելով խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ, փորձել է մշտապես ապակայունացնել իրավիճակը: Վիճակագրությունն ինքնին խոսուն է. եթե 2010 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է հրադադարի 5340 խախտում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է արդեն հրադադարի խախտման 10397 դեպք: Հակառակորդը կրել է անհամեմատ ավելի շատ կորուստներ` յուրաքանչյուր խոցված հայ զինվորի դիմաց հատուցելով մի քանի ասկյարի կյանքով: Աճել է նաև առաջնագծում ականների պայթյունների թիվը, ինչը ևս ունի բավականին պարզ բացատրություն. նախորդ տարի հակառակորդին հաջողվել է իրականացնել դիվերսիոն-հետախուզական գործողություններ, այս տարի դրանք կանխարգելելու նպատակով նախատեսվել և կատարվել են մի շարք միջոցառումներ, արդյունքում` նմանատիպ գործողություններ իրականացնելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:

ԱՌԱՋԸՆԹԱՑ ՍՈՑԻԱԼ-ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Լուրջ ուշադրություն է դարձվել կադրային քաղաքականությանը:

2011 թ. իրավապահ մարմինների հետ համատեղ կտրուկ միջոցառումներ են իրականացվել օրինապահության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Նախորդ տարվա համեմատությամբ` 23 տոկոսով նվազել է մահերի թիվը, 30 տոկոսով` վիրավորների թիվը, զորամասն ինքնակամ լքած զինծառայողների թիվը նվազել է 14 տոկոսով:

Կարգապահության ամրապնդումն արտացոլող ցուցանիշներից մեկն էլ եղել է կարգապահական տույժերի ու խրախուսանքների թիվը: Ծառայական պարտականությունների օրինակելի կատարման համար խրախուսված զինծառայողները այս կամ այն պատճառով տույժ ստացածներին քանակով գերազանցում են շուրջ 4 անգամ, իսկ 40 զինծառայող կատարած սխրագործության համար արժանացել է պետական պարգևի:

Լուրջ աշխատանքներ են կատարվել նաև զինծառայողների սոցիալական ապահովման ոլորտում: Շահագործման է հանձնվել 35 նորակառույց ծառայողական բնակարան: Զինծառայողներին բնակարաններ են հատկացվել նաև նորակառույց «Արցախ» թաղամասում:

ԱՐՑԱԽԸ ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ

Քաղաքագետ Կարինե Աճեմյանի կարծիքով, անցնող տարվա կարևոր իրադարձություններից էին ՌԴ միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումները, որոնց ժամանակ թեեւ էական հաջողություններ չգրանցվեցին, սակայն մի բան դարձավ պարզորոշ. 2011 թվականին, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը վերջնականորեն մերկացվեց: Մանավանդ, եթե հաշվի առնենք Կազանում կայացած հանդիպումը, որի ժամանակ ադրբեջանական կողմը, հետ կանգնելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից, ոչ միայն համաձայնություն չտվեց բանակցային սեղանին դրված հիմնարար սկզբունքների փաստաթղթին, այլ նաև առաջադրեց 10 նոր առաջարկ, ինչը ամբողջովին խառնեց միջնորդ երկրների խաղաքարտերը:

«Ուրախալի է, որ թեպետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսում տեսանելի առաջընթաց չկա, սակայն այսօր Արցախը վերելք է ապրում: Ամեն անգամ Արցախ այցելելիս միշտ հաճելի պահեր եմ ապրում: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով, ու նրանցից յուրաքանչյուրն իր համար, մեծ առումով, լուծել է այդ խնդիրը: Ակնհայտ է, որ Արցախում կյանքը գնալով աշխուժանում է, և ասածս վերաբերում է թե՜ ժողովրդագրական աճին, թե՜ տնտեսական վերելքին և թե՜ առհասարակ, մեծածավալ շինարարությանը: Արցախը օրինակելի երկրի խորհրդանիշ է դարձել»,- ասել է Կ.Աճեմյանը:

Նա կարևորել է նաև ՀՀ նախագահի` ՌԴ կատարած ու Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարած պետական այցերը: Պետական այցերը ամենաբարձր մակարդակի այցերն են, ինչը ցույց է տալիս երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները: «Ֆրանսիան ու Ռուսաստանը, անշուշտ, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող երկրներ են, և այդ երկրների հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է: Չմոռանանք, որ նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից են, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ»,- ասել է քաղաքագետը:

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանի կարծիքով, անցող 2011 թվականը կարելի է բնորոշել նաև որպես ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության և հաստատման մի ինքնատիպ ժամանակաշրջան: Դրա վառ ապացույցը 2011թ. Հարավային Սուդանի կողմից ՄԱԿ-ի շարքերը համալրելու փաստն է: Իմ կարծիքով, խիստ կարևոր է այն հանգամանքը, որ Հարավային Սուդանը ինքնորոշվեց բացառապես խաղաղ ճանապարհով ` դառնալով ՄԱԿ-ի 193-րդ լիիրավ անդամը: Սույն փաստը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը տարածքային խնդիրներում ավելի և ավելի է հակվում դեպի ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության դրույթը:

ԱՇԽԱՐՀ

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով, արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխություններն աշխարհաքաղաքական տեսանկյունից 2011 թվականի ամենախոշոր իրադարձություններն էին։ Ըստ նրա` դրանց վերաբերյալ գնահատականները կարող են տարբեր լինել, բայց բոլորն ընդունում են այն փաստը, որ ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, և դա վերաբերում է ոչ միայն արաբական աշխարհին, այլև Թուրքիային ու Իրանին: Այս տեղաշարժերն արդեն իսկ տվել են շոշափելի արդյունք:

Առաջինը` արաբական աշխարհի մի շարք երկրներում, որոնց բնակչությունը, համաձայն իրենց առաջնորդների խոսքերի, այսօր փորձում է վերագտնել իր «արաբական-իսլամական ընդհանրական ինքնությունը», որպես կառավարման մոդել ընդունել են այսպես կոչված «չափավոր իսլամը»։ Դա այն մոդելն է, որը ներկայումս ընդունված է Թուրքիայում: Ակնհայտ է, որ այդ միտումը նպաստավոր է Թուրքիայի համար, որը, իր նեոօսմանական գաղափարախոսության վրա հենվելով, ձգտում է մեծացնել իր դերակատարումը և ազդեցությունը այդ երկրներում:

ԹՈՒՐՔԻԱ, ՍԻՐԻԱ ԵՎ ԻՐԱՆ

Դրան զուգահեռ, տարածաշրջանում ակնհայտ են նաև այլ քաղաքական տեղաշարժեր։ Առաջին հերթին, ուշագրավ են այն սկզբունքային հակասությունները, որոնք առաջացել են Թուրքիա-Սիրիա և Թուրքիա-Իրան հարաբերություններում, հարաբերություններ, որոնք դեռևս մեկ տարի առաջ բուռն զարգացում էին ապրում։ Ինչպես հայտնի է, Սիրիայի հանդեպ (այնտեղ ընթացող հայտնի զարգացումների համատեքստում) Թուրքիան ու Իրանը տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն: Նկատենք, որ Սիրիայի խնդրում բևեռացումն ընթանում է նաև գլոբալ դերակատարների մակարդակով։ Դրա դիվանագիտական արտահայտությունը Ռուսաստանի և Չինաստանի կողմից ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ արևմտյան երկրների առաջարկվող կոշտ բանաձևերի վրա իրենց վետոյի իրավունքի օգտագործումն է:

ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Երկրորդ կարևորագույն իրադարձությունը, ըստ իս, կապված է գլոբալ տնտեսական անկայունության և մասնավորապես` «եվրոն փրկելու» գործընթացների հետ, որոնց արդյունքում կարծես թե ձևավորեց երկու հարթություն ունեցող Եվրամիություն: Գերմանիայի և Ֆրանսիայի շուրջ համախմբվեցին այն պետությունները, որոնք համաձայն են ավելի կոշտ վարչական և տնտեսական վերահսկողության տակ գտնվելու: Որոշ քաղաքական գործիչներ երկրների այդ խումբը արդեն իսկ անվանում են Եվրոպայի Միացյալ Նահանգներ։

ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ

«Թուրքիայի հետ հարաբերությունների առումով պետք է ամրագրենք, որ հակահրթիռային համակարգերի տեղադրման գործընթացի արդյունքում այսօր Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ավելի սթափ գնահատել Թուրքիային որպես տնտեսական գործընկերոջ, քան նախկինում»,- կարծում է Գ.Հարությունյանը:

Ըստ նրա` տարածաշրջանային անվտանգությունը մեծ չափով կապված է նաև Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների հետ։ Այդ առումով, թվում է, թե 2011 թվականին շատ բան չի փոխվել, բայց կան միկրոսկոպիկ դրական տեղաշարժեր: «Ես նկատի ունեմ Համաշխարհային առևտրային կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի և Վրաստանի համաձայնության գալը։

Սա, թվում է, մեծ հարց չէ, բայց, այնուամենայնիվ միտում է այդ երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու ու ավելի կառուցողական դարձնելու: Վրաստանի հետ հարաբերություններում 2011-ին կարևոր ձեռքբերում կարելի է համարել նաև նախագահ Սերժ Սարգսյանի` այդ երկիր կատարած այցը, որի ընթացքում տնտեսության, ինչպես նաև այլ բնագավառներում մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- կարծում է քաղաքագետը:

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Ռազմաքաղաքական


29/12/2011