Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ՈՒ ՆՈՐԸ…



Ազգային բանակի տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով։ Ի հեճուկս հակառակորդի` մեր երկրի զինված ուժերը հաջողությամբ կատարեցին 2011թ. համար նախատեսված բոլոր ծրագրերը։ Մասնավորապես` անցկացվեցին մի շարք հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ` զորամասերի, զորախմբերի մասնակցությամբ։ Հաստատված լավագույն ավանդույթները շարունակվեցին նաեւ գործընկերների հետ։ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներն իրենց բարձր որակավորումը հաստատեցին ԱՊՀ երկրների միացյալ, իսկ մոտոհրաձգայինները՝ ռուսական զորախմբի հետ անցկացված զորավարժության ընթացքում։ Անկասկած, տարվա գլխավոր իրադարձությունը ՀՀ անկախության քսանամյակին նվիրված տպավորիչ զորահանդեսն էր։ Ազգային բանակում իրականացվող բարեփոխումների եւ զորամասերի մարտունակության բարձրացման ընթացքը ստիպեց հակառակորդին հրաժարվել ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքից եւ մտածել ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու մասին։

Տոնական այս օրերին պաշտպանության նախարարությունը, զորամասերի հրամանատարական կազմերը անում են հնարավորը, որպեսզի հաջողությամբ կատարվեն մարտական խնդիրներն, ու միաժամանակ մեր զինվորները հավուր պատշաճի նշեն Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

-Ինչպես միշտ, այս անգամ էլ Նոր տարին բոլորս դիմավորելու եւ անցկացնելու ենք այստեղ` զորամասում, մեր զինվորների հետ,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Ս. Խաչատրյանը։ Նշենք, որ այս զորամասի համար անցնող տարին եղել է բովանդակալից։ Ստորաբաժանումները մշտապես մարտական հերթապահություն են իրականացրել սահմանամերձ շրջաններում, միաժամանակ զորամասը մասնակցել է չորս մարտավարական զորավարժության, անկախության զորահանդեսին, իսկ ամենակարեւորն այն է, որ որեւէ լուրջ ծառայական խախտում չի արձանագրվել։

-Ես գոհ եմ նաեւ ամփոփիչ քննությունների արդյունքներից, հատկապես ֆիզպատրաստության ցուցանիշներից։ Բանն այն է, որ զորամասում շատ են սահմանափակումներով` ոչ շարային ծառայության նշանակված զինվորները, որոնց ճնշող մեծամասնությունը քննությունը հանձնեց «լավ» ու «գերազանց» գնահատականներով,- ավելացրեց հրամանատարը։

ՏՈՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ավարտվող տարվա վերջին մարտական հերթափոխը կատարվել էր մեկ օր առաջ։ Գումարտակների հրամանատարները հերթապահությունն ստանձնող ստորաբաժանումների հետ մեկնել էին սահմանային հենակետեր, իսկ այնտեղից վերադարձածները նախապատրաստվում էին Ամանորին։

Տոնածառն արդեն տեղադրվել էր, զինվորները փուչիկներով, լույսերով ու փայլաթղթերով զորանոցն էին ձեւավորում։

-Արդեն կազմել ենք հանգստյան օրերի տոնական ծրագիրը,- ասաց մայոր Ա. Նաջարյանը։ -Ամանորի սեղանը կլինի տոնական, պատվիրել ենք խորհրդանշական, այսինքն՝ ոչ ալկոհոլային շամպայն։ Ես երկար տարիներ այստեղ եմ ծառայում եւ գիտեմ, որ համայնքի ղեկավարները նույնպես աջակցում են զորամասին։ Պարոն Հայկ Քոթանջյանը աշխատակիցների հետ միշտ գալիս է (ոչ դատարկաձեռն) եւ շնորհավորում զինվորներին։

Զորամաս են այցելում նաեւ ազատամարտի վետերանների միության անդամները։ Տոնական ծրագրով նախատեսել ենք վիկտորինաներ, սպորտային խաղեր, վաշտերի միջեւ շախմատի եւ շաշկու մրցումներ, հեռուստահաղորդումների դիտում։ Ասեմ նաեւ, որ բոլոր վաշտերում կան գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, եւ շնորհալի տղաների միջոցով կազմակերպելու ենք ուրախ միջոցառումներ, համերգներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

Տոնական օրերին առաջնագծում մարտական հերթապահություն են իրականացնելու կապիտաններ Ռ. Ասատրյանի եւ Պ. Հունանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները, որոնց կազմում են զորամասի օրինակելի զինվորներից շատերը. շարքայիններ Հարություն Հարությունյանը, Տիգրան Ադամյանը, Մարատ Թանգյանը, Արմեն Բաղդասարյանը, Արեն Գինոսյանը, Գագիկ Ղուլյանը, Կարեն Վարդանյանը, Խաչիկ Երանոսյանը, Գարուն Ադամյանը, եֆրեյտորներ Խաչիկ Սաղաթելյանը, Արմեն Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Մուկուչ Սարգսյանը, ավագ Արտաշես Վարդանյանը։

ԱՐԴԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Երաժշտությունը միացված է, զինվորները պարում են։ Բոլորի տրամադրությունը բարձր է։ Երբ սկսեցինք զրուցել նրանցից մեկի` սիսիանցի Տիգրան Մովսիսյանի հետ, մյուսներն էլ հավաքվեցին.

-Ես էլ շարքային Արշակ Պետրոսյանն եմ, Սարուխան գյուղից, շնորհավորում եմ մեր գյուղի բոլոր զինվորների Նոր տարին, ծնողներիս եմ շնորհավորում։

-Շարքային Հուսիկ Թովմասյան, վարդենիսցի եմ, առաջին Նոր տարին եմ զորամասում անցկացնում, նոր եմ դիրքերից վերադարձել, առաջնագծի բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն եմ մաղթում։

-Ես շարքային Արտյոմ Մարտիրոսյանն եմ, Գորիսից, արդեն մեկ տարի ծառայել եմ, շնորհավորում եմ բոլոր գորիսցիներին։

-Ես էլ Ճամբարակից եմ, շարքային Լեւոն Պետրոսյան, ցանկանում եմ խաղաղություն բոլոր ճամբարակցիներին, թող էլ պատերազմ չլինի։

-Եղեգնաձորցի էլ կա, ես եմ, շարքային Լեւոն Հայրապետյան, առողջություն եմ ցանկանում մեր հրամանատարին, բոլոր զինվորներին ու սպաներին։

-Բա ապարանցու անուն չե՞ք գրում, ես եմ, շարքային Ջանիբեկ Պողոսյան, շնորհավորում եմ մորս, հորս Նոր տարին, նրանց առողջություն եմ ցանկանում։

-Իջեւանցի շարքային Գեւորգ Զուրաբյան, խաղաղություն, բարի ծառայություն եմ մաղթում մեր սահմանը պահող, Իջեւանի զորամասում ծառայող զինվորներին։

-Ստեփանավանից եմ, շարքային Մուշեղ Այվազյան, շնորհավորում եմ ընկերուհուս Նոր տարին, անունը չեմ ասի, ինքը կկարդա ու կիմանա։

Իրենց մաղթանքները հղեցին նաեւ գյումրեցիներ Պետրոս Գեւորգյանը, Ռուբեն Միքայելյանը եւ արտաշատցի Ռաֆիկ Գրիգորյանը։

Պարը կրկին շարունակվեց, երբ ենթասպա Արտյոմ Ասրյանը միացավ զինվորներին…

-Խնդրում եմ իմ անունից էլ շնորհավորանքի խոսքեր գրեք,- մոտենալով ասաց սպիտակցի շարքային Մանուկ Տոնոյանը։ -Երեք եղբայր ենք, մեծը Ռուդիկն է, ծառայել է Նոյեմբերյանում, մյուս եղբայրս՝ Մհերը, երկու օր առաջ է զորացրվել։ Նա էլ Հայաստանի հարավային սահմանագծում էր ծառայում, ես դեռ վեց ամսվա զինվոր եմ ու առաջին Նոր տարին եմ անցկացնում բանակում։ Հաջողություն եմ ցանկանում մեր ընտանիքին, բոլոր սպիտակցիներին, ազգային բանակի բոլոր զինվորներին։

♦♦♦

Գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Ա. Հովհաննիսյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, պարգեւատրվել է «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով» մեդալներով։ Տեսնելով զինվորների ուրախությունը` նա ասաց.

-Մեր սերունդը կռվեց այսօրվա խաղաղության, այս տղաների ուրախության համար։ Բայց մարդիկ պետք է հասկանան, որ թշնամին դեռեւս չի հրաժարվում մեր պատմական հայրենիքը նվաճելու մտքից, զինվում է, սպառնում։ Իրավիճակը դեռ անկայուն է, ու ժողովուրդը, մենք բոլորս պետք է գիտակցենք, հասկանանք, թե մեր առջեւ ինչ մարտահրավերներ կան։ Մեզ այսօր, առավել քան երբեւէ, միասնություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա, պիտի միավորվենք, ամեն ինչով սատարենք բանակի ղեկավարությանը, երկրի ղեկավարությանը, նրանք ամեն ինչ անում են բանակի մարտունակությունը բարձր պահելու, քաղաքական խարդավանքներին դիմակայելու համար։ Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, զինվորներին, սպաներին եւ բոլորին ցանկանում եմ առողջություն ու խաղաղ, անփորձանք ծառայություն։

ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆՆ ԱՌԱՏ ԿԼԻՆԻ

Զորամասի ճաշարանի պետը ենթասպա Անահիտ Առաքելյանն է։ Նա նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է, պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, այլ պարգեւներով։ Հատկապես անցնող` 2011-ին նա զգալի հաջողություններ ունեցավ ծառայության մեջ, արժանացավ ազգային բանակի «Լավագույն ճաշարանի պետ» մրցանակին.

-Շատ ուրախ եմ, որ ճանաչվեցի լավագույնը, պարգեւատրվեցի «Գարեգին Նժդեհ» մեդալով, պատվոգրերով, «Զինվոր հայրենյաց» մեդալով,- թվարկելով ժպտում է տիկին Անահիտը։

Ասենք նաեւ, որ նա Սյունիքի մարզի Խնածախ գյուղից է, ունի մեկ տղա եւ երկու աղջիկ։ Տղան նույնպես զինվորական է, ավագ լեյտենանտ Վարդգես Բաղդասարյանը ծառայում է մոտոհրաձգային զորամասերից մեկում։

-Տոնական սեղանը անպայման առատ կլինի։ Նախարարությունը նախատեսել է լրացուցիչ սնունդ։ Անպայման խաշլամա կլինի, սառը խորտիկներ, աղցաններ, խմորեղեն, շոկոլադ եւ այլ կոնֆետներ, ցիտրուսային մրգեր, հյութեր եւ այլն։ Ամենակարեւորն այն է, որ բոլորս միասին ենք նշում եւ սրտանց ուրախանում։ Վերջին տարիներին միշտ այդպես է եղել,- ասաց ենթասպա Ա. Առաքելյանը եւ շարունակեց։ -Որպես պատերազմ տեսած կին, որպես զինվորի մայր` ես սրտանց շնորհավորում եմ բանակում որդիներ ունեցող մայրերին, զինվորների ծնողներին, նրանց ցանկանում եմ առողջություն եւ բարձր տրամադրություն։ Շնորհավորում եւ հաջողություններ եմ մաղթում բոլոր զինծառայողներին, թող նրանք հայրենիքի պաշտպանի իրենց վեհ առաքելությունն իրականացնեն հաջողությամբ, առողջ ու անփորձանք։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/12/2011