ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ
Պայմանագրային զինծառայող, դիրքի ավագ, լեյտենանտ Արթուր Համբարձումյանի հետ իմ առաջին հանդիպումը 2014-ին էր: Ավելի ճիշտ, դա վիրտուալ շփում էր՝ ֆեյսբուքյան նամակագրություն: Զինվոր Արթուր Համբարձումյանը ինձ պարբերաբար նամակներ էր գրում նույն բովանդակությամբ. «Խնդրում եմ՝ օգնեք ինձ տեղափոխվել Արցախ: …Որ Արցախի սահմանը պաշտպանեմ: Շատ եմ խնդրում՝ օգնեք, որ ինձ Արցախ ուղարկեն…»:
Անկեղծ ասած՝ առաջին անգամ չէի տեսնում, որ զինակոչիկը կամ Հայաստանում ծառայող զինվորը խնդրի՝ իրեն Արցախ ուղարկել, բայց երբեք չէր եղել, որ խաղաղ զորամասից զինվորին առաջնագիծ տեղափոխելու պատասխանատվությունը անձամբ կրեի: Ու Արթուրի առաջին նամակին ի պատասխան՝ «ժպիտ» ուղարկեցի: Իբր՝ ապրե՛ս, ուժեղ տղա ես, բայց ճակատագրին դեմ մի՛ գնա, խելոք ծառայի քո զորամասում:
Արթուրի հաջորդ նամակը ավելի թախանձագին էր: «Ես խեղդվում եմ այստեղ: Գիտեք՝ ինչքան եմ պայքարել, որ բանակ գամ, ինչքան եմ երազել, որ կանգնեմ ադրբեջանցիների դիրքերի դիմաց»:
Ես միայն հարցրի, թե ինչո՞ւ իր հրամանատարներին չի դիմում: «Դիմել եմ,- գրեց Արթուրը,- ասում են՝ այստեղ էլ են լավ զինվորներ պետք»: Ես դարձյալ «ժպիտ» ուղարկեցի Արթուրին ու որոշեցի, որ էլ չեմ պատասխանելու նրա նամակներին: Ի վերջո, հրամանատարները ավելի լավ գիտեն, թե իրենց զինվորին ինչ է պետք: Եթե նրանք չեն ուզում Արթուրին ուղարկել Արցախի ամենավտանգավոր դիրքը, ես ինչո՞ւ պիտի տղայի խնդրանքը հասցնեմ վերին ատյաններին ու նման բեռ վերցնեմ իմ խղճին: Արթուրը մի քանի անպատասխան նամակից հետո դադարեց գրել ինձ:
Որոշ ժամանակ անց մի հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ, հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը: Ես սկսեցի փնտրել զինվորին: Ու պարզեցի, որ նա ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց չի հեռացել բանակից, այլ անցել է պայմանագրային ծառայության` հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկի ավագն է: Ես, բնականաբար, հանդիպեցի զինվորին: Աժդահա տղա էր: Ասես՝ իր դիրքի ամեհի բլուրներից պոկված ժայռ լիներ: Բայց մեղմ ժպիտն ու աչքերի պարզությունը դեմքին մանկական արտահայտություն էին տալիս:
-Ես Արթուր Համբարձումյանն եմ,- ներկայացավ տղան,- զինվոր ժամանակ ինչքա՜ն խնդրեցի, որ ինձ օգնեք տեղափոխվել Արցախ, չօգնեցիք: Հիմա արդեն Արցախում եմ ծառայում: Ես շատ եմ սիրում զինվորականի գործը: Մանկուց իմ բոլոր երազանքները բանակի շուրջ էին պտտվում, աչքերս փակում ու պատկերացնում էի ինձ՝ հրամանատարի համազգեստով, իմ զորքի հետ:
Այդ ժամանակ ես հիշեցի՝ տարիներ առաջ Արթուրը գրել էր, որ շատ է պայքարել զորակոչվելու համար:
-130 կիլոգրամ էի: Պատկերացնում եք՝ ես տարիներով սպասել եմ, թե երբ եմ վերջապես հասնելու զորամաս, ավելի ճիշտ՝ դիրքեր, ու հանկարծ ինձ ասում են, որ չեմ կարող զորակոչվել: Շատ տխրեցի, բայց չընկճվեցի: Սկսեցի նիհարել: Օրերով, ամիսներով համարյա ոչինչ չէի ուտոմ, ուժասպառ լինելու աստիճանի մարզվում էի: Կարողացա 30 կգ նիհարել մինչև հաջորդ զորակոչը: Բժիշկները այս անգամ էլ ինչ-որ հիվանդություն հայտնաբերեցին ու տարկետում տվեցին ինձ: Ես չհանձնվեցի: Սկսեցի բուժվել, զուգահեռաբար մարզվում էի: Զինվորանալու երրորդ փորձս հաջողվեց:
-Բանակն արդարացրե՞ց Ձեր սպասելիքները:
Արթուրի դեմքին զարմանք է նկարվում:
-Դիրքը դարձավ իմ աշխարհը, իմ տունը, իմ փոքրիկ հայրենիքը: Ամեն ինչ մնաց հետեւում, ամբողջ ապրած կյանքս ասես միանգամից հեռացավ ինձնից: Մնացինք ես, սահմանը, դիրքն ու զինակից տղերքը: Ինձ համար ավելի հարազատ ու սիրելի գործ չկա, քան դիրք կառուցելը: Դիրք կառուցելն իմ տարերքն է: Տղամարդը ո՞նց կնորոգի իր տունը, էդպիսի բծախնդրությամբ սկսեցինք մեր դիրքը նորոգել: Դարձրինք կատարյալ: Մի օր էլ սահմանը հսկելիս ուղեղիս մեջ միտք ծագեց՝ ականապատված տարածքում նոր դիտակետ դնել: Դիրքիս ավագին ասացի՝ «Բելազի» պագրիշկա է պետք: Զարմացավ: Բացատրեցի՝ պագրիշկան կգլորենք, ականներ եթե լինեն, կպայթեն, պագրիշկայի հետագծով անվտանգ կմտնենք տարածք: Զեկուցեցինք հրամանատարությանը, թույլտվություն ստացանք: …Մենք դիրքի տղերքով 30 կիլոգրամանոց քարերը մեջքներիցս կախած՝ 6 կմ զառիվերով բարձրանում էինք, որ նոր դիտակետ ու բլինդաժ կառուցենք: Մի ոտատեղ ճանապարհ էր, տակը՝ ահռելի ձոր: Բարձրանում էինք, քարերը դատարկում:
Երբ իջա դիրքերից, գնդի հրամանատարը իր աշխատասենյակ հրավիրեց տարվա լավագույն զինվորներին: Մեր գումարտակից միայն ես էի լավագույնը լինելու պատվին արժանացել:…Հետո նշանակվեցի դիրքի ավագ:
Նոր տարին որքան մոտենում էր, դիրքում կանգնած զգում էի՝ Ամանորի գալուստը պիտի ինչ-որ բանով նշեմ, որ երջանկությունս կատարյալ լինի: Ու որոշեցի Ագարակի մանկապարտեզների 270 երեխաներին ամանորյա նվերներ բաժանել: Չորս սայլակ էլ հաշմանդամների համար գնեցինք ընկերներով ու տարին փակեցինք հանգիստ խղճով:
Ես բանակից վերադարձա ավագ սերժանտի ուսադիրները ուսերիս, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով, զինվորի համար նախատեսված բոլոր հնարավոր պարգեւներով: Հրամանատարները լավ ծառայության համար ինձ անընդհատ արձակուրդ էին տալիս՝ որպես խրախուսանք, բայց ես մերժում էի: Ես սահմանին ինձ ավելի լավ էի զգում, քան տանը:
-Ու որոշ ժամանակ անց՝ որպես պայմանագրային, վերադարձաք բանակ:
Արթուրը ժպտում է՝ իր դեռ չիրականացած երազանքի երանությունը դեմքին:
-Սպա եմ դառնալու, հրամանատար: Հիմա դեղագործի մասնագիտություն եմ սովորում, հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սպայական դասընթացների կմասնակցեմ …Հենց զինվորական համազգեստ հագա, հայտնվեցի ամենաբարձրում: Այսօր դիրքի ավագ եմ, վաղը զորք կունենամ: Հետո ավելի մեծ…
Մեր հաջորդ զրույցը 44-օրյա պատերազմից հետո էր: Ինձ թվում էր՝ Արթուրը շատ վշտացած կլինի պատերազմի անհաջող ելքից, զանգել էի, որ գոտեպնդեմ:
Բայց նա բարևի փոխարեն ասաց.
-Հուսամ՝ դուխդ տեղն է, չվախենաս, անդառնալի ոչինչ չի եղել: Էնքան կուզեի՝ դու քո աչքերով տեսնեիր, թե մենք ոնց էինք դաս տալիս ադրբեջանցի զինվորներին ու սպաներին: Ես եկել էի Արթիկ, որ տուֆ քար տանեմ դիրքերը ամրացնելու համար: Առավոտյան պիտի քարերը բարձած մեքենայով գնայի Արցախ, մեկ էլ՝ հրամանատարը զանգեց, թե՝ ադրբեջանցիները հարձակվել են: Մինչև տեղ հասա, մեր դիրքը գրավել էին: Կայծակնային գրոհով հետ վերցրինք: Հետո ադրբեջանցիները ինչ ահռելի ուժերով էլ եկան, չկարողացան առաջ շարժվել: Ջարդվեցին ու փախան, ջարդվեցին ու փախան: 120 զոհ ունեցան: Վիրավորների թիվն էլ չեմ ասում…
Մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել, բայց ոտքի ենք կանգնել, շարժվել ենք առաջ…
Այս տարեսկզբին ես կրկին զանգեցի Արթուրին:
-40 աստիճան տաքություն ունեմ , բայց հենց նոր իմացա, որ մեր դիրքի վրա հարձակում է եղել, հագնվում եմ, որ գնամ սահման:
-40 աստիճան տաքությունով՝ ո՞նց ես գնալու սահման:
-Ասում եմ՝ դիրքի վրա հարձակում է եղել,- զրույցը եզրափակեց Արթուրն ու գնաց դիրքեր:
Վերջերս Արթուրի ամենամեծ երազանքն իրականացավ՝ նա դարձավ սպա, դասակի հրամանատար:
-Բազմաթիվ նոր դիրքեր ենք կառուցել: Իմ դիրքն ամենաբարձրն է: Ես հիմա դասակի հրամանատար եմ: Յուրաքանչյուր հայ տղամարդու մեջ հայրենիքի համար մեռնելու պատրաստ առյուծ կա: Հրամանատարի պարտքն է արթնացնել այդ առյուծին: Իր զինվորների սրտի ու մտքի մեջ մեխել, որ Հայրենիքից թանկ ոչինչ չկա: Էդ ժամանակ ոչ մի թիզ Հայրենիք օտարի ձեռքում չի մնա:
Ես հավատում եմ լեյտենանտ Արթուր Համբարձումյանին: Ուզում եմ՝ դուք էլ հավատաք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1445) 17.08.2022 - 23.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում