Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ՝ ԼԵՌՆԵՐՈՒՄ



ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ՝ ԼԵՌՆԵՐՈՒՄԵրիտասարդ մարտիկի դասընթաց ոչ թե ռազմական բուհի տարածքում, այլ՝ լեռնային տեղանքում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված կուրսանտների նոր հերթափոխը, նախքան երդման արարողությունը, զինվորականի երկար ու պատվավոր ուղին սկսում է անտառային պայմաններում։

Օրերս «Զինուժ» մեդիայի» ստեղծագործական խումբը այցելել է ճամբարի տեղակայման վայր, մի ամբողջ օր հետևել  մարզումների ընթացքին, կուրսանտներն էլ իրենց տպավորություններն են ներկայացրել:

-Տրամադրված ենք շատ մարտական։ Թեեւ պարապմունքներն ու մարզումները հետաքրքիր են անցնում, բայց նաեւ դժվարություններով են ուղեկցվում։ Փորձություններ են, որոնք պետք է հաղթահարենք մեր նպատակին հասնելու համար։ Ցանկանում ենք դառնալ արժանի հրամանատարներ, մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, թե ինչ նպատակի համար է այստեղ։ Ինչպես Մոնթեն էր ասում՝ մի՛ խմեք իմ կենացը, շարունակե՛ք իմ գործը, մենք էլ շարունակում ենք Մոնթեի գործը,- ասել է Վաչիկ Սահակյանը:

-Շատ բարդ է, երբ քաղաքացիական կյանքից անցում ես կատարում զինվորական առօրյային։ Դա լրիվ ուրիշ աշխարհ է, և այդ աշխարհում դու պետք է գտնես քո արժանի տեղը, դժվարություններ հաղթահարես։ Ամեն ինչ ժամանակի,  ցանկության հարց է, եւ մարդ որքան ուժեղ կամք, ձգտում ունենա, այնքան ցանկացած դժվարություն հաղթահարելի  կլինի։ Գիտակցում եմ, որ զինվորական գործը խաղուպար չէ։ Սա լուրջ, պատասխանատու, պարտավորեցնող ու պատվաբեր գործ է, իսկ ինչքան պարտավորվածություն, այնքան դժվարություն։ Կարևոր է ունենալ մեծ աշխատասիրություն, չհանձնվել ու միշտ առաջ շարժվել,- մեզ հետ զրույցում անկեղծացել է Քաջիկ Ասատրյանը:

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ՝ ԼԵՌՆԵՐՈՒՄԲազմաթիվ մասնագիտություններից Քաջիկն ընտրել է հրետանավորինը ու վստահ է՝ անկախ բարդություններից, հասնելու է իր նպատակին։

Ապագա սպաների առօրյան հագեցած է տարաբնույթ  պարապմունքներով ու մարզումներով՝ մարտավարություն, տարատեսակ դժվարին արգելքների հաղթահարում, լեռնային պատրաստություն, տեղագրություն, հոգեբանական ու մտասևեռման վարժություններ և այլն, որոնք կօգնեն  նորեկներին հաղթահարելու ֆիզիկական ու հոգեբանական արգելքները և սեփական փորձով համոզվելու՝ զինվորական դառնալու չափազանց բարդ ու պատասխանատու ուղին կարող են պատվով անցնել:

Կուրսանտները չեն թաքցնում՝ մարզումներն իսկապես դժվար են, մեծ կամք, ուժ, կենտրոնացում ու միասնական ջանքեր են պահանջվում փորձությունները հաղթահարելու համար: Բայց նաև հաստատակամ ու միակարծիք են, որ  զինվորական դառնալու մեկնարկային փուլը կանցնեն առանց տրտնջալու, առանց  հիասթափվելու, կանցնեն զինվորականին վայել, ասել է թե՝ պատվով:

-Դժվարություններ միշտ էլ կլինեն: Չպետք է ընկճվենք: Հայրենիքիս արժանի սպա ու լավ հրամանատար դառնալու ճանապարհը երկար և ոչ դյուրին: Կանցնենք: Օր օրի զգում եմ առաջընթացը, պետք է ավելի կատարելագործվենք ու հմտանանք մեր գործողություններում,- վստահեցնում է կուրսանտ Արեն Ղարաբեկյանը:

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ՝ ԼԵՌՆԵՐՈՒՄԱրենի ու ճամբարային հավաքի շատ մասնակիցների, այդ թվում նաև ռազմական համալսարան ընդունված աղջիկ կուրսանտների համար այս փորձություններն այնքան էլ նոր ու բարդ չեն։ Նրանցից մի քանիսը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն են ավարտել, որոշներն էլ պաշտպանական գերատեսչության ընձեռած հնարավորությունից են օգտվել՝ ժամկետային ծառայության ընթացքը փոխարինել են  ռազմական համալսարանում սովորելու և ծառայությունը որպես սպա շարունակելու տարբերակով, ինչպես կրտսեր սերժանտ Վահագն  Մաթևոսյանը, որ վեց ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո որոշել է, որ զինվորական գործը հենց իր համար է։

-Դասերն ու պարապմունքներն անցնում են բավականին  հետաքրքիր։ Ես ինքս ուսումնական զորամասում մի քանի ամիս ծառայելուց հետո հասկացա, որ զինվորական առօրյան իմն է, ուստի որոշեցի դառնալ սպա, ինչի համար շատ ուրախ ու հպարտ եմ։ Մասնագիտական կողմնորոշման հարցում երկար եմ մտորել։ Սզկբից տատանվում էի՝ ծրագրավորում, լոգիստիկա, թե նման մի այլ ուղղություն: Հետո հասկացա, որ չկա ավելի կարևոր աշխատանք ու առաքելություն, քան Հայրենիքի պաշտպան դառնալը։ Եվ ունեմ հստակ նպատակը՝ դառնալ լավ հրամանատար, հայրենանվեր, խիզախ, եւ անելու եմ ամեն ինչ իմ երկրի արժանի զավակը լինելու համար,- սրտաբուխ անկեղծությամբ հավաստիացրեց  Վահագնը:

Կուրսանտները շուտով կամփոփեն երիտասարդ մարտիկի դասընթացը եւ ռազմագիտության հմտությունների որոշակի պաշարով կվերադառնան համալսարան։ Հայրենիքի ապագա պաշտպանների ուսումնական տարին կմեկնարկի զինվորական երդումով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1445) 17.08.2022 - 23.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/08/2022