Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՄՔԸ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԱԾ



ԿԱՄՔԸ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԱԾԱռաջնագիծ տանող ճանապարհներին հովվատեղիներ են, եւ բարձրաբերձ սարերի փեշերին հոտ ու նախիր արածեցնող գյուղացու ջերմ ողջույնն այն պարզ ճշմարտության արտացոլանքն է, որ այստեղ՝ Հայրենիքի սահմանին, դիրքապահն ու գյուղացին մեկը մյուսով են ապրում, կամքը վճռականություն դարձրած՝ ամենքն իր բաժին խաղաղությունն է վաստակում։ Այստեղ վաղուց համոզվել են՝ խաղաղությունը երբեք հարատև չի լինում, խաղաղությունն ամեն օրվա վաստակ է։

Մեզ դեպի առաջնագիծ գումարտակի հրամանատարի տեղակալն է ուղեկցում։ Արտյոմը մարտական մկրտությունը դեռ 2016-ին է ստացել՝ քառօրյա մարտական գործողությունների օրերին, հետո խնդիր է կատարել հուլիսյան մարտերի օրերին, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ին արդեն հրետանային զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Մաթևոսյանն իր անձնակազմով շտապել է օգնության Քարվաճառի պաշտպանության համար կռվող ծառայակիցներին։ Վիրավորումից եւ ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է Քարվաճառ ու մնացել մինչև պատերազմի վերջին օրը։

Ինքը գլխով անցածն է պատմում, իսկ ես շտապում եմ հարցնել՝ ինչպե՞ս հաջողվեց ողջ մնալ։ Արտյոմը ծոցագրպանից մետաղական խաչ է դուրս բերում ու հարցիս հարցով պատասխանում. «Գիտե՞ք՝ ինչ զորություն ունի հավատը»։ Եվ ինքը հավատում է մեծ զորավարի պատգամին՝ խաղաղություն լինելու է միայն մեր հաղթանակով։

ԿԱՄՔԸ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԱԾ«Ես և ինձ նման շատ տղաներ, ովքեր անցել են պատերազմի գեհենով, պատահական չէ, որ ողջ են մնացել»,- ասում է երիտասարդ հրամանատարը:

Արտյոմը հավատում է նաև, որ կրտսեր որդին, որին Արաբո է կոչել, նույն նախախնամությամբ է, որ հենց 2020-ին է լույս աշխարհ եկել։ Մայոր Մաթևոսյանը հինգ զավակների հայր է. ավագ որդուն Տիգրան են կոչել՝ ի պատիվ Տիգրան Մեծի, մյուսին Դավիթ՝ Դավիթ Բեկի անունով, կրտսերը Վարդան Մամիկոնյանի անունն է կրում, հետո դուստրն է ծնվել, հաղթանակների հավատով՝ Վիկտորյա են կոչել։ Գոհ ժպտում է՝ «Հենց այս հերոսախմբով էլ պատրաստ ենք մարտի…»։

***

Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ահարոն Գևորգյանը մի ամբողջ կյանք է անցկացրել առաջնագծում։ Զինվորական ԿԱՄՔԸ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԱԾմասնագիտություն է ընտրել, որովհետև ծնողների երազանքն էր իրեն համազգեստով տեսնելը: Դեռ վաղ տարիքից են հայրն ու մայրն իրեն հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակել, հետո տարիների ընթացքում պատասխանատվությունների շղթան մեծացել է՝ ընտանիք, զավակներ… Ու համոզվել է՝ բոլոր թանկ ու կարևոր արժեքներն էլ ավելի իմաստավորվում են այստեղ՝ խրամատում։

Հրամանատարը վստահեցնում է՝ պետական սահմանի իրենց վստահված հատվածն ապահով ու հուսալի ձեռքերում է։

Տղերքն իրենց բաժին խաղաղությունն իրենց իսկ կյանքով են վաստակում, իրենց ապրած ամեն օրով, դիրքերից ցած սարվորն իր օրվա ապրուստն է վաստակում՝ աչքը իրիկնացող օրվա ստվերներում լողացող լեռներին, ուր տղերքն են, ուր վաղվա օրվա հույսն է, իսկ լեռներից էլ ավելի բարձր արծիվներն են ճախրում…

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #23 (1445) 17.08.2022 - 23.08.2022, Ազգային բանակ


18/08/2022