Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Ռուսաստանի տարածքում 2023 թ. տեղի կունենան Շանհայի համագործակցության կազմակերպության «Հաշտության առաքելություն» հակաահաբեկչական վարժանքները:

«Ռուսաստանը հանձնառու է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը և պահպանում է դիվանագիտական կապուղիները, սակայն դիվանագիտությունը այժմ ոչ պատշաճ մակարդակի վրա է»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Ռուսական պարենն ու պարարտանյութերը պետք է դուրս գան համաշխարհային շուկա»:

Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում: Երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Նուրիդդին Ազիզին հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ը ժամանակին Աֆղանստանում իրականացրել Է ավելի քան 140 խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ուստի Ռուսաստանը լավ է կողմնորոշվում Աֆղանստանի շուկայում:

Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկին հանդես է եկել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարն անհապաղ գործարկելու օգտին: «Հյուսիսային հոսք-2»-ը տարեկան 55 մլրդ խորանարդ մետր թողունակությամբ գազատար է՝ Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: Գազատարի կառուցումն ավարտվել է 2021 թվականին, սակայն, ի պատասխան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն Ուկրաինայում, արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների շրջանակում Գերմանիան դադարեցրել է արդեն շահագործման պատրաստ «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը:

Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ քննարկելու ուկրաինական զինված ուժերի կողմից ռուսական զորքերի վերահսկողության տակ անցած ատոմակայանի պարբերաբար հրետակոծության արդյունքում անվտանգությանը սպառնացող վտանգները:

Չինաստանը մարտ-հուլիս ամիսներին ՌԴ-ից ներմուծել Է 35 մլրդ դոլարի էներգապաշարներ:

Էստոնիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր և նրանց անցագրեր տալը՝ որոշ բացառություններով:

Վլադիմիր Պուտին. «Արևմուտքը ձգտում Է ՆԱՏՕ-ին համանման մոդել տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

«Ռուսաստանն Աֆղանստանում իրավիճակի լարման ֆոնին բարձրացնում է Տաջիկստանի և Ղրղըզստանի իր ռազմակայանների մարտական պատրաստականության աստիճանը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել կանխել նոր ռազմական գործողությունների սկիզբը Սիրիայի հյուսիսում՝ կարևորելով Դամասկոսի և Անկարայի երկխոսությունը։ Նա նաև Իսրայելից պահանջել է դադարեցնել հարվածները Սիրիայի տարածքին։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի կողմից ռուս զինվորականների դեմ թունավոր նյութերի կիրառման մասին. հուլիսի 31-ին Զապորոժիեի շրջանի Վասիլևկա բնակավայրի տարածքում առաջադրանքներ կատարած ռուս զինծառայողները ծանր թունավորման նախանշաններով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Նրանց օրգանիզմում հայտնաբերվել է բոտուլոտոքսին թունավոր նյութ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում երեք անգամ կիրառել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռ հատկապես կարևոր թիրախներին հարվածելու համար. արդյունքները գերազանց են:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեմ է արտահայտվել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Եվրոպա արգելելու՝ որոշ անդամ երկրների առաջարկին։

 

Իրան

 

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցություններին մասնակցող երկրների մեծամասնությունը համաձայն է գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկին: Այն ներառում է չորս փուլ, որոնցից յուրաքանչյուրը կտևի 60 օր։ Համաձայնագրի նախագիծը նախատեսում է 17 իրանական բանկերի և 150 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկում՝ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո։ Բացի այդ, Իրանին սառեցված 7 մլրդ դոլար կվերադարձվի։ Եվրամիությունը զիջումների կգնա նաև ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած չպարզաբանված ծագումով միջուկային նյութի շուրջ հետաքննության մասով:

Այս և մի շարք այլ առաջարկներին Իրանի պատասխանը Եվրամիությունում խելամիտ են գնահատել: Իրանը ներկայացրել է նաև իր զիջումների ծրագիրը՝ հրաժարվելով մի շարք առանցքային պահանջներից: Մասնավորապես՝ Իրանը չի պահանջել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հանել Պետքարտուղարության օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

«Բանակ-2022» համաժողովում Իրանը ներկայացրել Է ՀՕՊ համակարգեր, որոնք ունակ են ոչնչացնելու մինչև 200 կիլոմետր հեռավորությամբ, 27 կիլոմետր բարձրության վրա թռչող անօդաչուների:

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել տարանցիկ փոխադրումների դյուրացման մասին։ Ներկայումս Իրանից Ռուսաստան ապրանքների տարանցման հիմնական ցամաքային ուղին անցնում է Ադրբեջանի տարածքով։

 

Թուրքիա

 

Շվեդիան և Ֆինլանդիան մինչ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները: ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում – ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Կիևում «Ղրիմի պլատֆորմի» առցանց գագաթաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ասել է, որ ըստ միջազգային իրավունքի՝ Ղրիմի թերակղզին անհրաժեշտ է վերադարձնել Ուկրաինային։

ԱՄՆ-ը թուրքական ձեռնարկություններին նախազգուշացրել է՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների և անհատների հետ չաշխատել։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի գնահատմամբ՝ Արևմուտքում կան երկրներ, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունն են ուզում։

«Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պետության ղեկավարի պաշտոնից տապալելու նպատակ չունի»,- վստահեցրել է Թուրքիայի առաջնորդ Էրդողանը՝ հավելելով, որ Սիրիայում իրենց գործողությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համակարգմամբ, ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին՝ Եփրատի արևելյան և արևմտյան հատվածներից մինչև Միջերկրական ծով:

Թուրքիան և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Առաջիկայում վերականգնման հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի, որը թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմներ, ինչպես նաև համագործակցության հստակ նախագծեր կմշակի։

 

Ադրբեջան

 

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Արցախից գրավված տարածքների գլխավոր հատակագիծը և մինչև 2040 թ. Ակնա քաղաքի զարգացման գլխավոր հատակագիծը հաստատելու որոշում է ստորագրել:

Իրանի ԶՈւ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի, Վարանդայի և Մարտունիի շրջաններ։

Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաքվի «Էքսպո» կենտրոնում կանցկացվի «ADEX» 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որին կմասնակցի ավելի քան 200 ընկերություն 26 երկրներից, որոնց թվում՝ Բելառուսը, Իրանը, Իսրայելը, Ղազախստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Թուրքիան և այլն:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալի հրապարակած տվյալների համաձայն՝ Արցախի գրավյալ տարածքներում կառուցվել են զորամասերի 19 նոր համալիրներ, ստեղծվել են 110 սահմանային մարտական կետեր, Իրանի հետ պետական սահմանին սկսել են գործել 14 սահմանապահ ուղեկալներ։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ցեղասպանության Կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի համար` նշելով, որ դատապարտում են շարունակվող ատելության խոսքը, սպառնալիքները և վայրագությունները հայ ժողովրդի և մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում և նրա սահմաններից դուրս:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (1446) 24.08.2022 - 30.08.2022, Տարածաշրջան


26/08/2022