Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ՏԱՔ ՇՈՒՆՉ Է ՊԵՏՔ, ՈՐ ՀՈԳԻՆ ԹՐԹՌԱ»



«...ՏԱՔ ՇՈՒՆՉ Է ՊԵՏՔ, ՈՐ ՀՈԳԻՆ ԹՐԹՌԱ»Նկարչուհի, խեցեգործուհի Լուսինե Մելիքյանի «Նամակ զինվորին» վերտառությամբ կտավը հուզեց ինձ: Նկարում պատկերված է գետնատնակ, որտեղ աթոռից խնամքով կախված է  զինվորական համազգեստ, կողքին՝ զինվորական կոշիկներ, ավտոմատ, աթոռի վրա շոկոլադի տուփ կա, նամակ, աղջկա լուսանկար, իսկ զինվորը… չկա: Ես փնտրեցի, գտա կտավի հեղինակին, որ իմանամ, թե որտեղ է զինվորը…

-Ես այս կտավը նկարել եմ 44-օրյա պատերազմի օրերին: Եվ ուզում եմ, որ ամեն ոք ինքը փնտրի ու գտնի զինվորին: Գուցե մեկը ասի, որ զինվորը վերադարձել է հաղթական ճակատամարտից ու հանգստանում  է կողքի սենյակում: Մեկ ուրիշը համարի, որ զինվորը քնելուց առաջ դուրս է եկել գետնատնակից՝ համոզվելու, որ սահմանին ամեն ինչ խաղաղ է, ու դարանակալ թշնամին չի սպառնում իր ընկերներին…

-Գուցե սա անհատական ընկալում է, բայց նկարը ներքին դրամատիզմ ունի, ինչ-որ տագնապ կա, որ փոխանցվում է քեզ:

Ասես՝ ժամանակը կանգ է առել:

-Այդ զգացողությունը բնական է, որովհետև դա հենց այն է, ինչ ես զգացել եմ կտավը ստեղծելիս: Զինվորը չկա: Նրան հիշեցնող ամեն ինչ կա՝ զինվորական համազգեստը, սիրած աղջկա գրած նամակը, շոկոլադի չբացված տուփը, իսկ զինվորը… չկա: Ես ցանկացել եմ ցույց տալ պատերազմի դաժան ու անհեթեթ դեմքը: Մարդն ամենակարևորն է Աստվածային արարչագործության մեջ: Եթե մարդը չկա, ամեն ինչ դառնում է ողբերգականորեն անիմաստ: Այս կտավը իմ հոգու ճիչն էր պատերազմի օրերին, իմ ցավի արտահայտությունը:

-Ամբողջ դրամատիզմով հանդերձ՝ կտավում պարտության շունչ չկա:

-Նույնիսկ ցավը պիտի ներշնչանք ունենա, որ արվեստ ծնվի: Բացակա զինվորը հաղթած զինվոր է: Աթոռին դրված նամակը վկայում է, որ թիկունքը զինվորի կողքին է, որ երկիրն ու առաջնագիծը միասնական են:

-Ի՞նչ ճրագ է վառվում սեղանի վրա:

-Ճրագը մեր մշտավառ, մեր չմարող հույսն է… Ճրագն ասում է, որ զինվորի կռիվը սեփական հողի համար, մեր անհատնում ու թանկ կորուստները իզուր չեն լինելու: Ճրագը մեր գալիք հաղթանակների խորհրդանիշն է: Աշխարհը, մարդուն չարից-խավարից փրկելու մեր կամքը:

-Ի՞նչպես պետք է մարդուն փրկել չարից: Ո՞վ պետք է փրկի:

«...ՏԱՔ ՇՈՒՆՉ Է ՊԵՏՔ, ՈՐ ՀՈԳԻՆ ԹՐԹՌԱ»-Ես 10-ից մինչև 17 տարեկան հասակում կրթվել եմ նկարիչ Սամվել Սևադայի նկարչական դպրոցում, և մենք նկարել սովորելուց առաջ սովորում էինք մարդկային հարաբերությունների բարոյականության, առաքինությունների գրված ու չգրված օրենքները: Որովհետև արվեստը ծնվում է հոգուց, և արվեստ ծնող հոգին պիտի շատ գեղեցիկ լինի: Արվեստն ասելիք է, ու միայն հարուստ, ազնիվ, բարձր միտքը կարող է վեհ գաղափարները արծարծել ու պատկերել: Մեզ սովորեցնում էին նկատել մանրուքները, որոնցում ամենանուրբ հարաբերությունները, ամենագեղեցիկ հույզերն էին թաքնված: Հայրենասիրությունը նույնպես շատ ուրույն ձևակերպում ուներ Սամվել Սևադայի արվեստանոցում: Չլքել հայրենիքը չի նշանակում սոսկ ապրել հայրենիքում ու նրա կողքին լինել ֆիզիկապես: Չլքել հայրենիքը նշանակում է չլքել հոգով, գործով, ապրել հանուն հայրենիքի, պայքարել նրա զորության համար, պաշտպանել այն: Իսկ հայրենիքը առաջին հերթին քո կողքին ապրող մարդն է: Ազգային միասնությունը, որն այդքան կարևորում  և որին այդքան մեծ զորություն ենք վերագրում, սկսվում է կողքի մարդու հանդեպ սիրուց ու կարեկցանքից, նրա համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունից, նրան օգնելու կամքից:

-Իմ ընկալմամբ՝ խեցեգործությունը տղամարդկային մասնագիտություն է, ինչո՞վ Ձեզ այն հրապուրեց:

-Պետք է չհամաձայնեմ Ձեզ, խեցեգործությունը ենթադրում է շատ նուրբ դետալներ, որի համար հենց կանացի մատներ են պետք: Կա տարածված կարծիք, թե խեցեգործությունը կիրառական արվեստ է, բայց դա թյուր կարծիք է: Կենցաղային պարագաներից զատ, խեցեգործությունը իր երկրպագուներին կարող է նվիրել ամենագեղեցիկ արվեստի գործերը: Կավի վրա նկարել են նույնիսկ Դալին ու Պիկասոն:

-Դուք դասավանդում եք Սամվել Սևադայի դպրոցում, որտեղ արել եք Ձեր առաջին քայլերը նկարչության բնագավառում: Փոխվե՞լ է սերունդը, փոխվե՞լ են դասավանդման մեթոդները:

-Ես վստահ եմ, որ  մասնագիտական գիտելիքներ տալուց առաջ երեխայի հոգին պիտի նախապատրաստես արվեստ ընկալելուն ու արարելուն: Սա փորձված ու իրեն արդարացրած մեթոդ է: Ինչ վերաբերում է նոր սերնդին, նրանք շատ խելացի են, զարգացած, առաջադեմ  ու ինքնուրույն:

-Նաև ավելի պրագմատիկ ու հաշվենկատ:

-Աստծո արարած հոգին միշտ սիրո, գթասրտության, ջերմության կարիք է ունենալու: Քանի դար էլ անցնի, ինչ էլ փոխվի աշխարհում, հոգին ձգտելու է Լույսի: Պարզապես մի փոքրիկ տաք շունչ է պետք, որ հոգին թրթռա, ապրի, զգա… Ես՝ որպես արվեստի ուսուցիչ,  ձգտում եմ հենց այդ տաք շունչը լինել:

-Եթե Դուք մի նոր կտավ նկարեք, այս անգամ «Նամակ ապագա զինվորին» վերնագրով, ի՞նչ կպատկերեք կտավին:

-Ես կտավը կլցնեմ հաղթանակի ցնծությամբ, զինվորի ուժով ու հայրենասիրությամբ: …Եվ հաղթած զինվորը չի բացակայի կտավից:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1446) 24.08.2022 - 30.08.2022, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


26/08/2022