Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր տարի «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվում է զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Հինգերորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Օգոստոսի 15-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր խոսքում նշեց. «Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀաջորդ օրն սկսվեց մրցութային ծրագիրը: «Խաղաղության մարտիկ-2022» մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մասնակիցներին նախապես ծանոթացրին մրցափուլերի անցկացման տեղանքին և առանձնահատկություններին: Մրցումներն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Թիմերի միջև լուրջ մրցակցություն ծավալվեց: Նրանք ուժերը չափեցին ռազմամարզական «Աթլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամասնագիտական «Ռազմիկ», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին» մրցաձևերում:

Առաջին օրը ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվեց ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը՝ երկու փուլով: Սկզբում մասնակիցներն ուժերը չափեցին վազք 100 մետր, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ վարժաձևերում: Հաջորդ օրը հավաքական թիմերի անդամները ձգումներ կատարեցին պտտաձողի վրա, ապա հաղթահարեցին սահմանված չափորոշիչներով կահավորված արգելագոտին: Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Բելառուսի թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանն էր: Ռուսաստանի զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը: Կանանց անհատական հաշվարկում ՀՀ զինված ուժերի թիմից կապիտան Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում երկրորդն էր:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցները մրցում էին ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում էր նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող թեմաների, պատմության իմացությունը: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով: Յուրաքանչյուր թեստում եղել է 80 հարց` Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի, աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն էր, երրորդը Ղազախստանն էր:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԹիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվեց ռազմամասնագիտական «Ռատնիկ» մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարեցին տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն՝ վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը: Բոլոր թիմերը ցուցադրեցին պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցեց Ղազախստանի թիմը: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի առավ մրցագոտու հաղթահարման ժամանակը և ճշգրտությունը:

Օգոստոսի 21-ին անցկացվեց «Ռազմիկ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրին պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Մրցափուլում առավել հաջող հանդես եկավ Ղազախստանի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու ամենաքիչ տուգանային միավորները: Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմի զինծառայողները համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցրել:

Օգոստոսի 22-ին անցկացվեց «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները երեք դիրքից ինքնաձիգով խոցեցին 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել էր տասական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ էին Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Ղազախստանի, երրորդը՝ Բելառուսի թիմի զինծառայողները:

«Ռազմիկ» մրցաձևի երեք՝ «Ռազմակիրառական համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում», «Դիպուկահար» մրցափուլերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ մրցաձևում հաղթող ճանաչվեց Ղազախստանի թիմը:

Օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվեց գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը, այս տարի՝ ոչ մրցութային ձևաչափով: Հավաքական թիմերի ներկայացուցիչները հանդես եկան ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Նաև մշակույթի գործիչներով համալրված ժյուրին որոշեց տվյալ մրցափուլի հաղթողին՝ առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն էր:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՈրպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, մասնակիցները նաև բացազատեցին ազգային տաղավարներ, որտեղ ներկայացրին մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: «Բարեկամության տուն» խորհրդանշական անունը կրող միջոցառումը վերածվեց տարբեր թիմերի մասնակիցների համախմբման, ընկերանալու իրական հարթակի:

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր ելույթում նշեց.

«Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Պատրաստության և մասնագիտական վարպետության բարձր մակարդակ ունեցող բելառուսական և ռուսական հավաքականներին այս տարի երևի թե մի փոքր բախտը չժպտաց: Իսկ Ղազախստանի հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՎստահ ենք՝ մասնակիցները Հայաստանից հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով ու զգացումներով: Ռազմամարզական միջոցառումները նրանց համար կդառնան ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ»:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցաձևերն ավարտված են: Բոլոր արդյունքներն ամփոփելուց հետո մրցավարական հանձնաժողովը ներկայացրեց ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերին, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները:

Անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը ՌԴ թիմից եֆրեյտոր Մարինա Գովորն է: Երկրորդ տեղում Ղազախստանի մասնակիցն է՝ շարքային Նազիրա Ալբոնիսովան, ՀՀ զինված ուժերի թիմից կապիտան Արմինե Գրիգորյանը երրորդն է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Բելառուսի թիմից սերժանտ Իլյա Պուտատոն: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ղազախստանցի ավագ սերժանտներ Դարխան Ասլանն ու Տուրար Տիլեգենովը:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2022» մրցույթում հաղթող է ճանաչվել Ղազախստանի զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ:

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1446) 24.08.2022 - 30.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/08/2022