Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՐՄԱՐ ՊԱՀ» ՉԻ ԼԻՆԵԼՈՒ



* Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը չի վստահում հրամանատարներին:
* Հայոց բանակը համալրվել է աննախադեպ մեծ քանակի սպառազինությամբ:
* Ի՞նչ է նշանակում մարշալ Շապոշնիկովի հայտարարության կրկնությունը:

Կարգապահության ճգնաժամ` բանակում


Բայց պատերազմի անհապաղ վերսկսում ցանկանալու կարիք բոլորովին չկա, քանի որ Ադրբեջանի «անընդմեջ ուժեղանալու» մասին Ահմեդօղլուի ասածն առասպել է: Ճիշտ է, վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն անընդհատ մեծանում է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նույն քայլերով եւ անընդհատ բարձրանում է նաեւ ադրբեջանական բանակի մարտունակությունը: Նույնիսկ՝ ընդհակառակը, ընկնում է: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել անցյալ տարեվերջին եւ այս տարվա սկզբին Ադրբեջանի ԶՈՒ կատարված արտակարգ պատահարների ավելացումը: Ահա դրանցից մի քանիսը:
Դեկտեմբերի 25. հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Անար Բալակիշիեւը: Մահվան պատճառը լրատվամիջոցներին հայտնի չէ («apa.az»):
Դեկտեմբերի 28. «Մերսեդես» մակնիշի մեքենայի վթարի հետեւանքով մահացել է պայմանագրային զինծառայող ենթասպա Էվեզ Հասիմովը, ով եղել է մեքենայի ղեկին: Վթարի պատճառն ու հանգամանքները լրատվամիջոցներին հայտնի չեն («apa.az»):
Դեկտեմբերի 29. ականի պայթյունից զոհվել եւ վիրավորվել է ադրբեջանցի մեկական զինծառայող` համապատասխանաբար Ամիդ Սեյֆուլաեւը եւ Սախայիլ Յունուսովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդել («apa.az»):
Հունվարի 4. Աստարինի շրջանում սահմանապահ զորքերի զինծառայող Նիյազ Իստրաֆիլովը իրեն ամրակցված զենքով գնդակահարել է իր ծառայակից Իդրիսա Իսմայլովին: Պատճառը հայտնի չէ («apa.az»):
Հունվարի 5. զինվորական հոսպիտալում մահացել է 3 ամիս առաջ զորակոչված Թուրալ Իբրահիմովը: Մահվան պատճառը լրատվամիջոցներին հայտնի չէ («apa.az»):
Հունվարի 6. հրազենային ծանր վնասվածք է ստացել զինծառայող Ուլվին Հուսեյնովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կատարվածի համար, ինչպես միշտ, մեղադրում է հայկական կողմին («novosti.az»):
Եթե ադրբեջանական բանակում կարգապահական խախտումները սպառնալի չափերի հասած չլինեին, ապա հազիվ թե այդ երկրի զինվորական ղեկավարությունը քննարկեր իրավապահ նոր կառույց` ռազմական տեսչություն ստեղծելու հարցը: Ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի կարծիքով, գոյություն ունեցող կառույցները` զինվորական դատախազությունը եւ մյուսները, լիովին բավարար են զինվորական հանցագործությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար: Բայց զորամասերի հրամանատարների նկատմամբ վստահությունը կորել է, քանի որ նրանք չեն կարողանում կարգապահություն ապահովել իրենց ենթակա ստորաբաժանումներում («novosti.az», 29.12.2010):
Եվ պատահական չէ, որ հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով, ադրբեջանական հասարակության մեջ բանակի հեղինակությունը ցածր է: «Խաղաղ պայմաններում կորուստներ կրող բանակի նկատմամբ վստահությունը չի կարող բարձր լինել»,- ասել է նա («Ազադլիգ», 29.12.2010):

Հայկական բանակը հետ չի մնում

Եթե Ադրբեջանը սպասելու է հարձակման համար «հարմար պահի», երբ իր ԶՈՒ բազմակի հզոր են լինելու հայկական բանակից, ապա այդպիսի պահ երբեք չի գա, որովհետեւ Հայաստանն ու ԼՂՀ-ն միշտ պահելու են հավասարակշռությունը: Ցանկացած գնով:
Անցյալ տարի ՀՀ ԶՈՒ եւ ԼՂՀ պաշտպանության բանակը համալրվեցին աննախադեպ քանակի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարի եւ թե՛ ՊԲ հրամանատարի խոսքերով, այդ գործընթացը ավելի մեծ չափով ու ծավալով շարունակվելու է նաեւ այս եւ հետագա տարիներին: Սրա վրա ուշադրություն են դարձնում նաեւ Թուրքիայում. «Զաման» թերթը գրում է, որ «վերլուծական տարբեր կենտրոնների հետազոտությունների համաձայն` հայկական բանակը կովկասյան երեք բանակներից ամենահզորն է: Ավելին` Հայաստանը ձեռք բերածով չի բավարարվում եւ ծրագրում է նոր քայլեր: Մասնավորապես, վերջերս հաստատվել է բանակի սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման հնգամյա ծրագիրը» («regnum.ru», 20.12.2010):
«Այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում, մտահոգիչ է, բայց մենք նույնպես արդիականացնում ենք մեր բանակը»,- անցյալ տարեվերջին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: «Ես սպասում եմ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսմանը, եւ ԼՂՀ պաշտպանության բանակի 2010թ. կարգախոսներից մեկը եղել է պատերազմին մշտապես պատրաստ լինելը»,- ասել է նա («regnum.ru», 28.12.2010): Հենց սա է, որ հիասթափեցրել է Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության պարագլուխներին, քանի որ ջուրն է ընկել երկար տարիների նրանց աշխատանքը:
Այս տարի Ադրբեջանի սադրանքներն առաջին գծում չեն բացառվում. այդ է վկայում անցյալ տարի արձանագրված միտումը: Գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանի խոսքով, 2010թ. զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 53%-ով: Աննախադեպ է եղել հատկապես թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվությունը. արձանագրվել է դրանց թափանցման 30 դեպք, որոնք բոլորը, բացի մեկից, խափանվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է 41 եւ վիրավորվել թշնամու 28 զինծառայող: Դիվերսիոն գործողություններից եւ նշանառուների կրակից պաշտպանության բանակի կորուստները կազմել են 7 զոհ եւ 8 վիրավոր («regnum.ru», 28.12.2010):

Զգուշացո՞ւմ Ադրբեջանին

Հունվարի 7-ին ուշագրավ հայտարարություն է արել ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը: Նա ասել է, որ ադրբեջանա-հայկական հակամարտությունը «ակտիվ փուլում կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»: Փորձագետի խոսքով, բավական է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությանը միջամտի ՆԱՏՕ-ն (Թուրքիան), իսկ Հայաստանի կողմից` Ռուսաստանը, եւ «երրորդ համաշխարհայինը կսկսվի»: «Ռուսաստանը հակամարտությանը կմիջամտի միայն այն դեպքում, եթե դրան միջամտի Թուրքիան»,- ասել է Ա.Ցիգանոկը («day.az», 07.01.2011):
Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ռուս մարշալ Շապոշնիկովի 1992թ. ասածի փաստացի կրկնությունն է: Այն ժամանակ մարշալի հայտարարություն-զգուշացումը հասցեագրված էր Թուրքիային, որը Հայաստանի սահմանի մոտ զորք էր կենտրոնացրել: Արդյո՞ք Ցիգանոկի հայտարարությունը նույնպես զգուշացում է:
Ա.Ցիգանոկը կադրային զինվորական է, պաշտոնաթող գնդապետ, ռազմական հետախույզ, ծառայել է 1963-1993թթ.: 1980-84թթ. եղել է Հեռավորարեւելյան ռազմական օկրուգի դիվիզիայի շտաբի պետի տեղակալ: 1988թ. ավարտել է Մ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացը: Եղել է ՌԴ նախագահ Բ.Ելցինի քաղաքական շրջապատից, մասնակցել քաղաքական գործընթացների, 1992թ. եղել ՌԴ պաշտպանության նախարարության, նավատորմի ստեղծման պետական հանձնաժողովի քարտուղար: Ռազմական գիտությունների թեկնածու է, ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ավելի քան 500 տպագիր աշխատությունների հեղինակ: 2005 թվականից ռազմական կանխատեսման անկախ կենտրոնի ղեկավար է, 2007թ.-ից դասախոսում է Մոսկվայի պետհամալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետում, դոցենտ է (http://www.tsiganok.ru/about/):
Ինչպես տեսնում ենք, Ցիգանոկը բավականին ազդեցիկ մարդ է, թեպետ ոչ մարշալ Շապոշնիկովի չափ, հայտարարությունն էլ արված է ադրբեջանական հայտնի լրատվական կայքի համար, ուստի նրա ասածը կարելի է համարել «ոչ պաշտոնական» զգուշացում նախեւառաջ Ադրբեջանին:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Ռազմաքաղաքական


21/01/2011